31.07.2014 13:29

Դոյդոյան. Դատական ակտը չեղյալ չհայտարարվելը ազդելու է մամուլի ազատության՝ ՀՀ վարկանիշի վրա

Դոյդոյան. Դատական ակտը չեղյալ չհայտարարվելը ազդելու է մամուլի ազատության՝ ՀՀ վարկանիշի վրա

iLur.am-ի զրուցակիցն է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Շուշան Դոյդոյանը

-Տիկին Դոյդոյան, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը վճիռ է կայացրել, որով պարտադրել է iLur.am կայքին եւ «Հրապարակ» օրաթերթին բացահայտել տեղեկատվության աղբյուրը: Կխնդրեի՝ ձեր տեսակետը հայտնեիք կատարվածի վերաբերյալ:

-Տեղեկատվության աղբյուրի բացահայտման պահանջը կարող է խիստ վտանգավոր ազդեցություն ունենալ մամուլի ազատության եւ մամուլի միջոցով տեղեկատվություն ստանալու՝ հասարակության իրավունքի վրա: Ինչպես նշել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, աղբյուրի բացահայտման ցանկացած դեպք կարող է վտանգավոր ներգործություն ունենալ ապագայում այլ աղբյուրների կողմից տեղեկատվություն տրամադրելու պատրաստակամության վրա՝ անկախ աղբյուրի կողմից տրամադրվող տեղեկատվության բնույթից:

Տեղեկատվության աղբյուրի բացահայտման հարցը ե՛ւ էթիկական, ե՛ւ իրավական ոլորտում է: Այն, նախեւառաջ, լրագրողի բարոյական պարտավորությունն է՝ հարգել տված խոստումը՝ չբացահայտել աղբյուրի ինքնությունը, բայց, մյուս կողմից՝ խոստումը կատարելու դեպքում լրագրողի համար կարող են առաջ գալ իրավական լուրջ հետեւանքներ:

-Սովորաբար, որքանո՞վ է նորմալ, երբ դատարանը ստիպում է մամուլին բացել աղբյուրը:

-Չի կարող նորմալ համարվել։ Այն հակասում է մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշումներին։ Մարդու  իրավունքների եվրոպական դատարանը «Գուդվինն ընդդեմ Միացյալ Թագավորության» գործով կայացրած որոշմամբ սահմանել է. «Տեղեկատվության լրագրողական աղբյուրների պաշտպանությունը մամուլի ազատության հիմնարար պայմաններից է....»: Դատարանը շարունակում է այս միտքը՝ նշելով.  «Նման պաշտպանության բացակայության պարագայում տեղեկատվության աղբյուրները կդադարեն մամուլին աջակցելուց, ինչն էլ բացասաբար կանդրադառնա հասարակական հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ ստույգ եւ վստահելի տեղեկատվություն տրամադրելու՝ մամուլի հնարավորության վրա: Արդյունքում՝ կխաթարվի մամուլի՝ որպես հասարակական շահերի պաշտպանի կենսականորեն կարեւոր դերը»:

-Ձեր կարծիքով, դատարանի այս որոշումն ի՞նչ ազդեցություն կունենա հետագայում:

-Խիստ վատանգավոր եւ բացասական ազդցություն կունենա մամուլի եւ լրագրողների ազատության վրա։ Անօրինականությունների մասին ահազանգող գաղտնի աղբյուրները կդառնան առավել զգուշավոր եւ չեն վստահի մամուլին։ Խնդիրը  հատկապես կսրվի հետաքննող լրագրողների պարագայում, որոնց աղբյուրները հիմնականում խոսում են հենց գաղտնիության պայմանով։ Մյուս վտանգն այն է, որ լրագրողները կսկսեն ներքաշվել քրեական գործերի մեջ, ինչն անընդունելի է։

-Լրատվամիջոցներն այս վճիռը բողոքարկել են վերաքննիչ դատարան: Բացի այդ, լրագրողները հայտարարել են, որ չեն պատրաստվում բացահայտել աղբյուրը: Արտերկրում եւս նման պրակտիկա կա: Այս մասին ի՞նչ կասեք:

-Այո, կա, նույնիսկ եղել են դեպքեր, երբ լրագրողները պատրաստ են եղել ազատազրկվել, միայն թե չբացահայտեն իրենց աղբյուրները։ Նման դեպքեր եղել են նաեւ զարգացած ժողովրդավարական ավանդույթներ ունեցող երկրներում՝ Ֆրանսիայում, ԱՄՆ-ում։ Սակայն յուրաքանչյուր դեպքում դատարանը նման որոշում կայացնելիս իսկապես պետք է հանգամանորեն քննի աղբյուրի բացահայտման անհրաժեշտությունը, ինչը տվյալ պարագայում չի արվել։

Ցավոք, համարում եմ, որ դատարանի որոշումը Գլխավոր դատախազության՝ մայիսի 22-ին արած հայտարարության տրամաբանական շարունակությունն է։ Այդ հայտարարությանը Ինֆորմացիայի ազատության կենտրոնը խիստ արձագանք տվեց։ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը նշել էր հայտարարության մեջ, որ տարածված հաղորդագրությունը հակաիրավական է` խախտում է լրագրողների ազատ արտահայտվելու իրավունքը եւ հասարակության տեղյակ լինելու իրավունքը: Այն նաեւ հակաօրինական է` հակասում է, մասնավորապես, «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածին: Ինֆորմացիայի ազատության կենտրոնն առաջարկում է ՀՀ գլխավոր դատախազությանը վերանայել նշված հաղորդագրությունը: Սակայն վերանայելու փոխարեն՝ մենք ունեցանք արդեն այս դատական որոշումը, որն առաջինն է Հայաստանում։

Վստահաբար կարող եմ ասել, որ այս դատական ակտը չեղյալ չհամարելու դեպքում այն ազդելու է մամուլի ազատության՝ ՀՀ վարկանիշի վրա, որոնք հրապարակում են միջազգային հեղինակավոր կազմակերպությունները՝ Freedom House եւ Լրագրողներ առանց սահմանների կազմակերպությունները։

Արման Գալոյան