08.11.2012 21:57

Բրիտանական մամուլը հերթական անգամ հպարտանում է իրենց արտադրած «ավտոբուսներով»

Բրիտանական մամուլը հերթական անգամ հպարտանում է իրենց արտադրած «ավտոբուսներով»

Այսօր առավոտյան լույս տեսած բրիտանական թերթերը, հաշվի չառնելով «Սելթիկ»-ի ցույց տված խաղի որակը, հպարտանում են նրանց հաղթանակով: Մաքրելով իրենց աչքերը արցունքներից  և չհավատալով երեկ տեղի ունեցածին՝ նրանց մեծ մասն այն համարում է «պատմական հաղթանակ»:

«Սելթիկ»-ի ստեղծման 125-րդ ամյակի տոնակատարությունից հետո ընդամենը մեկ օր անց թիմը հիանալի նվեր մատուցեց սեփական երկրպագուներին: «The Guardian»-ը առանձնացնում է շոտլանդացիների «կամքն ու մինչև վերջ պայքարելու ունակությունը», որի շնորհիվ նրանք կարողացան «շոկի ենթարկել» Տիտո Վիլանովայի թիմին:

«Հերոսներ»՝ այսպես է անվանում «The Daily Express»-, այն ֆուտբոլիստներին, ովքեր, թերթի կարծիքով, երեկ «գերազանցեցին իրենք իրենց հնարավորությունները» և այս հաղթանակով «պատմություն կերտեցին»՝ երջանկացնելով սեփական երկրպագուներին: Դաշտում իրենց հուզմունքը չէին կարողանում զսպել նաև տարեց և հանրահայտ մարդիկ. օրինակ`«Սելթիկ պարկ»-ում  գտնվող բրիտանացի հայտնի երգիչ Ռեդ Սթյուարտը հանդիպման ավարտին չդիմացավ և սկսեց արտասվել՝ չհավատալով իր սիրած ակումբի հաղթանակին:

«The Sun»-ն իր հերթին նշում է, որ քենիացի կիսապաշտպան Վանյամայի գոլից հետո մարզադաշտը երկրպագուների օգնությամբ վերածվեց «երազանքների աշխարհի» և թույլ տվեց թիմին տոնել հաղթանակ, որի մասին, ըստ «Daily Mail»-ի, «կխոսեն ակումբի պատմության հաջորդ 125 տարիների ընթացքում»: «The Sun»-ն ու «The Daily Express»-ը իրենց խաղին վերաբերվող նյութերը բառախաղի օգնությամբ վերնագրեցին «Watt a victory» և «Watt a night for Celtic»՝ wath բառը փոխարինելով Watt-ով և նկատի ունենալով «Սելթիկ»-ի 18- ամյա հարձակվող Թոնի Ուաթին, ով փոխարինման դուրս գալով՝ օգտվեց Չավիի սխալից և 83-րդ րոպեին տանտերերի հաղթանակը շատ ավելի իրատեսական դարձրեց:

«The Independent»-ը հիշեցնում է, որ Նեյլ Լենոնի սաները մոտ էին լավ արդյունք գրանցելու նաև «Կամպ Նոու» մարզադաշտում, սակայն Կատալոնիայում նրանց մի փոքր չհերիքեց հաջողությունը, և երեկ Մեսսիի գոլից հետո վախ կար, որ նույնը կկրկնվի, «բայց երեկոն այս անգամ «Սելթիկ»-ինն էր, և նրանք կանգնեցին մինչև վերջ»: Հետաքրքիր է, որ նման «հակաֆուտբոլային» նույնիսկ ավելի խոշոր հաղթանակներով, ինչպիսին, օրինակ` անցյալ մրցաշրջանի ՉԼ-ի գավաթում «Չելսի»-ինն էր՝ նույն ոճով, ոչ բոլորն են, որ հպարտանում և ուրախանում են: Այսպես օրինակ` նույն «Daily Mail»-ի վերլուծաբան Մարտին Սեմուելն անցած շաբաթ իր սյունակում, անդրադառնալով բրիտանական ֆուտբոլին, նշում էր, որ ինքն անհանգիստ է իրենց ֆուտբոլի ապագայի և ներկայիս «խղճուկ» տեսքի համար: Իսկ նրանց, ովքեր տխրել էի, Բարսայի դեմ առաջին խաղում «Սելթիկ»-ի՝ վերջին րոպեին կրած պարտության համար, Սեմուելն առաջարկում էր «սրբել արցունքները», քանի որ «Սելթիկ»-ն արժանի չէր այդ խաղում մեկ միավոր վաստակել իր խայտառակ ֆուտբոլով:

Ինչ վերաբերում է իսպանական մամուլին, ապա այստեղ մայրաքաղաքային օրաթերթերը՝ «Մարկա»-ն և «Աս»-ը, հրճվում են՝ նշելով, որ «Տիտոյի թիմն անպարտելի չէ»: Բացի դրանից՝ է՛լ ավելի հակաբարսելոնական տրամադրված «Աս»-ը հերթական անգամ խոսում է Լեո Մեսսիի և Վիլյայի կոնֆլիկտի մասին, որն իբր տեղի է ունեցել խաղադաշտում: Փոխարենը մրցաշրջանում առաջին պարտությանը շատ հանգիստ  են վերաբերվում բարսելոնյան «Սպորտ»-ն ու «Մունդո Դեպորտիվո»-ն, ովքեր նշում են, որ 20 մետր տարածությունում «դժվար է անել ավելին», և խարհում են նմանատիպ «հակաֆուտբոլային» թիմերի դեմ իրենց խաղաոճի փոփոխման անհրաժեշտության մասին: «Սպորտ»-ն այս պահին հարցում է անցկացնում իրենց կայքի այցելուների շրջանում՝ ձևակերպելով այն «Արդյո՞ք Բարսային անհրաժեշտ է «պլան բ»՝ մրցակիցների  «պատերը» հաղթահարելու համար: Այս հարցում պետք է նշել, որ Բարսելոնայի մարզիչ Տիտո Վիլանովան արդեն սկսել է աստիճանաբար հեռանալ ակումբի նախկին մարզիչ Պեպ Գվարդիոլայի կողմից ստեղծված մանր «տիկի տակա»-ից և փնտրում է հաջողության նոր բանաձևեր, որոնք օգտակար կլինեն հատկապես «Սելթիկ»-ի պես «փակ» ֆուտբոլ խաղացող թիմերի դեմ:

Պատրաստեց Դավիթ Քիրամիջյանը