14.09.2012 11:48

Կկարողանա՞ Հռոմի պապը թուլացնել մահմեդականների ու քրիստոնյաների միջեւ առաջացած լարվածությունը

Կկարողանա՞ Հռոմի պապը թուլացնել մահմեդականների ու քրիստոնյաների միջեւ առաջացած լարվածությունը

Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդն այսօր կայցելի Լիբանան: Այցելությունը նպատակ ունի բարելավել հարաբերությունները Մերձավոր Արեւելքում բնակվող մահմեդականների եւ քրիստոնյաների միջեւ: Գերմանական Der Spiegel-ի փոխանցմամբ, Լիբանանի քրիստոնյա փոքրամասնությունն այս այցից մեծ սպասումներ ունի, քանի որ Մերձավոր Արեւելքում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունների պատճառով երկու կրոնական համայնքների միջեւ հարաբերություններն առավել սրվել են:

«Բենեդիկտոս 16-րդը մամհմեդականների եւ քրիստոնյաների միջեւ հարաբերությունները կարգավորելու համար ընտրված ամենալավ պատվիրակը չէ», - նշում է պարբերականը՝ հիշեցնելով 2006-ին Մերձավոր Արեւելքում նրա ունեցած մի ելույթը, որում կաթոլիկ աշխարհի հոոգեւոր առաջնորդն իսլամը բնութագրել էր որպես «պատերազմի կրոն»: Հասկանալի է, որ արաբական աշխարհում դրան հետեւած աղմուկն իրեն երկար սպասել չտվեց:

Բացի դրանից, ըստ գերմանական պարբերականի, պապը քրիստոնեական հոծ բնակչություն ունեցող Լիբանան այցելելով նպատակ ունի ընդգծել, որ Մերձավոր Արեւելքը նաեւ քրիստոնեական մշակույթի կենտրոն է: Թե որքանո՞վ այս լարված իրավիճակում Բենեդիկտոսի այցը կնպաստի երկու կրոնների ներկայացուցիչների միջեւ երկխոսությանը, ցույց կտա ժամանակը», - գրում է հոդվածի հեղինակը:

Նշենք, որ դեռ չէր հանդարտվել սեպտեմբերի 12-ին Լիբիայում ԱՄՆ դեսպան Քրիստոֆեր Սթիվենսի սպանության շուրջ բարձրացած աղմուկը, երբ ԱՄՆ եւ մահմեդական աշխարհի միջեւ նոր սկանդալի առիթ դարձավ ԱՄՆ-ում նկարահանված՝ «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի ցուցադրումը: Մահմեդական հավատացյալները ֆիլմի բովանդակության մեջ Մուհամմեդ մարգարեի հասցեին վիրավորանք են տեսնում: ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն արդեն հայտարարություն է տարածել, որում «քստմնելի եւ դատապարտելի» է որակել ֆիլմը:  

Տարբեր երկրներում բնակվող մահմեդականներն այս օրերին բողոքի ցույցեր են անցկացնում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունների առաջ՝ սպառնալով դիմել բռնության: Մասնավորապես, հինգշաբթի, սեպտեմբերի 13-ին ցուցարարները հարձակվել են Եգիպտոսում ու Եմենում տեղակայված ԱՄՆ դեսպանատների վրա: Բողոքի ցույցերն ուղեկցվում են ոստիկանության եւ ցուցարարների միջեւ բախումներով, կան կան հարյուրավոր տուժածներ: