24.06.2014 19:23

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՑ ԱՌԱՋ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՑ ԱՌԱՋ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՔԱՌՅԱԿԻ ՀԱՄԱՆՎԱԳ

 

Հուլիսի 2-ին, ժամը 18-ին, Ազգային գեղագիտության կենտրոնի ցուցասրահում տեղի կունենա Լիլիթ Թադևոսյանի, Աստղիկ Վարդանյանի, Արամ Խաչատրյանի ու Ժորա Գասպարյանի գեղանկարների ցուցահանդեսը: Երիտասարդ նկարիչները առաջին անգամ են այս ձևաչափով ներկայանում: Խումբն առանձնահատուկ մոտեցմամբ է ընդառաջ գնացել ցուցահանդեսի կազմակերպչական աշխատանքներին՝ ստեղծելով յուրատեսակ նախաբան: Այն պրոմո տեսահոլովակ է, որտեղ ցուցահանդեսի մասնակիցներից յուրաքանչյուրը ներկայացնում է իր ստեղծագործական ապրումներն ու զգացումները, ցուցադրում ստեղծագործողի և իրականության փոխհարաբերության ձևավորման պահը: Հոլովակում յուրաքանչյուրն ասես պատմում է ոգեշնչման մասին: Տեսահոլովակի հեղինակները նույնպես երիտասարդ ստեղծագործողներ են՝ Ալբերտ Սարգսյանն ու Հայկ Մկրտչյանը: Թեև ստեղծագործողների այս թիմում յուրաքանչյուրն անհատականություն է, այնուհանդերձ, նրանք ընկերներ են և արվեստում` համախոհներ: Ինչ վերաբերում է ցուցահանդեսին՝ այն բազմաբովանդակ է և կառուցված չէ որոշակի խորագրի շուրջ: Նկարիչներից յուրաքանչյուրը, նկարչական ձևերի ու մտածողության մեջ լինելով տարբեր՝ ներկայանում է որպես մեկ ամբողջություն: Հենց այս գաղափարն էլ նրանք մեկ անգամ ևս հավաստել են իրենց պրոմո հոլովակով:

Ինչպես ասում է Աստղիկը, առաջիկա ցուցահանդեսը դիտողի և ստեղծագործության միջև կապ հաստատելու մի փորձ է, արվեստի գեղարվեստականությունն ու խորքայնությունը ընդգծելու ցանկություն` ի հակադրություն հեշտ ընկալելի ու հասանելի պոպուլյար կոչվածի:

Արամը նշում է, որ  հաճախ արվեստի հոգևոր նշանակությունը նահանջ է ունենում` իր տեղը զիջելով զարմանալիին ու ծիծաղաշարժին, բայց ոչ ոգեղենին: Նա համոզված է`գեղանկարի խնդիրը, նախևառաջ, նկարի ու նկարչի միջև ստեղծագործական ամուր կապի ստեղծումն է. ստեղծագործությունը պետք է դառնա նկարչի յուրատեսակ հայելին: Հենց այս դեպքում իրականությունն ուղղված կլինի դեպի ներս, ստեղծագործողի ներքին կապն էլ կարող է արտացոլվել դիտողի ներքին զգայական աշխարհի վրա:

Ժորայի կարծիքով՝ նորագույն տեխնոլոգիաները, աշխարհում տեղի ունեցող տարբեր իրադարձությունները մարդուն հեռացրել են սեփական ես-ից: Նկարչի հիմնական խնդիրն է` որքան հնարավոր է մաքրել այն արտաքին ազդեցություններից, որը, անկախ ստեղծագործողից, կարող է անդրադառնալ նկարչի ներաշխարհի վրա: Եվ որքան կարողանաս մաքրել այդ ազդեցությունները, այնքան ավելի անկեղծ կլինես թե՛ ինքդ քո, թե՛ հասարակության առջև:

Նմանության և համախոհության հետ մեկտեղ՝ նկարիչների աշխատանքում նկատվում է ստեղծագործական կոնտրաստ, ինչն է՛լ ավելի վառ ու ընդգծուն է դարձնում համատեղ աշխատանքը: Ինչպես ասում է Լիլիթը՝ ամեն ինչ այնքան հարթ ու փոխըմբռնմամբ անցավ ծանոթության պահից, որ ողջ գործընթացը հաճելի էր և ուսանելի:

Նկարիչները ցուցահանդեսի բովանդակային հիմքում դրել են հարգանքն ու հանդուրժողականությունը միմյանց նկատմամբ և կոտրել են այն կարծրատիպը, թե նկարիչները մրցակիցներ են: