21.06.2014 13:45

Վլադիմիր Կարապետյան. Աստանայի դասերը

Վլադիմիր Կարապետյան. Աստանայի դասերը

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը մի կարևոր հայտարարություն է արել՝ կապված Հայաստանի` Մաքսային միությանը (ՄՄ) կամ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) միանալու ճանապարհին առաջացած խոչընդոտների հետ:

Կրկնելով իր այն պնդումը, որ Հայաստանն առանց ԼՂՀ-ի պետք է անդամակցի Մաքսային միությանը՝ Սերժ Սարգսյանը հաստատել է, որ «Հայաստանը անդամակցելու է ՄՄ-ին իր իսկ ճանաչված սահմաններով, «այնպես, ինչպես ՀՀ-ն այս 20-23 տարիների ընթացքում անդամակցել է մնացած բոլոր միջազգային կազմակերպություններին»:

Պարզաբանենք Ս. Սարգսյանի խոսքերը. Հայաստանը բազմաթիվ կազմակեպությունների անդամ է, և ԼՂ հիմնահարցը երբեք անդամակցության որևէ գործընթացի խոչընդոտ չի հանդիսացել: Զավեշտալի է, որ ռազմական դաշինք հանդիսացող ՀԱՊԿ-ում մեր տասնյակ  տարիների դաշնակիցներն են բարձրացնում ԼՂ հակամարտության կարգավորման խնդիրը՝ որպես ԵՏՄ անդամակցության գրեթե նախապայման և հենց այդ պատրվակով էլ արհամարհում Սերժ Սարգսյանի խնդրանքը՝ անդամակցության հարցն ավարտել մինչև հունիսի 15-ը:

Այնուամենայնիվ, հասարակությունը պետք է առանձնահատուկ աչալուրջ լինի, որպեսզի համոզվի, որ ԵՏՄ-ին Հայայստանի անդամակցության գործընթացում Հայաստանի և ԼՂ սահմանը լինի այնպիսի վիճակում, ինչպիսին այն կար/կա  այլ միջազգային կազմակերպությունների Հայաստանի անդամակցության ժամանակ: Այս հարցում կոմպրոմիս չի կարող լինել:

Ցանկանում են նաև անդրադառնալ մեկ այլ դրվագի: Ըստ Սերժ Սարգսյանի՝ Հայաստանի 10 հոգանոց պատվիրակությունը քաջատեղյակ էր Ալիևի նամակից: Այս խնդիրը բազմաթիվ հարցեր է առաջ բերում, մասնավորապես.

-Արդյո՞ք մեր պատվիրակության համար անակնկալ էր Ն. Նազարբաևի մեջբերումը Ալիևի նամակից:

-Արդյո՞ք Հայաստանի 10 հոգանոց պատվիրակության համար դժվար էր հաշվարկել, որ Նազարբաևը անդրադառնալու է ԼՂ խնդրին՝ հաշվի առնելով այն, որ անցած տարվա դեկտեմբերին նա արդեն Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը հրապարակավ պայմանավորել էր ԼՂ հիմնահարցով:

-Ինչո՞ւ չձեռնարկվեցին կանխարգելիչ դիվանագիտական քայլեր`ապահովելու Հայաստանը հրապարակային նվաստացումից միլիոնավոր հեռուստադիտողների առջև:

-Ինչո՞ւ նախապես չէր պատրաստվել համապատասխան արձագանք՝ Ն. Նազարբաևի անպատեհ խոսքին տեղում արձագանքելու համար, և ինչո՞ւ էր Հայաստանի 10 հոգանոց պատվիրակությունը խորհուրդ տվել Ս. Սարգսյանին Նազարբաևին արձագանքել օրեր անց՝ Ծաղկաձորից:

-Որո՞նք են Ալիևի հեղինակության աճի  և Հայաստանի դիվանագիտության ձախողման պատճառները: Զավեշտալի է, երբ ԵՏՄ հետ կապ չունեցող պետության ղեկավարը հնչեցնել է տալիս իր վերապահումը ԵՏՄ թեկնածու պետության՝ հենց ԵՏՄ-ի անդամակցության վերաբերյալ:

Հ1-ին տված իր այդ մեկնաբանությամբ Ս. Սարգսյանը ՀՀ դիվանագիտության ձախողման մասին վկայություն տվեց. ՀՀ ԱԳՆ-ն չի կարողացել  դիվանագիտական մեթոդներով կանխել Ն. Նազարբաևի հակահայկական ելույթը, նա նաև չի նախազգուշացրել ՀՀ պատվիրակության ղեկավարին, որպեսզի վերջինս պատասխան խոսք ասի:

Սերժ Սարգսյանի ելույթը Աստանայում վկայում է այն պատրաստողների ցածր պրոֆեսիոնալիզմի մասին: Ելույթը մշակողները հերթական անգամ անհարմար վիճակի մեջ են դրել Հայաստանը. պատվիրակության ղեկավարը հայտնում է իր ցանկությունը մինչև հունիսի 15-ը անդամակցել ԵՏՄ-ին, ինչին, փաստորեն ընդդիմանում են ԵՏՄ անդամ երկրների նախագահները: Այսօր արդեն հունիսի 21-ն է, և որևէ մեկը չի ասում, թե երբ են ստորագրվելու Հայաստանի` ԵՏՄ-ին միանալու մասին փաստաթղթերը: Հայաստանի բնակչությունն էլ հերթական անգամ Ս. Սարգսյանի արտաքին քաղաքական ֆիասկոյի ականատեսը դարձավ:

Նման հեղինակությամբ մեզ որևէ լավ բան չի սպասում տնտեսական այս միավորման մեջ: Եթե Ն. Նազարբաևը իրեն թույլ է տալիս հրապարակավ «տհաճություն պատճառել» Ս. Սարգսյանին, կարելի է պատկերացնել, թե ինչ է կատարվում փակ դռների ետևում: Քանի դեռ Սերժ Սարգսյանն ու իրեն ուղեկցող «10 հրացանակիրներն» են ներկայացնում Հայաստանը`մեր երկրի շահերի պաշտպանությունը չի լինելու պատշաճ մակարդակի վրա: