29.07.2014 15:35

Հայաստանի ամենախոշոր դիվանագիտական պարտությունը

Հայաստանի ամենախոշոր դիվանագիտական պարտությունը

Նախորդ հոդվածում անդրադարձել էինք ՀՀ դիվանագիտության հերթական ձախողմանը: Սա, իսկապես, ամենախայտառակ պարտությունն է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի 20-ամյա պատմության մեջ: Մինչ այդ մի շարք հեղինակավոր կազմակերպություններ`

-  ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը`2008թ. մարտի 14-ին, բանաձև 62/243 

-  Եվրոպական խորհրդարանը՝ երկու անգամ` 2010թ. մայիսի 20-ին  և 2012թ. ապրիլի 18-ին,

-  ԵԽԽՎ-ն` 2008 թ. հունիսի 24-ին ընդունել էին բանաձևեր, ուր, մասնավորապես, խոսվում էր «բռնազավթած տարածքների` Ադրբեջանին վերադարձնելու անհրաժեշտության վերաբերյալ»: Այս բոլոր փաստաթղթերի համար անձամբ պատասխանատու է Սերժ Սարգսյանը (ՄԱԿ-ի բանաձևի մասով կիսելով այն Մարտի 1-ի սպանդի կազմակերպիչների հետ), որի վարած ապաշնորհ, ոչ պրոֆեսիոնալ արտաքին քաղաքականության արդյունքում Ադրբեջանը մեկը մյուսի հետևից սկսեց տոնել հաղթանակներ դիվանագիտական ասպարեզում:

Սակայն այն, ինչ տեղի ունեցավ հուլիսի 15-ին, այլ կերպ, քան հանցավոր դիլետանտիզմ և ԼՂ-ի ժողովրդի պայքարի ուրացում՝ դժվար է անվանել: Ադրբեջանը հաջողեցրեց ԵՄ անդամ պետության, ԵՄ-ոմ նախագահող Իտալիայի հետ ստորագրել մի փաստաթուղթ, որի համաձայն՝ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի սահմաններում: Որպեսզի պարզ լինի, թե ինչ է տեղի ունեցել, հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը, փաստորեն, բոյկոտեց ՆԱՏՕ-ի 2012 թ. Չիկագոյի գագաթնաժողովը, որը ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ընդունել էր նման մի ձևակերպում (Չիկագոյի գագաթնաժողովի հռչակագիր, հոդված 47): Իսկ հիմա պաշտոնական Երևանը լռում է` իր այդ անսկզբունքային կեցվածքով է՛լ ավելի լկտիացնելով ու սանձազերծելով Ադրբեջանին:

Փորձելով ներքին լսարանի համար քողարկել այս խայտառակ պարտությունը՝ ՀՀ ԱԳՆ-ն www.ilur.am կայքին է ուղարկել ադրբեջանա-իտալական համատեղ հռչակագիրը ստորագրելուց 3 օր հետո Բաքվում Իտալիայի դեսպանության մամուլի հաղորդագրությունը: ԱԳՆ-ն գիտեր, որ այն չի կարող համարվել հավասարազոր Ի. Ալիևի և Իտալիայի վարչապետի կողմից ստորագրված Համատեղ հռչակագրին: Մամուլի հաղորդագրության՝ ոչինչ չասող ձևակերպումները լուրջ չեն կարող դիտարկվել ո՛չ դիվանագիտական, ո՛չ իրավական, ո՛չ էլ քաղաքական հարթություններում: Համատեղ հայտարարության ադրբեջանամետ ձևակերպումը այսուհետ վտանգավոր նախադեպ է, և Ադրբեջանը, այլ երկրների հետ ԼՂ հարցում հարաբերություններ ձևավորելիս, հիմնվելու է ստորագրված փաստաթղթի, այլ ոչ թե Իտալիայի դեսպանության մամուլի հաղորդագրության (Comunicato stampa) վրա: Վերջինիս վրա նույնիսկ ՀՀ ԱԳՆ-ն չի կարող լիարժեք հղում կատարել՝ հաշվի առնելով դրա չնչին նշանակությունը:

Մամուլի հաղորդագրությամբ իտալական կողմը հաստատում է, որ Իտալիան ու Ադրբեջանը ընդունել են հռչակագիրը և, բնականաբար, չի հերքվում, որ ԼՂ հակամարտության կարգավորման մանդատով օժտված միակ «կառույցի»՝ Մինսկի խմբի անդամ Իտալիան երկկողմ մակարդակով համարում է, որ «Հայաստան-Ադրբեջան ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության հիմքի վրա»: Իտալիայի դեսպանությունը համարում է, որ այս ձևակերպումը «ուղղված չէ երրորդ երկրների դեմ»:  Հետաքրքրիր կլիներ տեղեկանալ, թե արդյոք ՀՀ ԱԳՆ-ն էլ է նույն կերպ մտածում:

Իտալիայի դեսպանության մամլո հաղորդագրությունը ավելի սուր է ընդգծում ՀՀ դիվանագիտության պարտությունը, քանզի դա այն ամե՛նն է, ինչին հասել է Է. Նալբանդյանի ղեկավարած գերատեսչությունը: Փաստորեն, ՀՀ ԱԳՆ-ն ու Բաքվում Իտալիայի դեսպանությունը, ձեռք ձեռքի, իրականացնում են մի առաքելություն, որի հիմքում հայ հասարակությանը մոլորեցնելն է և հայկական դիվանագիտության նվաստացուցիչ ձախողումը կոծկելը: Այդ գործողության շրջանակներում նախ իշխանամետ լրատվամիջոցները տարածեցին այդ հայտարարութունը, ապա ՀՀ ԱԳՆ-ն այն ներկայացրեց www.ilur.am կայքին՝ որպես ՀՀ ԱԳՆ դիրքորոշում, առանց անդրադառնալու այն հարցին, թե ինչո՞ւ է պարզաբանումներ տալիս Իտալիայի դեսպանությունը:

ԼՂ հիմնախնդրի նկատմամբ Իտալիայի կողմից իրավական ամրագրում ստացած հակահայկական դիրքորոշումը իրողություն է, որը քաղաքական և դիվանագիտական հետևանքներ կունենա ԼՂ հակամարտության կարգավորման հետագա ընթացքի վրա, հատկապես ՌԴ-Արևմուտք խորացող հակասությունների պայմաններում և հաշվի առնելով ԵՄ-Հայաստան հարաբերությունների ներկա ցածր մակարդակը:

Հռչակագրի ընդունումը ՀՀ դիվանագիտության պարտությունն է նաև այն պատճառով, որ հայկական կողմը չկարողացավ կատարել դիվանագիտության մեջ ամենակարևոր, առաջնային գործառույթը` կանխատեսումն ու կանխարգելումը: Հատկապես, որ երկու տարի առաջ (2012 թ. հուլիսին) Իտալիայի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կասեցվեց մի ադրբեջանամետ բանաձև ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ: Այնուհետև, դրանից մեկ ամիս անց, իտալացի 42 պատգամավորներ ստորագրեցին օրենսդրական նախաձեռնություն` Իտալիայի պատգամավորների պալատում քննարկան, այնուհետև ընդունման համար: Այս նախաձեռնությունը նույնպես չեզոքացվեց ՀՀ դեսպանության ջանքերով:

Դրան հաջորդում է Սերժ Սարգսյան - Միքայել Մինասյան զույգի կողմից մի գործողություն, որը չեզոքացնում է ադրբեջանական հաղթարշավի ճանապարհին հիմնական խոչընդոտը` կես տարի անց Ռ. Կարապետյանը ազատվում է պաշտոնից, և դեսպան է նշանակվում է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ Իտալիայում սովորած դասընկերը: Ինչպես արդեն նշել էինք, Սարգիս Ղազարյանը, որը չուներ դիվանագիտական աշխատանքի փորձ (այսինքն` նա պետք է ԱԳՆ-ում աշխատող դիվանագետների մեծամասնության նման նախ նշնակվեր ՀՀ ԱԳՆ-ում կցորդ, ապա, մի քանի տարի անց` երրորդ քարտուղար և այլն) և որպես փորձագետ էր աշխատում Բրյուսելում` ՀՀ իշխանությունների կողմից հիմնադրված մի ՀԿ-ում, նշանակվում է ՀՀ դիվանագիտության համար ամենաբարդ ու վտանգավոր վայրում ՀՀ դիվանագիտական առաքելության ղեկավար(!): Այդ նշանակումը իրական դիվերսիա էր Հայաստանի շահերի դեմ, քանզի այն ճանապարհ է բացել Ադրբեջանի համար` ԵՄ-ում նախագահող Իտալիայում ցանկալի ձևակերպումներ անցկացնելով ` օգտագործել  այն դիվանագիտական հաջողությունը զարգացնելու համար: Նորանշանակ դեսպանն ուներ բավականին ժամանակ (ավելի քան 1,5 տարի)՝ կանխելու մեզ համար այդ վտանգավոր զարգացումը, սակայն իր անմիջական ղեկավար Է. Նալբանդյանի հետ նրանք, փաստորեն, միայն մոտեցրել են հուլիսի 15-ը: Հիշեցնենք, որ անցած տարի սեպտեմբերին Է. Նալբանդյանը Իտալիայում էր, ինչից հետո իտալացիները թերևս համոզվեցին, որ կմարսեն ԵՄ պաշտոնական դիրքորոշմանը հակասող ադրբեջանամետ քայլը :

Ստեղծված իրավիճակում Սերժ Սարգսյանին այլ բան չի մնում, քան անհապաղ ազատել աշխատանքից Հայաստանը վարկաբեկող Է. Նալբանդյանին ու դեսպան Ս. Ղազարյանին: Այդ զույգը Հայաստանին ավելի մեծ վնաս հասցրեց, քան ԵՄ-ի հետ համագործակցության խորհրդարանական Հանձնաժողովը (ղեկավար` ՀՀԿ-ական Ս. Ֆարմանյան), որը «վերահաստատել էր իր աջակցությունը» «զավթած տարածքները Ադրեբեջանին հանձնելու մասին» Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների 2010 թ.Մուսկոկայի և 2009 թ. Լ’Աքվիլայի հայտարարությունները (հոդված 17): Նման սխալները օգտագործվում են Ադրբեջանի կողմից` այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ ԼՂ հարցում իրեն նպաստող փաստաթղթեր նախաձեռնելու և ստորագրելու համար: Նման վրիպումները նաև բարդացնում են մեր դիվանագետների ջանքերը` դիմագրավելու մեր սխալների վրա հենվող Ադրբեջանի օրըստօրե սաստկացող ճնշմանը: Նման ձախորդ դիվանագետների` ՀՀ ԱԳՆ համակարգում պաշտոնավարման շարունակությունը է՛լ ավելի վնասելու է Հայաստանի կարողություններին՝ պատշաճ կերպով պաշտպանելու մեր և ԼՂ շահերն արտերկրում:

Վլադիմիր Կարապետյան

Հ.Գ. Զարմանալի է, թե որքան պասիվ է իրեն դրսևորում հայկական վերլուծական հասարակությունը: Այդ խավի որոշ գերակտիվ վերլուծաբան-քաղաքագետներ կարող են արտահայտվել ցանկացած խնդրի, զարգացման վերաբերյալ` խոսել Ուկրաինայից, Ռուսաստանից, անել գլոբալ աշխարհաքաղաքական վերլուծություններ: Զարմանալիորեն՝ նրանցից ոչ ոք չի խոսում ադրբեջանա-իտալական` Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շահերին ամենամեծ հարված հասցրած հռչակագրի ընդունման վերաբերյալ: Տեսնես ո՞րն է նման լռության պատճառը: