08.11.2012 17:22

Խոշոր հարկատուների համար նոր ՀԴՄ-ների ներդրման ժամկետը երկարաձգվեց

Խոշոր հարկատուների համար նոր ՀԴՄ-ների ներդրման ժամկետը երկարաձգվեց

Խոշոր հարկատուները նոր հսկիչ-դրամարկղային մեքենաները կարող են ներդնել մինչև 2013 թվականի հունիսի 1-ը: iLur.am-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր կառավարությունում ճեպազրույցի ժամանակ հայտնեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Միրումյանը:

«Նոր տեխնիկական չափանիշներով հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրումը գործող օրենքով պարտադիր է 2013 թվականի հունվարի 1-ից, սակայն որպեսզի գործընթացն ավելի սահուն կազմակերպվի, և մեր տնտեսվարող սուբյեկտները ժամանակային առումով խնդիրներ չունենան՝ հսկիչ-դրամարկղային մեքենաները ձեռք բերելու և ներդնելու հետ կապված, ժամկետը երկարացվեց»,- ասաց Միրումյանը՝ ընդգծելով, որ այս փոփոխությունը զուտ ժամանակային գործոնով է պայմանավորված:

Ըստ նրա՝ փոփոխությունը վերաբերելու է նախորդ տարվա արդյունքներով 500 միլիոն դրամ և ավելի իրացման հասույթ ունեցող տնտեսվարող սուբյեկտներին, իսկ ավելի փոքր իրացման շրջանառության ծավալներ ունեցողները դրանք կտեղադրեն մինչև 2015 թվականի հունվարի 1-ը:

Հիշեցնենք, որ կառավարության նախորդ որոշման համաձայն՝ խոշոր հարկատուներն արդեն 2013 թվականի սկզբին պետք է իրենց աշխատանքները կազմակերպեին նոր՝ ցանցային հսկիչ-դրամարկղերով: