24.07.2014 11:42

ԲՀԿ-ական պատգամավոր. Չեմ բացառում, որ աշունը լինի սպասվածից կրկնակի դոզայով թեժ

ԲՀԿ-ական պատգամավոր. Չեմ բացառում, որ աշունը լինի սպասվածից կրկնակի դոզայով թեժ

7or.am-ի զրուցակիցն է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Խաչատրյանը:

Ձեր կարծիքով՝ իրականում ինչո՞ւ է իշխանությունը հենց ա՛յս պահին ձգտում սահմանադրական փոփոխությունների, և արդյո՞ք դրանց անհրաժեշտությունը կա։

–Իշխանությունը յուրաքանչյուր փոփոխություն նախաձեռնելուց առաջ միշտ էլ իր փաստարկները բերում է: Այլ հարց է, թե որքանով են այդ փաստերն ընկալելի, առավել ևս՝ ընդունելի՛ հանրության կողմից: Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իշխանության տեսակետը, կարծում եմ, համոզիչ չէ: Այո՛, կա փոփոխություն անելու անհրաժեշտություն, բայց ոչ թե երկրի մայր օրենքը պետք է ենթարկվի բարեփոխման, այլ մարդկանց մտածելակերպը, որ երկրում առավել կարևոր ու հրատապ լուծում պահանջող հարցեր կան: Միայն աղքատության շուրջ 40 տոկոսի հասնող ցուցանիշն ու արտագաղթի չնվազող տեմպերը հուշում են, որ իշխանությունն օր առաջ պետք է իր բոլոր ջանքերն ու ռեսուրսները կենտրոնացնի հենց ա՛յս խնդիրների լուծման վրա: Հանրությունն այսօր իշխանությունից սպասում է տնտեսական, ոչ թե սահմանադրական փոփոխություններ:

Քաղաքական լուրջ դերակատարություն ունեցող ուժերը դեմ են արտահայտվել այս պահին Սահմանադրություն փոխելուն։ Եթե, այնուամենայնիվ, դա անտեսելով՝ իշխանությունը փորձի գնալ սահմանադրական փոփոխությունների, ի՞նչ ներքաղաքական զարգացումներ եք կանխատեսում։

–Խորհրդարանական ոչ իշխանական, այդ թվում՝ բազմաթիվ արտախորհրդարանական ուժեր, այո՛, դեմ են սահմանադրական փոխություններին: Գոնե այս ժամանակաշրջում դրանց անհրաժեշտությունը չկա: Եվ եթե իշխանությունն, այդուհանդերձ, որոշի իրականացնել այդ ժամանակավրեպ փոփոխությունները, ապա չեմ բացառում, որ սահմանադրական փոփոխություններին դեմ քաղաքական ուժերի ու քաղաքացիական հասարակության կողմից խոստացված աշունը լինի սպասվածից կրկնակի դոզայով թեժ: Բոլոր դեպքերում, իշխանության գործողությունները մեր կողմից կարժանան համարժեք քայլերի: