16.07.2014 16:18

Իշխանությունների մտահոգությունների հիմնական պատճառը Քառյակն է

Իշխանությունների մտահոգությունների հիմնական պատճառը Քառյակն է

Նույնիսկ հեռավոր Ուրուգվայում Սերժ Սարգսյանը  չկարողացավ շրջանցել Քառյակի պահանջների թեման: Ինչպես և կանխատեսել էինք, իշխանությունների մտահոգությունների և անհանգստության հիմնական պատճառը Քառյակի պահանջներն են և դրանք չկատարելու անխուսափելի հետևանքները:

Այսպես, Ուրուգվայի հայ համայնքի ներկայացուցիչներից մեկի` արտագաղթի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Սերժ Սարգսյանը այլ բան չգտավ ասելու, քան հիշեցնելու, թե նախկին իշխանությունների օրոք նույնպես եղել է արտագաղթ: Կարելի է պատկերացնել՝ հոգեբանական ինչպիսի ապրումների մեջ է Ս. Սարգսյանը, եթե նա չի կարողանում արդարանալու ավելի ադեկվատ փաստարկ գտնել:

Ամոթալի է, երբ վեց տարի միանձնյա իշխանական լծակներ տնօրինող մարդն այն աստիճան անզոր է, որ իր կառավարման խաղաղ տարիները համեմատում է պատերազմի ժամանակաշրջանի հետ: Պատերազմի տարիներին հնարավոր էլ չէր լինի խուսափել արտագաղթի աղետից՝ հաշվի առնելով փոքր Հայաստանին վրա հասած արհավիրքները` երկրաշարժ, Խորհրդային Միության փլուզում, Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններ, շրջափակում:

Իսկ հիմա ո՞վ է խանգարում կանգնեցնել Հայաստանը մաշեցնող այս երևույթը: Ինչպե՞ս եղավ, որ վերջին 6 տարիներին, ամենահամեստ տվյալներով, Հայաստանը լքել է ավելի քան 300.000 մարդ:

Ի վերջո, մարդիկ ձգտում են նախագահ դառնալ ` իրավիճակ փոխելու, երկիրը զարգացնելու, դրական բարեփոխումներ իրականացնելու համար: Քիչ թե շատ պարկեշտություն ունեցող մեկը, չկարողանալով լուծել իր առջև դրված հիմնական խնդիրները, չպետք է իր ձախողումներն արդարացնելու համար զուգահեռներ անցկացնի քսան տարի առաջ տեղի ունեցած հետ: Որքա՜ն ճղճիմ է  իր իսկ տկար կառավարման հետևանքով Հայաստանի դատարկվելը պատերազմական տարիների հետ համեմատել փորձը:

ԼՂ հակամարտության կարգավորման քննարկումներին Ս. Սարգսյանը վերստին աչքի ընկավ կանխատեսելիությամբ`նա կրկին մեղադրեց նախկիններին` ԼՂ-ն բանակցություններից դուրս թողնելու մեջ՝ փորձելով խուսափել պատասխանատվությունից:

Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Սերժ Սարգսյանը 1998թ. հեղաշրջման առանցքային դերակատարներից մեկն էր: Նա պաշտպանում էր այն տեսակետը, որի համաձայն՝ հնարավոր կլիներ ստանալ այն ժամանակ սեղանի վրա դրված և ԼՂՀ-ին կարգավորման բոլոր հարցերում վետոյի իրավունքով օժտող փուլային փաստաթղթից  ավելի «լավը»: Արդեն 2007թ. նա, վարչապետի կարգավիճակով, հանդիպում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ` քննարկելու  Պրահյան գործընթացի արդյունք հանդիսացող փաստաթուղթը (որն ամիսներ անց դարձավ մեզ քաջ ծանոթ Մադրիդյանը), ուր ԼՂ իշխանությունների մասնակցությունը բանակցություններին, կարգավորման փաստաթղթի ստորագրմանը, հետպատերազմական միջոցառումների իրականացմանը՝ ամբողջությամբ վերացվել էր:

Սերժ Սարգսյանի  այս պատասխանները չեն հրապարակվել նախագահական լրատվական հաղորդագրություններում, որովհետև նա չէր ուզենա, որ թեմայից քաջատեղյակ մարդիկ արձագանքեն:

Այնուամենայնիվ, Ս. Սարգսյանը և իր արտաքին քաղաքական թիմը պետք է ուրախ լինեն, որ Ուրուգվայի հայ համայնքի ներկայացուցիչները խղճացին նրան և չհարցրին.

-   ե՞րբ է պատրաստվում Ս. Սարգսյանը օգտվել ԼՂ հարկատուների հաշվին միլիոնավոր դոլարներ արժեցած Ստեփանակերտի օդանավակայանի ծառայություններից: Նա խոստացել էր դա անել առաջինը, և հիմա Ղարաբաղի ժողովուրդն անհամբեր սպասում է, թե երբ է Սարգսյանը ինքաթիռով վայրէջք կատարելու իրենց օդանավակայանում: Այլապես՝ նա պետք է խոստովանի, որ դիվանագիտական ասպարեզում կատարելապես ձախողվել է՝ չկարողանալով ապահովել միջազգային պատկան ատյանների համաձայնությունը` օդանավակյանի գործարկման վերաբերյալ,

-   ինչո՞ւ, ի տարբերություն Վրաստանի, Հայաստանը տակավին չի կարողանում օգտվել ԱՄՆ Հազարամյակի մարտահրավերների կորպորացիայի միջոցներից, այն պայմաններում, երբ այսօր այդ միջոցների (խոսքը հարյուրավոր միլիոն ԱՄՆ դոլարի հասնող գումարների մասին է) կարիքը ավելի քան կենսական է,

-   ինչո՞ւ Սերժ Սարգսյանը զրկեց Հայաստանը ԵՄ կողմից անցկացվելիք դոնորների կոնֆերանսից`  հօգուտ մշուշոտ հեռանկարի,

-   ո՞րն է պատճառը, որ օրուգիշեր 7 միլիոնանոց Սփյուռքից խոսող Սերժ Սարգսյանը իրականացրել է այնպիսի ապաշնորհ կառավարում, որ երեք տարվա մեջ հինգ անգամ կրճատվել են տնտեսության համար այդքան անհրաժեշտ ներդրումները: Այսօր էլ մենք գրանցում ենք ներդրումների անշեղ նվազում,

-   ինչո՞ւ Հայոց Ցեղասպանության 100-ամյակի շեմին արդեն 4 տարի որևէ երկիր չի ճանաչել Ցեղասպանությունը,

-   ո՞րն է պատճառը, որ միջնորդ երկրների ներկայացուցիչները սկսեցին պահանջել Հայաստանից միակողմանի զիջումներ` ԼՂՀ շուրջ 7 շրջաններն Ադրբեջանին վերադարձնելու եղանակով, ինչո՞ւ ՀՀ ԱԳՆ չտվեց համարժեք պատասխան,

-   ո՞րն էր պատճառը, որ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով ՀՀ ԱԳՆ-ն փոխզիջումների փոխարեն սկսեց խոսել զիջումներից,

-   որքա՞ն պետք է ձգվի Մաքսային միությանը կամ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը` անորոշության մեջ թողնելով Հայաստանի բիզնես միջավայրը:

Սրանք հարցերից միայն մի քանիսն են, որ չբարձրացվեցին Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ: Միայն կարելի է պատկերացնել, թե այս անգամ ում և ինչպես էր մեղադրելու Ս. Սարգսյանը իր ձախողումներն արդարացնելու համար: Նրա՝ իշխանության ղեկին մնալու ամեն լրացուցիչ օրը հղի է նորանոր զիջումներով, Հայաստանի նահանջով, ժողովրդի կենսամակարդակի անկմամբ:

Վլադիմիր Կարապետյան