12.11.2012 16:52

Հրանտ Բագրատյան. 7%-ով նվազագույն աշխատավարձ են բարձրացնում, երբ գները բարձրացել են 10,1 %-ով

Հրանտ Բագրատյան. 7%-ով նվազագույն աշխատավարձ են բարձրացնում, երբ գները բարձրացել են 10,1 %-ով

Մեզ հայտարարվել է հետևյալը, որ 470 000 աշխատողից 310 000-ն են նվազագույն աշխատվարձ ստանում. այդպիսի բան լինել չի կարող, եթե միջին աշխատավարձը 120.000 դրամ է: Ինչպես հայտնում է iLur.am-ի թղթակիցը, այսօր Ազգային ժողովում «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության պատգամավորր Հրանտ Բագրատյանը:

«Էս Աղայանի հայտնի հեքիաթն է, էն որ թագավորն ասում է՝ ով այնպիսի սուտ ասի, որ ասեմ՝ սուտ է, թագավորության կեսը կտամ: Գալիս են, տարբեր ստեր են ասում, մեկն էլ ասում է՝ դու ինձ փող ես պարտք, ոսկի ես պարտք: Հիմա էս նույն բանն է: Հիմա եթե ես սխալ եմ եղել իմ 72 500 դրամով, ուրեմն միջին աշխատավարձի թիվը սխալ է, իսկ դուք զեկուցում եք, որ 120 000 դրամ միջին աշխատավարձ եք տալիս»,- հայտարարեց Բագրատյանը:

Ըստ նրա՝ պահանջվում է 22 մլրդ դրամ այս վիճակը փոխելու համար, և ամբողջ բարդագույն սխեման, որ ստեղծել են՝ մաքսային ծառայություն, քաղաքացիական ծառայություն, հարկային՝ սխալ է:

«Դե որ սխալ եք արել, փոխեք: Ո՞նց կարող է դուք ստեղծեք սիստեմ, երբ նվազագույն աշխատավարձը կազմում է միջին աշխատավարձի 25 տոկոսը: Դուք դատապարտում եք մարդկանց աղքատության, և 2013-ի բյուջեն ընդունելուց հետո աղքատությունը 35,8 %-ից դառնում է 37%: Ուրիշ ձև չկա, խնդիրն այն չէ, որ ՀՆԱ-ն աճում է, հետո՞ ինչ: ՀՆԱ-ն աճում է տասը մարդու համար, բա մնացա՞ծը»:

Բագրատյանն իր վրդովմունքը հայտնեց, թե 7%-ով նվազագույն աշխատավարձ են բարձրացնում, երբ գները բարձրացել են 10,1%-ով: Պատգամավորն այս որոշումը «անհեթեթ փոփոխություն» որակեց և կոչ արեց դեմ քվեարկել, քանի որ որևէ լուծում ներկայացված չէ:

«Գոնե փոխհատուցեք այն, ինչ մարդիկ ունեին երկու տարի առաջ, գոնե բարձրացրեք էնքան, ինչքան գներն են բարձրացել»,- եզրափակեց Բագրատյանը: