12.11.2012 13:56

Կենտրոնական բանկը թողարկել է նոր հուշադրամներ

Կենտրոնական բանկը թողարկել է նոր հուշադրամներ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը «Մենամարտի արվեստը» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է   երկու արծաթե հուշադրամ՝ «Կարատե» և «Կոխ»: Այս մասին iLur.am-ին հայտնում են Կենտրոնական բանկից:

«Կարատե» հուշադրամի դիմերեսին պատկերված են Օկինավա կղզում գտնվող Սյուրիձյո պալատի Սյուրեյմոն հայտնի դարպասները և հուշադրամի թողարկման տարեթիվը` «2012»: Վերևի և ներքևի կիսաշրջագծերով մակագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 1000 ԴՐԱՄ» և «REPUBLIC OF ARMENIA 1000 DRAM»: Եզրագծով տեղադրված են զարդանախշեր:

Հուշադրամի դարձերեսի կենտրոնում պատկերված են երեք մարզիկներ, որոնք կատարում են կարատե մարզաձևին հատուկ հնարքներ: Կիսաշրջագծով մակագրված են «ԿԱՐԱՏԵ» և «KARATE»: Հուշադրամը շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ:

«Կոխ» հուշադրամի դիմերեսին պատկերված են Սևանի թերակղզում գտնվող «Սևանավանք» հայկական վանական համալիրը և հուշադրամի թողարկման տարեթիվը` «2012»: Վերևի և ներքևի կիսաշրջագծերով մակագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 1000 ԴՐԱՄ» և «REPUBLIC OF ARMENIA 1000 DRAM»: Եզրագծով տեղադրված են զարդանախշեր:

Հուշադրամի դարձերեսի կենտրոնում պատկերված են երկու ըմբիշներ լեռների ֆոնի վրա: Աջ և ձախ հատվածներում պատկերված են ազգային տարազներով նվագողներ: Կիսաշրջագծով մակագրված են «ԿՈԽ» և «KOKH»: Հուշադրամը շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ:

Հուշադրամների պատրաստման ժամանակ օգտագործվել են գունավոր ներկեր: Հուշադրամների ուրվագծերի հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը: Հուշադրամները հատվել են Գերմանիայի «Մայեր» դրամահատարանում:

Հուշադրամների անվանական արժեքը 1000 դրամ է, տպաքանակը՝ մինչև 5000 հատ: