12.11.2012 15:45

Զարուհի Փոստանջյանը պահանջում է օրակարգից հանել հայ-թուրքական արձանագրությունները

Զարուհի Փոստանջյանը պահանջում է օրակարգից հանել հայ-թուրքական արձանագրությունները

Շատ եմ ցավում, բայց ստիպված եմ հայտարարություն անել, որ հայ-թուրքական խայտառակ արձանագրությունները, որոնց հետևեցին նաև նախապայմաններ, ներկայումս գտնվում են Ազգային ժողովի օրակարգում, թեպետ հենց արձանագրությունների մեջ են բոլոր նախապայմանները: Ինչպես հայտնում է iLur.am-ի թղթակիցը, այսօր Ազգային ժողովի նիստում նման հայտարարությամբ հանդես եկավ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

«Ես կարծում եմ՝ այդ արձանագրություններն օր առաջ պետք է դուրս գան ԱԺ օրակարգից, և դուք, լինելով մեծամասնություն, ձեր նախագահին պետք է հորդորեք և պահանջեք, որ այդ արձանագրությունները հանեն ՀՀ հինգերորդ գումարման ԱԺ օրակարգից»,- հայտարարեց Փոստանջյանը:

Նա նշեց, որ մեր հայրենակիցները ստիպված լքում են Սիրիան և գնում տարբեր երկրներ՝ փախստականի, գաղթականի կարգավիճակով, և այդտեղ մեղավոր է նաև Թուրքիան:

«Դուք գիտեք, թե ինչ դերակատարություն է ստանձնել Թուրքիան այդ պատերազմում, հետևաբար՝ այս խայտառակ արձանագրությունները շարունակել պահել ԱԺ օրակարգում՝ ուղղակի խայտառակում է մեզ բոլորիս»,- նշեց պատգամավորը:

Հանրապետական Արտաշես Գեղամյանն էլ կարծիք հայտնեց, թե ճիշտ է, որ մինչև օրս հայ-թուրքական արձանագրությունները օրակարգից չեն հանվում, քանի որ «դա մեր հաղթաթուղթն է դրսում»: Իր հերթին՝ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանն ասաց, թե դա պատգամավորների ֆունկցիան չէ, այլ հանրապետության նախագահի:

«Ամեն անգամ հարցը բարձրացնելով՝ բովանդակային առումով ոչինչ չի փոխվում»,- ասաց Աբրահամյանը: