24.07.2014 22:11

Մշակույթը՝ քաղաքական խաղերի առարկա

Մշակույթը՝ քաղաքական խաղերի առարկա

Այն օրը, երբ ԵՄ-ն պետք է գլուխ հաներ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթից, Լեհաստանը հայտարարել է երկու երկրների մշակույթի Խաչաձև տարիները չեղյալ հայտարարելու մասին, ինչը պետք է կայանար 2015 թ.: Վարշավան Ուկրաինայի իրադրության կապակցությամբ տեղին չի համարում անցկացնել նախատեսված միջոցառումները:

Լեհաստանում Ռուսաստանի տարին չեղյալ հայտարարելու մասին որոշումը Վարշավան կայացրել է, մասնավորապես, մալայզիական Boeing 777-ի կործանման պատճառով, հայտարարել է Gazeta wyborcza-ն՝ հղում անելով Լեհաստանի կառավարության մամլո քարտուղարին: Ինչպես տեղեկացնում է թերթը, միջոցառումը չեղյալ է հայտարարվել երկրի մշակույթի նախարար Մագլոժատա Օմինալովսկայի և ԱԳՆ ղեկավար Ռադոսլավ Սիկորսկու նախաձեռնությամբ: Դա, ինքնըստինքյան, նշանակում է, որ չի լինի նաև Լեհաստանի տարի Ռուսաստանում, նշել է կառավարության ներկայացուցիչը:

Սիկորսկին և նրա ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովը մշակույթի Խաչաձև տարիների անցկացման վերաբերյալ պայմանավորվել են 2013 թ. Վարշավայում: Միջոցառումների ցանկում նախատեսվում էր Ռուսաստանում հայտնի լեհական նոր ֆիլմերի ցուցադրություն, նաև զանազան զբոսաշրջային միջոցառումներ, որոնք, հեղինակների կարծիքով՝ «կհարստացնեին և կմերձեցնեին Ռուսաստանի և Լեհաստանի ժողովուրդներին»:  

Ի դեպ, մշակույթն առաջին անգամ չէ, որ դառնում է Լեհաստանի և Ռուսաստանի քաղաքական խաղերի առարկան: Այսպես, օրինակ, լեհական կինոյի դասական Անջեյ Վայդայի «Կատին» ֆիլմը, նվիրված լեհ սպաների գնդակահարությանը ՆԳԺԿ աշխատակիցների կողմից, սկզբում թույլ չէին տվել ցուցադրել Ռուսաստանում, սակայն եվրոպական էկրաններ բարձրանալուց հետո՝ երեք տարի անց, այն անակնկալ ցուցադրվեց «Կուլտորա» հեռուստաալիքով՝ Կատինի գնդկահարությունների տարելիցին նվիրված սգո արարողություններին Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու՝ Ռուսաստան այցից մի քանի օր առաջ: Ապրիլի 10-ին լեհ նախագահի օդանավը կործանվեց Սմոլենսկի մոտ, և հաջորդ օրն իսկ «Ռոսիա-1»-ը աղետի զոհերի հիշատակին կինոնկարը ցուցադրեց իր եթերում: Փոխանցում է gazeta.ru-ն: