10.11.2012 18:36

ԲՀԿ-Դաշնակցություն հանդիպումն ավարտվեց

ԲՀԿ-Դաշնակցություն հանդիպումն ավարտվեց

Քիչ առաջ ավարտվել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի ու Վարդան Օսկանյանի ու ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչների հանդիպումը:

 ԲՀԿ—ական պատգամավոր Վարդան Օսկանյանը մեկնաբանում է հանդիպումը:

- Պարո՛ն Օսկանյան, ինչպե՞ս անցավ հանդիպումը:

-Որեւէ որոշում չի կայացվել, բայց կարծում եմ, որ շատ լավ եւ արդյունավետ առաջին հանդիպում էր: Մի բան երկու կողմերին էլ շատ հստակ է, որ առայժմ խոսելու ենք օրակարգային հարցերի մասին, ոչ թե թեկնածուների, ինչն այս դեպքում երկրորդական է: Կարող եմ ասել, որ այդ առումով մենք արդեն համաձայնություն ունենք: Նախնական օրակարգային հարցերի մասին խոսելիս պարզվեց, որ իսկապես շատ ընդհանրություններ կան եւ ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի մոտեցումների մեջ եւ կարծում եմ, որ մենք արդեն լավ հիմք ունենք հավատալու, որ կարող է լուրջ համագործակցություն լինի նախագահական ընտրությունների ընթացքում:

-Իսկ, ըստ Ձեզ, կստացվի՞ արդյոք համագործակցությունը մյուս ուժերի հետ:

-Պետք է փորձենք, հույս ունենք, որ կլինի, դա հասարակական պահանջ է այսօր, որովհետեւ այն օրակարգային խնդիրները որոնք քննարկել ենք` չեմ պատկերացնում, որ լինի որեւէ քաղաքական ուժ, որ առարկություն ներկայացնի: Դրանք իսկապես մեկ կամ երկու կուսակցության մոտեցումները չեն, դրանք հասարակության դրած խնդիրներն են եւ այս տարիների ընթացքում իսկապես կուտակված հարցեր են եւ մեր առջեւ ծառացած խնդիրների լուծումները: Այդ իմաստով կարծում եմ, որ սա ընդհանրական օրակարգ է եւ մենք հույս ունենք, որ այս օրակարգի շուրջ կկարողանանք հասնել քաղաքական ուժերի համախմբման, ինչն էլ էապես կնպաստի որ լուրջ մրցակցային նախագահական ընտրություններ լինեն:

-Պրն Օսկանյան, վերջին օրերին շատ է խոսվում այն մասին, թե ինչու ԲՀԿ-ն հենց հիմա որեշեց անցնել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին, կառավարման խորհրդարանական համակարգին, ոմանց աչքին անգամ ստվերներ են երեւում, ոմանք այլ պատճառներ են մատնանշում...

-Դրանք բոլորը հերյուրանքներ են, ամեն մի գաղափար վերջիվերջո առաջարկվելու համար իր հարմար ժամանակը ունի, եւ երբ նախագահական ընտրությունների նախաշեմին ես, բնականաբար, ձեւավորված գաղափարներն արդեն ի հայտ են գալիս, դրվում են օրակարգ, վերջիվերջո այդ գաղափարները ձեւավորվում են նաեւ ժողովրդի հետ հանդիպումների արդյունքում: Այնպես որ այդ գաղափարն հասունացել էր արդեն, դա միայն ԲՀԿ-ինը չէ, ՀՅԴ-ն երկար ժամանակ է դրա մասին խոսել, «Ժառանգությունը» եւս:

-Խոսքը նրա մասին է, թե ինչո՞ւ ԲՀԿ-ն հենց հիմա խոսեց:

-Դե որեվհետեւ մեր առջեւ արդեն նախագահական ընտրություններ են, ժամանակը ճիշտ է: Առավել եւս մենք գնալով համոզվում ենք, որ այսօրվա մեր կառավարման համակարգը արդյունավետ չէ, չի աշխատում եւ ժամանակն է լուրջ համակարգային փոփոխությունների մասին մտածել:

-Պրն Օսկանյան, չնայած նրան, որ թե՛ ՀՅԴ-ն, թե՛ ԲՀԿ-ն նշում է, որ կարեւորը օրակարգային հարցերի շուրջ համախմբվելն եւ եւ որ նախագահի անձի ընտրությունը երկրորդական հարց է, այդուըհանդերձ, չե՞ք կարծում, որ ամեն դեպքում նախագահի անձի ընտրության հարցում խնդիրներ կլինեն:

-Ես նորից եմ ասում, որ կարեւորը օրակարգի հարցերի շուրջ համախմբումն է, մյուսը երկրորդական հարց է: Վստահ եմ, որ եթե համախմբում եղավ, մյուս հարցի լուծում ավելի հեշտ կլինի:

 Yerkir.am