03.07.2014 12:06

iLur Բլոգ.. Գլխի՛- գլխի՛- գլխիկո՛ր…

iLur Բլոգ.. Գլխի՛- գլխի՛- գլխիկո՛ր…

Սեդա Մեսրոպյան 

Ես լույսի մեջ
 դու մթան
 ես քեզ երբեք չեմ տեսնում
 գնում ես դու գլխիկոր
 գլխի
 գլխի
 գլխիկոր… 

 Սլավիկ Չիլոյան, Rondo

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամները, ըստ ականատեսների, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման քննարկմանը մասնակցել են սուսուփուս՝ «փետի պես» նստած. ոնց որ ժողովուրդը կասեր՝ «ոչ բղղացել են, ո՛չ գղղացել»: Իսկ միաձայն քվեարկելիս էլ գլուխները կախած են եղել: Գլխահակ՝ այսինքն: Գլխիկո՛ր:

Արհամարհե՞լ են մյուս ներկաներին: Չեմ կարծում:

Ամաչե՞լ են: Հուսանք: Թեպետ՝ հազիվ թե: Որովհետև որքա՞ն ժամանակ և ումի՞ց պիտի ամաչեն: Դրսում՝ շենքի առջև հավաքված մի քանի հարյուր հոգո՞ւց: Ողջ ժողովրդի՞ց: Ինչքա՞ն ժամանակ կամաչեն: Մինչև պաշտոնավարման ավա՞րտը: Բայց հո կյանքն էլ էդ պաշտոնով չի՞ ավարտվում: Պիտի ապրեն, չէ՞, էս երկրում, էս ժողովրդի մեջ: Թե` չէ: Երևի՝ չէ՛:

 Երևի փախչեն էս երկրից, որ ծանոթ-բարեկամ-հարևանի երես չտեսնեն ու ստիպված չլինեն ամեն անգամ գլխահակ անցնել նրանց կողքով:

 Մոռանալ, մոռանալ ամեն ինչ,
                              Ամենին մոռանա՜լ...
Մի վայրկյան ամենից հեռանալ,
                              Ամենին մոռանալ.—
Խավարում, ցավերում քարանալ
                              Մեն-միայն...

Խավարում, մթան մեջ, հասկանո՞ւմ եք:

Դուք ինքներդ եք ձեզ փակել էդ խավարի, էդ մթան մեջ: Որովհետև ինքներդ ձեզնից ո՛չ մի տեղ չեք փախչելու: Չկա՛ էդպիսի տեղ, ուր կարողանաք փախչել ինքներդ ձեզնից:

Ռոմանտի՞կ եմ: Թքա՞ծ ունեք հանրային կարծիքի վրա, ու խիղճներդ էլ մաքո՞ւր է՝ «ընդամենը հրահանգ եմ կատարել՝ ի պաշտոնե» նողկալի  արդարացման հիմքով: Թող էդպես լինի՝ թող ռոմանտիկ լինեմ:  Իրականում՝ ես գուցե էն միակ մարդն եմ, ով հույս ունի, որ  ձեր մեջ մարդկային մի նշույլ գոնե մնացել է: Հակառակ դեպքում՝ դուք ձեր ողջ կյանքում, թեկուզ՝ ո՛չ արտաքուստ, այլ միայն  հոգու խորքում՝ ստիպված եք լինելու քայլել

գլխի՛

գլխի՛

գլխիկո՛ր…

Հ.Գ. Ի դեպ, Չիլոյանի ու Տերյանի բանաստեղծությունները մեջբերել եմ՝ ամենևին էլ ո՛չ այն նկատառումով, որ զուգահեռներ եմ տեսնում այդ բանաստեղծությունների հերոսների  և ՀԾԿՀ անդամների միջև…. Պարզապես՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումն ընդունելիս հանձնաժողովի անդամների ողորմելի պահվածքին ի տես, չգիտեմ ինչու՝ մտքումս անընդհատ էդ տողերն էին պտտվում… Ռոմանտիկ եմ, էլի՛, հո զոռով չի…