08.07.2014 12:16

Նախորդ տարի հայ մրցավարը կալանավորվեց. Ի՞նչ կլինի հուլիսի 10-ին (տեսանյութ)

Նախորդ տարի հայ մրցավարը կալանավորվեց. Ի՞նչ կլինի հուլիսի 10-ին (տեսանյութ)

Հուլիսի 10-ին տեղի է ունենալու Եվրոպայի լիգայի 2014-2015 թթ. խաղարկության որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումները:

«Սանտ Խուլիա» (Անդորրա)-«Չուկարիչկի» (Սերբիա) հանդիպումը սպասարկելու է  հայկական մրցավարական անձնակազմը՝ Զավեն Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Նրա օգնականներն են լինելու Մեսրոպ Ղազարյանը եւ Արման Ղուշչյանը, իսկ չորրորդ պաշտոնյայի պարտականությունները կատարելու է Սուրեն Բալիյանը:

Նշենք, որ անցյալ տարի հայկական մրցավարական անձնակազմը ևս սպասարկել էր Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպումներից մեկը:

«Ինտեր» - «Վիկինգուր» հանդիպման ժամանակ խաղադրույքների միջագային շուկայում մեծ թվով խաղադրույքներ էին կատարվել այն իրադարձության վրա, որ երկու թիմերն էլ գոլ կխփեն: Հանդիպման ավարտից մոտ 10 րոպե առաջ գոլեր չէին գրանցվել, և հայ մրցավար Անդրանիկ Արսենյանը մեկական կասկածելի 11 մետրանոց էր նշանակել թիմերից յուրաքանչյուրի օգտին: Բայց ուշագրավը այն է, որ թիմերից մեկը չէր իրացրել 11 մետրանոցը և խաղն այդպես էլ ավարտվել էր 1-0 հաշվով:

Խաղից հետո Հայաստանի ոստիկանությունում քրեական գործ հարուցվեց, Անդրանիկ Արսենյանը և նրա օգնականը կալանավորվեցին: Հայ մրցավարը և նրա օգնական Հովհաննես Ավագյանը ՀՖՖ-ի կողմից ցմահ որակազրկվեց: 

Հուսանք, այս անգամ նման միջադեպեր չեն գրանցվի և Զավեն Հովհաննիսյանը առանց միջադեպերի կսպասարկի հանդիպումը: