23.07.2014 11:23

Խմբագրական. Կոնգրեսի նախագահը կպավ ամենազգայուն լարերին

Խմբագրական. Կոնգրեսի նախագահը կպավ ամենազգայուն լարերին

Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը, ինչպես միշտ, հունից հանել է հանրապետականներին ու նրանց ծառայող վերլուծաբաններին: Այս անգամ այս խմբի ներկայացուցիչների անդրադարձը առավել ծավալուն էր և ջղաձիգ: Ակնհայտ է, որ Հայ ազգային կոնգրեսի նախագահը կպել է ամենազգայուն լարերին՝ բացահայտելով իշխանությունների՝ տարբեր ուղղություններով մշակած նենգ ծրագրերը:

Կոնգրեսի ղեկավարի վրա հարձակումների այս տարափը, ըստ իս, ունի երկու նպատակ.

- քողարկել արտաքին քաղաքական խայտառակ ձախողումները,

- ցուցադրել սեփական թիմին, թե իբր իշխանությունը դեռ պահպանում է ընդդիմությանը քննադատելու կարողությունը:

Սերժ Սարգսյանի ձախողումները դառնում են ավելի ակնառու և այլևս վտանգում են մեր պետական շահերը: Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության խոչընդոտների մասին ասված էր Լ.Տեր-Պետրոսյանի հարցազրույցում, այդ իսկ պատճառով հիշատակենք հուլիսի 15-ին տեղի ունեցած մի խայտառակ իրադարձության մասին. Իտալիա կատարած այցի ընթացքում Ադրբեջանի նախագահը Իտալիայի ղեկավարության հետ ստորագրել է ռազմավարական համագործակցության Համատեղ Հռչակագիր: Դրանում, մասնավորապես, կա հետևյալ կետը. «…սերտ համագործակցություն Ադրբեջանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության հիման վրա և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի և ԵԱՀԿ որոշումների ու փաստաթղթերի համաձայն հայ-ադրբեջանական Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում….»

(…Closer cooperation on a peaceful resolution of the Armenia-Azerbaijan Nagorno-Karabakh conflict on the basis of sovereignty, territorial integrity and inviolability of borders of the Republic of Azerbaijan, in accordance with the relevant UN Security Council resolutions and OSCE documents and decisions, as well as on the basis of the ongoing negotiation process held under its aegis):

Ինչ է սա նշանակում.

-Ադրբեջանը կարողացավ Հայաստանի հետ փայլուն հարաբերություններ ունեցող պետությանը քաշել իր կողմ և ստորագրել Հայաստանի և ԼՂՀ-ի համար անընդունելի մի փաստաթուղթ: Այսպիսով, Հռչակագրի համապատասխան դրույթը ծառայելու է որպես նախադեպ` ԵՄ անդամ այլ պետությունների հետ նման անընդունելի ձևակերպմամբ փաստաթղթեր նախաձեռնելու և ընդունելու համար, ինչը կնշանակի ԼՂ հակամարտության կարգավորման հարցում դիվանագիտական լրջագույն առաջխաղացում Ադրբեջանի համար:

-Հայաստանի ԱԳՆ աշխատանքի հերթական ամոթալի ձախողում: Անցած տարվա սեպտեմբերին պաշտոնական այցով Իտալիայում էր գտնվում ՀՀ բյուջեի հաշվին շրջագայող համար առաջին զբոսաշրջիկը` Է. Նալբանդյանը: Արդյունքում` Իտալիան դարձավ  ԵՄ առաջին երկիրը, որը ԼՂ հակամարտության կարգավորումը տեսնում է Ադրբեջանի կազմում:

-Ամիսներ առաջ Սերժ Սարգսյանը փոխեց Հռոմում/Վատիկանում մեր դեսպաններին` մեկում նշանակելով սեփական փեսային, մյուսում` փեսայի ընկերոջը, որը ոչ մի օր չէր աշխատել ՀՀ ԱԳՆ համակարգում, նույնիսկ Հայաստանում չէր ապրում: Մինչ այդ Իտալիայում Հայաստանը ներկայացնում էր մեր դիվանագիտության ամենափորձառու կադրերից մեկը` Ռուբեն Կարապետյանը, ով, կասկած չկա, օգտագործելով իր կապերը և պնդելով, որ Իտալիայի դիրքորոշումը չի կարող տարբերվել ԼՂ հարցում ԵՄ դիրքորոշումից, կկարողանար խափանել ԼՂ հակամարտության կարգավորման համար վտանգավոր այս զարգացումը: Այսպիսով, այս խայտառակ ձախողման համար առաջին պատասխանատուներն են Սերժ Սարգսյանն ու Մ. Մինասյանը, որոնք դիվանագիտական ոլորտն էլ վերածեցին ընտանեկան բիզնեսի:

-Մեկ շաբաթից ավելի է անցել Հռչակագրի ստորագրումից, սակայն ՀՀ ԱԳՆ-ն  հանդես չի եկել որևէ հայտարարությամբ: ՀՀ ԱԳՆ-ն պարտավոր էր բարձրաձայնելու, որ անընդունելի է, երբ ԵՄ անդամ պետություն հանդիսացող Իտալիան փորձ է անում կանխորոշելու հակամարտության կարգավորումը` հակառակ ԵՄ բազմիցս հայտնած պաշտոնական դիրքորշման: ՀՀ ԱԳՆ-ի լռությունից կրկին կօգտվի պաշտոնական Բաքուն, որը միջազգային հանրությանը այն կմատուցի որպես Հայաստանի համաձայնություն նման ձևակերպմանը:

-Ակնկալում ենք նաեւ պաշտոնական Ստեփանակերտի արձագանքը, որը կդրդի նաև ՀՀ ԱԳՆ-ին՝ ներկայացնելու Հայաստանի պաշտոնական մոտեցումը:

Պատկերավոր դարձնելու համար ՀՀ ԱԳՆ դերակատարությունը նման զարգացումներում՝ պարզապես հիշեցնենք, որ օրեր առաջ, անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը, ՀՀ ԱԳՆ-ն առաջին անգամ փոխզիջման փոխարեն խոսեց զիջումների մասին (միակողմանի):

Մեկը մյուսին հաջորդող այս տագնապալի զարգացումներից հասարակության ուշադրությունը շեղելուն են ուղղված հանրապետականների հարցազրույցային հարձակումները: Ավելի քան զավեշտալի է Է. Շարմազանովի արձագանքը: Աչք է զարնում, որ հաջողակ կուսակցական կարիերա կատարած երիտհանրապետականի այս տեսակը ունակ չէ կարդալու միջազգային փաստաթղթերն ու հասկանալու դրանց բովանդակությունը: Այլապես դժվար է բացատրել, թե նա ինչպես կարող էր որևէ դրական բան գտնել այն իրավիճակում, որ կա այսօրվա բանակցային` ամբողջությամբ փակուղային գործընթացում  (վերջին շունչը փչող Մադրիդյան փաստաթուղթն էլ ներառյալ), ու հետն էլ փորձ անել համեմատել այս վիճակը 1998թ. կարգավորման փուլային տարբերակի հետ: Բազմիցս նշվել է, որ վերջինս նախատեսում էր ԼՂՀ մասնակցությունը կարգավորման բոլոր փուլերում` վետոյի իրավունքով: Այսօր Սերժ Սարգսյանը հրապարակավ խոստովանում է, որ ոչ էլ բարձրացնում է ԼՂՀ բանակցային սեղանին վերադարձի հարցը (Ուրուգվայում նա խոսել էր միայն ԼՂՀ իշխանություններին բանակցությունների մասին տեղեկացնելու մասին): Սերժ Սարգսյանի կառավարման օրոք բոլոր միջազգային հեղանակավոր կազմակերպություններում անցել են հակահայկական բանաձևեր, արդեն ԵՄ անդամ պետություններն են մեր դեմ փաստաթղթեր ընդունում, ու անտեսելով այդ ամենը՝ երիտհանրապետականները դեռ հասցնում են փնովել ԼՂՀ բանակցություններին մասնակցելու «ոսկե դարը»:

ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Սերժ Սարգսյանի ու իր արտաքին քաղաքական թիմի նահանջը պետք է մանրակրկիտ գրանցվի, և տրվի գնահատական: Այսօր և ապագայում: 

Հ.Գ. Համատեղ հայտարարության տեքստը՝ որպես պաշտոնական փաստաթուղթ, հրապարակվել է Իտալիայում Ադրբեջանի դեսպանատան կայքում:

Մեր հղումը Ադրբեջանի դեսպանության հրապարակած տեղեկատվությանը պայմանավորված է միայն մեկ հանգամանքով, որ այն՝ ընդունումից մեկ շաբաթ անց մինչ օրս չի հերքվել պաշտոնական Հռոմի կողմից, հակառակ պարագայում այն կարելի էր համարել ադրբեջանական կողմի հերթական միջազգային սադրանքներից մեկը: Այդուհանդերձ, մենք կփորձենք ստանալ իտալական կողմի հաստատումը կամ հերքումը և կրկին կանդրադառնանք խնդրո առարկային: 

Վլադիմիր Կարապետյան