25.07.2014 13:14

Արամ Մանուկյան. Դա կլինի իշխանությունների անվստահության հանրաքվեն

Արամ Մանուկյան. Դա կլինի իշխանությունների անվստահության հանրաքվեն

iLur.am-ի զրուցակիցն է ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

- Իշխանություններն այս օրերին զբաղված են մարզերում սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը քննարկելով: Դատելով հասարակական տրամադրություններից, Ձեր կարծիքով՝ որքանո՞վ է այդ հարցը արդիական, պահանջված:

- Հարցը ոչ միայն արդիական չէ, ոչ միայն պահանջված չէ, այլև ինչ իրենք անում են՝ անհեթեթություն է: Սահմանադրական դատարանի նախագահը Սահմանադրությունն է խախտում: ՍԴ նախագահն ի՞նչ գործ ունի սահմանադրական փոփոխություններ գովազդելու հետ: Որևէ մեկը կարո՞ղ է այս հարցին պատասխանել: Սա ՍԴ նախագահի ու ՍԴ-ի լիազորությունների մեջ չի մտնում: Երկրորդ՝ ո՞վ է թույլ տվել պետությունից դուրս կառույցների հետ քննարկել սահմանադրական փոփոխությունների հարց: Եկեղեցին ի՞նչ կապ ունի այդ գործընթացի հետ: Որևէ մեկը կարո՞ղ է այս հարցին պատասխանել: Թե՞ եկեղեցին պիտի գա իր հոտին համոզի, որ համաձայնեն սահմանադրության փոփոխություններին: Անգամ դպրոցականները գիտեն, որ պետությունը եկեղեցուց անջատ է, հետևաբար՝ կաթողիկոսի ի՞նչ գործն է սահմանադրական փոփոխությունները քննարկելը: Եվ երրորդ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն անկախ պետությո՞ւն է: Եթե այո, ինչո՞ւ է  ՍԴ նախագահը Ղարաբաղում ղարաբաղցիների, ԼՂՀ նախագահի հետ քննարկում Հայաստանի Հանրապետության սահմանադրական փոփոխությունների հարց: Ամոթ է պարզապես:

- Ուղղակի՝ իշխանությունները կարող են արդարանալ, թե ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը որպես մասնագիտական հանձնաժողովի ղեկավար է անցկացնում այդ հանդիպումները:

- Մասնագիտական հանձնաժողովը թող մասնագիտական նյութը տա խորհրդարանին, խորհրդարանը, քաղաքական ուժերը զբաղվեն այդ հարցով: ՍԴ նախագահն իրավունք չունի ներկայացնելու, գովազդելու սահմանադրական փոփոխությունները: Ինքը, օրենսդրության համաձայն, անկախ միավոր է: Թե՞ երբ Սերժը հանձնարարում է, ինքը հնազանդ կատարում է առաջադրանքը:

- Իսկ ինչո՞ւ են նման կոպիտ խախտումներ անում:

- Դա պետք է իրենց հարցնել: Ես ասում եմ՝ մասնագիտական հանձնաժողովը թող նյութը տա խորհրդարանին, քաղաքական ուժերը զբաղվեն դրանով: Եվ հետո, ՍԴ նախագահն ի՞նչ գործ ունի այդ սահմանադրական հանձնաժողովի հետ: Թող իրավաբաններից կազմված չեզոք հանձնաժողով ձևավորեին, թող այդ հանձնաժողովն այդ աշխատանքը կատարեր:

- Կարո՞ղ ենք ամրագրել, որ Սահամանդրական փոփոխություններն ամենևին էլ հասարակական պահանջարկ չունեն:

- Այո, Հայաստանի ժողովուրդն այսօր դրա կարիքը չունի:

- Բայց սահմանադրական փոփոխությունների այդ հանձնաժողովը պնդում է, որ ներկայիս Սահմանադրությունը մարդակենտրոն չէ, որ շատ խնդիրների պատճառը հենց այդ սահմանադրությունն է, և եթե փոխենք, ապա ամեն ինչ լավ կլինի: Ձեր կարծիքով, իրո՞ք գործող Սահմանադրությունը վատն է և փոփոխության կարիք ունի:

- Հայ ազգային կոնգրեսը հայտարարել է, որ երբևէ բովանդակային քննարկման չի մասնակցի: Մենք ընդամենը ասում ենք՝ եթե իրենք համարձակվեն Սահմանադրական փոփոխությունները դնել հանրաքվեի, ապա դա կլինի իրենց անվստահության հանրաքվեն:

Արման Գալոյան