10.11.2012 21:06

ՀՀ եւ ԼՂՀ ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հիմնախնդիրը

ՀՀ եւ ԼՂՀ ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հիմնախնդիրը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ եւ ԼՂՀ ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Կարեն Միրզոյանի հանդիպումը: Ինչպես iLur.am-ին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից, Էդվարդ Նալբանդյանը շնորհավորել է ԼՂՀ նախարարին պատասխանատու պաշտոնի ստանձնման կապակցությամբ`  մաղթելով հաջողություններ:

Նախարարները մանրամասն քննարկել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում տեղի ունեցած վերջին զարգացումները: Հանդիպմանը երկուստեք կարեւորվել է ՀՀ եւ ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունների միջեւ համագործակցության խորացումը, քաղաքական խորհրդատվությունների պարբերական անցկացումը:

ՀՀ ԱԳ նախարարն Արցախի իր պաշտոնակցի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի խնդիրների շուրջ: Հանդիպումից հետո ՀՀ արտգործնախարարի անունից տեղի է  ունեցել  ընդունելություն`  ԼՂՀ արտգործնախարարի պատվին պաշտոնի ստանձնման կապակցությամբ,  որի ընթացքում Կարեն Միրզոյանին է հանձնվել ՀՀ արտգործնախարարության պատվո հուշամեդալը: