16.07.2014 10:45

«Բազմակի օգտագործված» Արթուր Բաղդասարյանը (ԱԽՔ)՝ ըստ ԱՄՆ դեսպանատան գաղտնի փաստաթղթերի

«Բազմակի օգտագործված» Արթուր Բաղդասարյանը (ԱԽՔ)՝ ըստ ԱՄՆ դեսպանատան գաղտնի փաստաթղթերի

Հայտնի «Վիքիլիքս» կայքի հրապարակած գաղտնի փաստաթղթերը շատ կարեւոր դեր ունեն տվյալ ժամանակի իրողությունները ճանաչելու գործում։ Դեսպանատունը պարտավոր էր իր կառավարությանը տրամադրել առավելագույնս հավաստի տեղեկատվություն, իսկ ԱՄՆ դեսպանատան հնարավորությունները, այս իմաստով, կասկածի ենթակա չեն։

Ստորեւ ներկայացնում ենք այդ զեկուցագրերից քաղվածքներ, որոնք վերաբերում են ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանին։

1.

ԷՆԹՈՆԻ ԳՈԴՖՐԻ -Քոչարյանը շարունակեց բացահայտել (պայթեցնել) Արթուր Բաղդասարյանին։ Խնդրելով մեզ դադարեցնել գրառումներն ու իր աշխատակազմի անդամներին սենյակից դուրս հրավիրելով՝ Քոչարյանն ասաց, որ տարվա սկզբից Բաղդասարյանը երեք անգամ զանգահարել է իր նստավայր և հարցրել, արդյո՞ք Քոչարյանը կհամաձայնի թույլատրել Օրինաց երկրին ընտրություններից հետո մտնել իշխող կոալիցիա։ Քոչարյանը պատասխանել է՝ եթե Բաղդասարյանի հռետորաբանությունը քարոզարշավի ընթացքում դուրս չգա ողջամտության սահմաններից, ապա ինքը պատրաստ է թույլատրել ՕԵԿ-ին վերադառնալ իշխող կոալիցիա (խոսքը 2007թ. մայիսի ԱԺ ընտրությունների մասին է – թարգմ.)։ Հավատացած լինելով, որ ՕԵԿ-ի հետ արդյունավետ գործարք է կնքել՝ Քոչարյանը զայրացել է, երբ տեղեկացել է, որ Բաղդասարյանի հետ փորձնական վստահության հասնելու հենց նույն ամսվա ընթացքում վերջինս բրիտանական դեսպանատան հետ դավադրաբար ծրագրել է սևացնել ընտրություններ անցկացնելու հարցում Հայաստանի (իշխանության) հեղինակությունը՝ համոզելով եվրոպական պետություններին դատապարտել անարդար ընտրությունները (Wikileaks.07.YEREVAN522. 26 ապրիլի, 2007թ.)։

2.

ԷՆԹՈՆԻ ԳՈԴՖՐԻ -Արթուր Բաղդասարյանի ընդդիմադիր ՕԵԿ-ի գործոնը հավասարազոր է խաղաթղթի ջոկերին՝ պատրաստ մշտապես օգտագործվելու ցանկացած այլ խաղաքարտի փոխարեն։ Բաղդասարյանը բավականին շահամոլ է իշխանություն վերադառնալու համար որոշակի գործարք ընդունելու համար, բայց մենք նախագահ Քոչարյանի կողմից հստակ ազդակ էինք ստացել, որ նա ԱԺ նախկին երիտասարդ խոսնակի հետ այլևս ցանկություն չունի առնչվելու։ Որպես այլընտրանք՝ Բաղդասարյանն իր բախտը կարող էր փորձել արմատական ընդդիմության դաշտում, չնայած մենք կասկածում ենք, որ նա կորդեգրի փողոցային արմատական բողոքի ռազմավարություն, քանի դեռ այն, հակառակ բոլոր ակնկալիքների, չի թվա իրապես աշխատող տարբերակ։ Բաղդասարյանի միակ ամբիցիան իշխանություն վերադառնալն է։ Նրա նախընտրած մարտավարությունը տեղավորվում է միաժամանակ «երկու աթոռի նստելու» շրջանակներում, նա փորձում է տեղ զբաղեցնել «չափավոր» և «ողջամիտ» ընդդիմադիր դաշտում՝ իշխանություններին չափավոր քննադատելով և չայրելով բոլոր կամուրջները։ Չնայած նրա այս ռազմավարությունը ունի հասարակական աջակցության միջուկ, այնուհանդերձ՝ Բաղդասարյանը չսիրված և անվստահելի է թե՛ իշխանությունների, թե՛ իրական ընդդիմության համար (07.YEREVAN642. 16 մայիսի, 2007թ.)։ 

3.

ՌՈՒԴՈԼՖ ՓԵՐԻՆԱ -ՕԵԿ նախկին ակտիվիստը բացահայտումներ է անում (կեղտը ջրի երես է հանում)․

Ավելի ուշ պետքարտուղարության տեղակալի օգնական Բրայզան առանձին հանդիպել է ՕԵԿ արտաքին քաղաքական հարցերով նախկին խորհրդական Տիգրան Մկրտչյանի հետ, ով վերջերս ՕԵԿ երիտասարդական թևի երկու ղեկավարների հետ հրապարակայնորեն լքեց կուսակցությունը։ Մկրտչյանը պնդել է, որ ՕԵԿ-ը զգալի խառնաշփոթի մեջ է, կուսակցության անդամները դժգոհ են Բաղդասարյանի կամայականություններից, կոռուպցիայից ու երկակի խաղերից։ Կուսակցության ղեկավարները արգահատանքով են լցվել՝ իմանալով Բաղդասարյանի՝ ընտրություններից առաջ իշխանության հետ գաղտնի գործարքի շուրջ բանակցելու վերաբերյալ, և վիրավորված են նրա բռնակալական հակումներից։ Մկրտչյանն անդրադարձել է նաև Բաղդասարյանի ստախոսության դեպքերին 2007 թվականի գարնանը Վաշինգտոն և եվրոպական մայրաքաղաքներ վերջինիս այցելությունների ընթացքում։ Զորօրինակ, Բաղդասարյանը Բրայզային անձամբ և Ազգային անվտանգության խորհրդի անդամներին ասել է, որ Կոնգրեսին կհամոզի Հայոց «ցեղասպանության» վերաբերյալ գրգռող բանաձև չընդունել, այնինչ անմիջապես հետո կոնգրեսմեն Ռադանովիչի հետ հանդիպման ժամանակ ձեռնամուխ է եղել բանաձի օգտին եռանդագին քարոզի։ Ամենավարկաբեկիչն, այնուհնադերձ, Մկրտչյանի մեղադրանքներն էին Բաղդասարյանին՝ վերջինիս կողմից ՕԵԿ ցուցակում քաղաքական դիրքորոշում կամ փորձառություն չունեցող անորակ կադրերին տեղեր վաճառելու և գումարները գրպանելու կապակցությամբ։ Միաժամանակ, կուսակցության ներսում Մկրտչյանի նման կայուն ու վստահելի անձինք ցուցակում մղվել են անանցողիկ տեղեր 07.YEREVAN1032. 16 օգոստոսի, 2007թ.)։ 

4.

ՋՈԶԵՖ ՓԵՆԻՆԳՏՈՆ -Արթուր Բաղդասարյանն ինչ-որ չափով մութ խաղաքարտ է՝ այնուհանդերձ, ըստ մեր վերջին դիտարկման, հավանության բարձր վարկանիշով (58%՝ի նպաստ, 38%՝աննպաստ)։ Բաղդասարյանը, սակայն, դիտվում է (էլիտայի կողմից) որպես շահամոլ անձնավորություն, ով իր աջակցությունը պատրաստ է վաճառել ամենահավանական հաղթողին (07.YEREVAN1383. 27 նոյեմբերի, 2007թ.)։ 

5.

ՋՈԶԵՖ ՓԵՆԻՆԳՏՈՆ -Բաղդասարյանը պնդում է իր դեմ մահափորձի սպառնալիքի փաստը։

Փետրվարի 3-ին, Երևանի Ազատության հրապարակում իր առաջին մեծ հանրահավաքի ժամանակ, ՕԵԿ-ից ընդդիմադիր թեկնածու Արթուր Բաղդասարյանը պնդեց, որ ՀՀ իշխանություններից մահվան սպառնալիք է ստացել։ Չբացահայտելով սպառնալիքի աղբյուրը՝ Բաղդասարյանը հանրահավաքի 10000-15000 մասնակիցներին ասաց, որ սպառնալիքն ստացել է փետրվարի 2-ին մամլո ասուլիսից անմիջապես 2 ժամ անց, որի ընթացքում նա չէր բացառել Տեր-Պետրոսյանի օգտին իր թեկնածությունը հանելու հավանականությունը (08.YEREVAN106. 11 փետրվարի, 2008թ.)։ 

6.

ՋՈԶԵՖ ՓԵՆԻՆԳՏՈՆ -Բաղդասարյանի հնարավությունները կշռվում են իր իսկ «բեռի» ծանրությամբ։ Վերջին հինգ տարիներին, լինելով, այսպես կոչված, «շտապողական երիտասարդ»՝ անկասկած սրամիտ Բաղդասարյանն իր իսկ բարօրության համար չափից ավելի խելացի է գտնվել։ Գործարքների գնալու նրա շարունակական պատրաստակամությունն ու տեղին ու ժամանակին համապատասխան դրսևորումը՝ զրուցակիցներին ասելու այն, ինչ նրանք ցանկանում են լսել – իսկ նա դա բնազդով է զգում – Հայաստանի քաղաքական ակտիվ շրջանակներում Բաղդասարյանին բերել է անվստահելիի համբավ։ Այն դեպքում, երբ ընդդիմությունը (ինչպես նաև մենք) վստահ է, որ Բաղդասարյանը 2003-ի իր առաջխաղացման համար վաճառվել էր Քոչարյանին և/կամ Սարգսյանին, իշխող վարչախումբն էլ ատում է նրան վաճառված չմնալու համար։ Բաղդասարյանի թույլ կողմերից մեկն էլ ուժեղ հենարանի բացակայությունն է՝ իշխող կուսակցության լայնորեն ենթադրվող «վարչական ռեսուրսները» քվեների հաշվարկումը վերահսկողության տակ պահելու համար։ Տարածված հասարակական համոզվածություն կա, որ ընտրատեղամասերի փակվելուց հետո քվեների հաշվման ընթացքում կրկին տեղի կունենան բռնություններ ու  կուլիսային գործարքներ։ Այն ընտրողները, որոնք դեռևս հույս են փայփայում ազատվել ներկա իշխանություններից, ի հակադրություն դատարկ ժեստեր անելուն, ամենայն հավանականությամբ՝ իրենց քվեն կտան Լևոն Տեր-Պետրոսյանի կամ Վահան Հովհաննիսյանի օգտին (08.YEREVAN113. 13 փետրվարի, 2008թ.)։ 

7.

ՋՈԶԵՖ ՓԵՆԻՆԳՏՈՆ - Նիկոյանն ասաց, որ իշխող կուսակցությունն ամենից առավել հետաքրքրված է կոալիցիա մտնելու և իշխանության մի մասի պատասխանատվությունը վերցնելու համար իր կողմը գրավել ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանին։ Մասամբ այն պատճառով, որ վերջինս առավել քիչ արմատական և աբսոլյուտիստ գործիչ է, սակայն նաև այն պատճառով, որ ՕԵԿ-ը շատ ավելի լավ աշխատանք է տարել հանձնաժողովների իր անդամների և կուսակցության վստահված անձանց պատրաստման համար։ Կուսակցության ընտրատարածքային հանձնաժողովների անդամներն ու վստահված անձինք շատ ավելի համակարգված են աշխատել վերջնական արդյունքների արձանագրությունների պատճենները և ընտրությունների օրվա հետ առնչվող այլ փաստաթղթեր հավաքելու համար, ուստի ՕԵԿ-ը փաստաթղթային ապացույցների շատ ավելի ուժեղ փաթեթ կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Եթե Բաղդասարյանն իր ուզած գործարքը չստանա, նա կարող է միանալ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ՍԴ-ում ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումին։(Նշում. Փետրվարի 29-ին Բաղդասարյանը հայտարարեց, որ իր կուսակցությունը համագործակցության համաձայնագիր է կնքել իշխող Հանրապետական և Բարգավաճ Հայաստան կուսակցությունների կազմած կոալիցիայի հետ։ Բաղդասարյանին առաջարկվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, ինչը զարմանալիորեն անկարևոր պաշտոն է, քանզի այն վերջին շրջանում մշտապես համատեղությամբ աշխատանք է ենթադրել։ Ներկայումս այդ պաշտոնը համատեղությամբ զբաղեցնում է նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը, իսկ նրան նախորդել է այն ժամանակ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը։ Նշման վերջը). (08YEREVAN178.29 փետրվարի, 2008թ.)։ 

8.

ՋՈԶԵՖ ՓԵՆԻՆԳՏՈՆ - Բաղդասարյանը պատրաստ է վաճառվել։

Իսագուլյանը նշեց, որ Մարտի 1-ին ոստիկանության կողմից Ազատության հրապարակը մաքրելուց հետո բռնկված հասարակական զայրույթին նպաստող գործոն է եղել նաև համատարած ատելությունն առ այն, ինչը նա անվանեց ցինիկ ու դավադիր գործարք, որի արդյունքում էլ «գնելով» ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանին, վերջինիս մտցրեցին իշխանություն։ Իսագուլյանը նշեց. «Բոլորը գիտեն, որ Արթուրի օգտին քվեարկածների 80%-ն ատում է իշխանություններին»։ Բաղդասարյանին իշխանություն մտցնելով՝հանրային ատելությունը միայն բորբոքվեց (08YEREVAN202. 10 մարտի, 2008թ.)։ 

9.

ՋՈԶԵՖ ՓԵՆԻՆԳՏՈՆ  - Այս պահին մենք շատ քիչ բան գիտենք Տրանսպորտի և կապի նոր նախարար Գուրգեն Սարգսյանի մասին, չհաշված համատարած շշուկներն առ այն, որ նա ուղղակի կաշառել է Արթուր Բաղդասարյանին՝ 2007-ի խորհրդարանական ընտրություններում ՕԵԿ ցուցակում անցողիկ բարձր հորիզոնական զբաղեցնելու համար։ Սարգսյանը 2007-ի ընտրություններից շաբաթներ առաջ էր անդամագրվել ՕԵԿ-ին, և քաղաքական բարձր պաշտոն զբաղեցնելու համար, փողից զատ՝ այլ ակնառու որակներ չի ունեցել (08YEREVAN356 23 ապրիլի, 2008 թ.)։

 10.

ՖԻԼԻՊՍ - Բիշարյանը, հիասթափված լինելով ՕԵԿ-ի՝ կառավարություն մտնելու փաստի հասարակական ընկալումից, հավատացած է, որ Քոչարյանը նպատակադրված օգտագործել է ՕԵԿ-ի՝ կոալիցիա մուտքը՝Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա աջակիցների նկատմամբ ուժ կիրառելու համար ծածկույթ ապահովելով։ Ազատության հրապարակը Լևոն Տեր-Պետրոսյանի մոտ 2000 աջակիցներից մաքրելու նպատակով ոստիկանական բռնի գործողությունները սկսվեցին ՕԵԿ-ի՝ վարչապետ Սարգսյանի կառավարական նստավայրում լայնորեն լուսաբանված արարողությամբ կոալիցիա մտնելուց ավելի քիչ,քան 24 ժամ հետո։ Բիշարյանը պնդեց, որ Քոչարյանն օգտագործեց ՕԵԿ-ի կոալիցիա մտնելու հանգամանքը՝ ճնշելու Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների 10 օր տևող բողոքը, ինչպես նաև Լևոն Տեր-Պետրոսյանին քաղաքականապես մեկուսացնելու համար, քանի որ նախագահական ընտրությունների վերջին լուրջ ընդդիմադիր թեկնածուն վիճարկում էր ընտրության արդյունքները։ Հետաքրքիր է, որ Բիշարյանն ուժի կիրառման հարցում բացառեց նոր նախագահ Սարգսյանի մասնակցությունը՝ փոխարենը մեղադրելով Քոչարյանին ընտրությունների քարոզարշավի ընթացքի և հետընտրական զարգացումների բոլոր հարցերում։

Մեկնաբանություն

Բիշարյանն ուժեղ քաղաքական գործիչ է և բարեփոխումներին իր նվիրվածության մեջ անկեղծ է թվում։ Նա նաև կուսակցական առաջնորդ Բաղդասարյանի հավատարիմ զինվոր է։ Վերջինիս՝ կոալիցիա մտնելը միմիայն հաստատեց հասարակական (ինչպես նաև մեր) ընկալումն առ Բաղդասարյանի անսկզբունք քաղաքական գործիչ լինելու և ամենաթանկ վճարողին վաճառվելու պատրաստակամության փաստը։ Մեզ համար անհնար էր իմանալ Բիշարյանի կարծիքի անկեղծությունը, սակայն չէինք զարմանա, եթե Տեր-Պետրոսյանը ՕԵԿ-ի աջակցությունն ստանալու գինը չափազանց բարձր համարեր։ Կասկածելի է, որ ՕԵԿ-ն ու Բաղդասարյանը երբևէ կրկին կարող են ունենալ հասարակական լայն աջակցություն, ինչպիսին առկա էր ընտրություններից առաջ։ Նաև չենք զարմանա, որ իշխանություններն, ի վերջո, և բավականին արագ, հոգնեն բազմակի օգտագործված Բաղդասարյանից և նրա՝ բարեփոխումներին ավելի նվիրված գործընկերներ Բիշարյանից ու Շահգելդյանից, քանզի պարզ է, որ ՕԵԿ-ը համատարած լքել են նրա երբեմնի ընտրողները։ Այդ պարագայում սպասելի է, որ Բաղդասարյանն ու իր թիմն ամեն ինչ կսկսեն նորից՝ բողոքելով իշխանությունների կոռուպցիայի, անարդարության դեմ։ Մեկնաբանության ավարտ (08YEREVAN436. 29 մայիսի, 2008թ.)։

 11.

ՄԱՐԻ ՅՈՎԱՆՈՎԻՉ – Չնայած Բաղդասարյանը փորձում էր իրեն ներկայացնել որպես բարեփոխումների ջատագով, սակայն այդ հարցում նա բավականին ցածր վստահություն էր վայելում։ Նախ, նա շատ մոտ էր միանալու Տեր-Պետրոսյանի արմատական ընդդիմադիր շարժմանը կեղծված ընտրություններից մի քանի օր հետո, սակայն նորընտիր նախագահ Սարգսյանը հստակորեն Բաղդասարյանին ավելի լավ առաջարկ էր արել։ Բաղդասարյանը մեկ գիշերվա ընթացքում 180 աստիճանով փոխվեց, և, թվում է՝ ՕԵԿ ընտրազանգվածը զզվանքով լքեց նրան։ Սարգսյանը Բաղդասարյանին նշանակեց մի պաշտոնի, որը երբևէ ավելին չի եղել, քան դատարկ, համատեղվող և արարողակարգային դեր ենթադրող դիրք, և Բաղդասարյանը սկսել է փորձել դրանից կայսրություն սարքել։ Սա հիշեցնում է Բաղդասարյանի՝ իշխանական կոալիցիայի մեջ լինելու նախորդ՝ 2003-2006 թվականները, երբ նրան թույլ տրվեց դառնալ խորհրդարանի խոսնակ և ստեղծել բազմաթիվ նոր աշխատանքային կառույցներ։ Նախագահ Սարգսյանը կհանդուրժի Բաղդասարյանին, քանի դեռ նա կմնա գծի մեջ և կծառայի որպես իշխող կոալիցիայում քաղաքական բազմակարծության «խորհրդանիշ»։ Այնուամենայնիվ, մենք չենք հավատում, որ Բաղդասարյանը երբևէ իսկապես կդառնա ներքին խոհանոցի մարդ և կվայելի նախագահի կամ կառավարությունում որևէ մեկի հարգանքն ու վստահությունը (08YEREVAN829 2008 թ.)։

 12.

ՄԱՐԻ ՅՈՎԱՆՈՎԻՉ –Բաղդասարյանը և Բիշարյանընախագահական ընտրություններում սուր ընդդիմադիր քարոզարշավ անցկացրին, ինչը նրանց 16% քվե և երրորդ հորիզոնական ապահովեց։Սակայն մի քանի օրվա ընթացքում ընդդիմադիր կեցվածքից իշխանամետության շշմեցուցիչ փոխակերպումը ՕԵԿ ընտրազանգվածի մոտ դառը հիասթափություն առաջացրեց, և շշուկներ կան, որ շատերն էլ լքել են կուսակցության շարքերը։ 2008-ի նախագահական ընտրություններում Բաղդասարյանը Երևանում ստացել էր քվեների մոտավորապես 13%-ը  (09YEREVAN321. 14 մայիսի, 2009թ.)։

13.

ՄԱՐԻ ՅՈՎԱՆՈՎԻՉ –Փոխարենը՝ որոշ գործիչներ, ինչպիսին է իշխող կոալիցիայի «փոքրավոր» ՕԵԿ կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը,տարփողում են, որ «դժբախտաբար՝ մենք վկա ենք Երևանի «օլիգարխացմանը», երբ գնալով ավելանում են հսկայական առևտրի կենտրոնները՝ ճնշելով մանր ու միջին առևտրի կետերին»։ (Մեկնաբանություն․ սա հիշեցնում է հայտնի առածը՝ գողն ամենաբարձրն է գոռում «բռնե՛ք գողին»(կաթսան թեյնիկին է սև անվանում – անգլ.), քանի որ շշուկներ կան, թե Բաղդասարյանը զգալիորեն շահել է բիզնեսի բնագավառում՝ շնորհիվ իր քաղաքական կապերի։ Մեկնաբանության ավարտը

Բաղդասարյանի աջ ձեռք Հեղինե Բիշարյանը՝ միակ կին քաղաքական գործիչը ընտրությունների կուսակցական ցուցակի վերին հորիզոնականներում, նույնպես անորոշ ու ընդհանուր գծերով է խոսում՝ շեշետելով, որ «բարությունն» է լինելու քարոզարշավի ընթացքում իր ելույթների հիմնական առանձնահատկությունը։ Այնուհանդերձ, նա զգուշացրեց, որ «եթե լինեն չարակամությամբ լցված մարդիկ և պարսավեն հատկապես մեզ, մենք միանշանակ պատասխան կտանք նրանց» (09YEREVAN338. 18 մայիսի, 2009թ.)։

14.

ՄԱՐԻ ՅՈՎԱՆՈՎԻՉ- Հայաստանում  ընտրողներըՕԵԿ-ին համատարած կեղծ են համարում՝ կապված նրա՝ 2008-ի նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում սուր ընդդիմադիր կեցվածքը տասն օր անց փոխելու և կոալիցիա մտնելու կտրուկ որոշման հետ։ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը համարվում է հայաստանյան քաղաքական կյանքի քամելեոնը՝ պատրաստ վաճառվելու ամենաբարձր գնով։ Մեր կոնտակտներն ասում են, որ, հավանաբար, թե՛ Դաշնակցությունը և թե՛ ՕԵԿ-ը չեն կարողանա Երևանի ավագանու ընտրություններում հաղթահարել 7%-անոց շեմն ու տեղեր զբաղեցնել այնտեղ (09YEREVAN369. 29 մայիսի, 2009թ.)։

* * *

Եւ այսպես, ըստ ԱՄՆ դեսպանատան գաղտնի զեկուցագրերի, ըստ այդմ՝ նաեւ ԱՄՆ կառավարության պատկերացումներում Ա. Բաղդասարյանի կերպարը ներկայանում է հետեւյալ հիմնական գծերով.

- Հանուն սեփական շահի՝Ա. Բաղդասարյանը պատրաստ է գնալ ցանկացած ստոր գործարքի։ Ահա եւ այն հիմնական «արժանիքը», որով նա հետաքրքրություն է ներկայացնում իշխանության համար։ Բերված փաստաթղթերում «գործարք» բառը նրա համար օգտագործվում է 7 անգամ՝ սպանիչ «շարունակական» բնութագրմամբ՝ «Գործարքների գնալու նրա շարունակական պատրաստակամությունը»։

- Ըստ փաստաթղթերի՝ սեփական կուսակցության ներսում Ա. Բաղդասարյանին մեղադրում են «կոռուպցիայի», «երկակի խաղերի», «բռնակալական հակումների», «կուսակցության ընտրական ցուցակում անցողիկ  տեղերը վաճառելու», «իշխանության հետ գաղտնի գործարքի»մեջ մտնելու մեջ եւ «արգահատանքով են լցված» նրա նկատմամբ։

- «Հայաստանյան քաղաքական կյանքի քամելեոնից, որ պատրաստ է վաճառվելու ամենաբարձր գնով», իր ողջ ընտրազանգվածը «դառը հիասթափություն» ապրեց ու «զզվանքով լքեց նրան», երբ տեսավ «ընդդիմադիր կեցվածքից իշխանամետության շշմեցուցիչ փոխակերպումը», երբ «Բաղդասարյանը մեկ գիշերվա ընթացքում 180 աստիճանով փոխվեց» եւ միացավ իշխանությանը։

-   Իր արտառոց ու արգահատելի քայլերով, միշտ «երկու աթոռի վրա նստելու» մարտավարությամբ, նա անգամ իշխանական շրջանակներում, որոնց վաճառվեց, մնաց որպես օտար, նրա նկատմամբ միշտ գերիշխել է անվստահությունը, արհամարհական ու արգահատական վերաբերմունքը, քանզի նրանք էլ համոզված են, որ Ա. Բաղդասարյանն «իր աջակցությունը պատրաստ է վաճառել ամենահավանական հաղթողին»։

-   Հստակ արձանագրվում է, որ իշխանությունը գնաց մարտիմեկյան ոճրագործությանը հենց ՕԵԿ-ի՝ իշխանության կողմ անցնելու շնորհիվ, այն օգտագործելով որպես « Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա աջակիցների նկատմամբ ուժ կիրառելու համար ծածկույթ»։ Ոճրագործությունն սկսվեց  «ՕԵԿ-ի՝ վարչապետ Սարգսյանի կառավարական նստավայրում լայնորեն լուսաբանված արարողությամբ կոալիցիա մտնելուց ավելի քիչ, քան 24 ժամ հետո»։ Ընդ որում՝ որպես այս պնդման աղբյուր՝ վկայակոչում է Հեղինե Բիշարյանին։

-   Ա. Բաղդասարյանը համարվում է «հայաստանյան քաղաքական կյանքի քամելեոնը՝ պատրաստ վաճառվելու ամենաբարձր գնով»։ Փաստաթղթերում գործածվում է ամենակոշտ, փաստորեն՝ հայհոյական՝ «բազմակի օգտագործված» բնորոշումը Ա. Բաղդասարյանի համար (նման փաստաթղթերում կոշտ, երբեմն հայհոյական բառերով համեմված լեզուն ընդունված է)։ Ապա, որպես համոզմունք արձանագրվում է նրա՝«անսկզբունք քաղաքական գործիչ լինելու և ամենաթանկ վճարողին վաճառվելու պատրաստակամության փաստը»՝ հավելելով, որ դեսպանատան այդ համոզումը համընկնում է նաեւ իշխող հասարակական ընկալմանը։

-   Կեղծ են համարվում Ա. Բաղդասարյանի բոլոր տեսակի քաղաքական խոստումները։ Մասնավորապես՝ փոքր եւ միջին բիզնեսի նկատմամբ նրա «հոգատարությունն» ընդդեմ «օլիգարխների» գնահատվում է «գողն առաջինն է գոռում՝ բռնեցեք գողին» հայտնի ասացվածքով՝ շեշտելով իշխանության չարաշահմամբ Ա. Բաղդասարյանի կուտակած հսկայական հարստությունը։

 Ինչպես տեսնում ենք՝ Ա. Բաղդասարյանի մասին ԱՄՆ դեսպանատան գնահատականները ամբողջությամբ համընկնում են հայաստանյան հասարակության մեջ ամրորեն տարածված պատկերացումներին։ Պարզապես՝ դրանք հենվում են նաեւ հարյուր անգամ ստուգված փաստերի եւ մեզ անհասանելի վստահելի աղբյուրների վրա՝ մի աշխատանք, որ պարտավոր էին անել դեսպանատան պատասխանատուներն ի պաշտոնե։

iLur-ի քաղաքական մեկնաբան