10.07.2014 15:09

Էլինար Վարդանյան. Սահմանադրական փոփոխությունները արհեստական օրակարգ ստեղծելու նպատակ ունեն

Էլինար Վարդանյան. Սահմանադրական փոփոխությունները արհեստական օրակարգ ստեղծելու նպատակ ունեն

Zham.am-ի հարցազրույցը ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի հետ.

- Տիկի՛ն Վարդանյան, երեկ լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, խոսելով սահմանադրական բարեփոխումների մասին, այդ բարեփոխումները պատրանք անվանեց, «ժողովրդին շեղելու փորձ» և հայտարարեց, որ Հայաստանին Սահմանադրության փոփոխություններ պետք չեն, և դրանք չեն բխում ՀՀ քաղաքացիների շահերից: Ինչպե՞ս եք վերաբերում այդ տեսակետին:

- Ես լիովին կիսում եմ Րաֆֆի Հովհաննիսյանի Ձեր կողմից մատնանշած բնորոշումները: Իրականում այսօր Սահմանադրական բարեփոխումների հասարակական պահանջարկ չկա, սա արհեստական օրակարգ է, և պատահական չէ, որ շատերի մոտ այն հիմնավոր կասկածներ է առաջացնում: Խոսել սահմանադրական փոփոխությունների մասին այն պահին, երբ միջազգային տարբեր հեղինակավոր կառույցների կողմից հետազոտությունների արդյունքում Հայաստանի տնտեսությունը իր պատվավոր տեղն է զբաղեցնում աշխարհի վատագույն տնտեսությունների առաջին հորիզոնականներում, երբ արտագաղթն այնպիսի ահագնացող տեմպերի է հասել, որ դրա մասին կրկին բարձրաձայնելը դեժավյուի տպավորություն է թողնում, երբ բարեկեցությունը շատերի համար այլևս անիրատեսական է թվում, իմ գնահատմամբ, չի տեղավորվում բանականության շրջանակներում: Կարծու՞մ եք,այս բոլոր խնդիրների լուծումը սահմանադրական բարեփոխումներով է պայմանավորված, իհարկե՝ ոչ:

- Դուք խոսեցիք հասարակական պահանջի մասին, բայց այսօր սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հանրային քննարկումներ են ընթանում ՀՀ տարբեր մարզերում:

- Ինձ համար դա հերթական զավեշտներից մեկն է: Եվ ես իհարկե լավ հասկանում եմ, որ դա իմիտացիա ստեղծելու նպատակ ունի և կարծում եմ ՀՀ քաղաքացիներն էլ միամիտ չեն, և ամեն ինչ շատ ճիշտ գնահատում են: Ինչպես եք պատկերացնում այդ քննարկումները մարզերում, երբ այսօր մարզերի բնակիչների գլխավոր խնդիրն է դարձել պաշտպանել իրենց տնտեսությունը տարբեր բնական աղետներից՝ կարկուտից, քամուց, երբ մարզերի բնակիչների մեծ մասը արտագաղթել է Հայաստանից հացի խնդիր լուծելու համար, երբ սահմանամերձ բնակավայրերում մարդիկ ապրում են ամենօրյա գնդակոծությունների տակ: Հիմա ես եմ ուզում հարցնել, արդյո՞ք, այս մարդկանց որևէ կերպ մտահոգում է կամ կմտահոգի սահմանադրությունը, արդյոք, այս մարդիկ իրենց խնդիրների լուծումը կապում են սահմանադրության փոփոխությունների հետ: Ու՞մ ենք փորձում խաբել. ինքներս մե՞զ:

- Իսկ ինչպիսին է Ձեր դիրքորոշումը Սահմանադրական բարեփոխումների բովանդակության վերաբերյալ:

- Գիտեք ես երբևէ չեմ անդրադարձել փոփոխությունների բովանդակությանը, և այս անգամ ևս զերծ կմնամ այն քննարկելուց: Այս պահին փոփոխությունները արհեստական օրակարգ ստեղծելու նպատակ ունեն, ուստի անիմաստ է մտնել բովանդակային քննարկման մեջ:

Կարծում եմ, որ ցանկացած գաղափար կարող է քննարկման առարկա դառնալ, բայց դա պետք է արվի ճիշտ պահին, գուցե չորս-հինգ տարի անց, այլ մթնոլորտում, տնտեսական զարգացման այլ աստիճանում: Նախաձեռնել Սահմանադրության փոփոխություններ ընդունելի է միայն համերաշխության մթնոլորտում, այլ ոչ թե կասկածների, ինչպիսին առկա է այսօր:

Երևի թե կկրկնվեմ, բայց Սահմանադրական բարեփոխումներ պետք է կատարվեն միայն այն պահին, երբ առկա է դրա հասարակական պահանջարկը: Մի առիթով պարոն Ծառուկյանը տվել էր հետևյալ բնորոշ ձևակերպումը, որ աշխատանքից հետո, երբ մարդ գնում է տուն, ուզում է տուն տանել երեխաների համար սնունդ, ծերերի համար դեղորայք, և այդ պահին նրան ամենևին էլ չի մտահոգում Սահմանադրությունը: Եվ ես առաջարկել եմ և առաջարկելու եմ, որպեսզի ԲՀԿ-ն աշնանը Երևանում և մարզերում կազմակերպի հանրահավաքներ՝ հասկանալու ժողովրդի մոտեցումը, լսելու նրանց մտահոգությունները և տեսակետը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ: Պետք է անմիջապես ժողովրդից հարցնել, արդյո՞ք այսօր իրենց առջև ծառացած աշխատանքի, զբաղվածության խնդիրը, գազի և էլեկտրաէներգիայի համար վճարումների ծանր բեռը, աղետներից կրած վնասները պայմանավորված են սահմանադրական փոփոխություններով: Պետք է անմիջապես ժողովրդից լսել, արդյո՞ք այսօր վերջիններս սպասում են սոցիալ-տնտեսական վիճակի անհապաղ կարգավորման, արդարության վերականգնման, արտագաղթի կանխման, աղքատության վերացման, թե՝ սահմանադրական փոփոխությունների: