02.09.2012 14:33

ՀՅԴ-ն պահանջում է «վերատեսության ենթարկել բանակցությունները շարունակելու նպատակահարմարությունը»

ՀՅԴ-ն պահանջում է «վերատեսության ենթարկել բանակցությունները շարունակելու նպատակահարմարությունը»

Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու եւ նրան Ադրբեջանում ներում շնորհելու կապակցությամբ ՀՅԴ ԳՄ-ի հայտարարությունը:

«Գուրգեն Մարգարյանին սպանած հանցագործին Եվրոմիության,  ՆԱՏՕ-ի անդամ Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին հանձնելու  և նրան անհապաղ ներում շնորհելու` միջազգային իրավունքի առումով աննախադեպ իրողության առիթով անհրաժեշտ ենք համարում արձանագրել հետևյալը.

ա. Պատմական փորձով մենք վաղուց համոզվել ենք, որ պետություններն առաջնորդվում են բացառապես իրենց քաղաքական-տնտեսական շահերով: Եթե իրենց ձեռնտու է, թքած ունեն միջազգային իրավունք, հումանիզմ, բարոյականություն հասկացությունների վրա: Մեր խնդիրները պարտավոր ենք մենք լուծել, մեզ վրա բարձրացված ձեռքը պարտավոր ենք մենք կտրել: Ուրիշներին մեղադրելը, ուրիշներից արդարություն հայցելը, հայտարարված միջազգային իրավունքի գործադրում պահանջելը  թերևս անհրաժեշտ, բայց մեծ հաշվով անհեռանկար զբաղմունք է:

Անկախության վերականգնումից հետո, ցավոք,  մենք չենք կարողացել այս օրինաչափությունն ու մտածողությունը պետական հիմքերի վրա դնել:

բ. Որ ադրբեջանի ազգային հերոսը քնած ժամանակ մարդուն կացնահարած ողորմելին  է, իրենց խնդիրն  ու դժբախտությունն է:

գ.  Որ վերջին տարիններին Ադրբեջանը, Թուրքիայի անմիջական աջակցությամբ ու մասնակցությամբ, մեծացնում է  ազդեցությունը միջազգային ասպարեզում, իր շահերից ելնելով ինքնուրույն քայլեր է կատարում, իսկ Հայաստանը կորցնում է հաշվառելի գործոն դառնալու կարողականությունը, նույնպես իրականություն է:

դ. Հայաստանի Հանրապետության նախագահի օգոստոսի 31-ի կատարած գործողությունները որքան վճռական, սկզբունքային էին, թերևս` նույնքան էլ ուշացած: Ակնհայտ է, որ մեր դիվանագիտական կորպուսը, տեղյակ լինելով հնարավոր զարգացումներից, անկարող է եղել կանխել դրանք:

Մեկնելով այս հաստատումներից` ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարում է.

1.  Այդուամենայնիվ` անհրաժեշտ է պետականորեն ծրագրված հստակ քայլեր ձեռնարկել` այս պարտության հետևանքները մեղմելու և միջազգային ասպարեզում կորցրածը ետ բերելու նպատակով:

2.   Պահանջում ենք վերատեսության ենթարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի  ձևաչափով Ղարաբաղյան հարցի վերաբերյալ Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակելու նպատակահարմարությունը և Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև ռազմաքաղաքական  դաշինք կնքելու գործնական քայլ ձեռնարկել:

3.  Պահանջում ենք անդրադառնալ միջազգային հանրության պահանջով  հայ-թուրքական արձանագրությունները օրակարգի վրա պահելու քաղաքականությանը և ետ կանչել Հայաստանի ստորագրությունը:

4.  Մեր գնահատմամբ, ստեղծված կացությունից ելքը հասարակության լայն շրջանակների, քաղաքական ուժերի, սփյուռքի հետ համագործակցաբար` Հայաստանում և հայության մեջ ազգային ու  բարոյահոգեբանական  առողջ մթնոլորտ ձևավորելու նախադրյալների ստեղծումն է, ինչը հնարավորություն կտա տարածաշրջանում և աշխարհում մեծացնել մեր պետականության կշիռն ու ազդեցությունը»: