14.09.2012 15:01

ԵԽ-ի բանաձևը ընդհանուր առմամբ կարելի է դրական որակել. Արամ Մանուկյան

 ԵԽ-ի բանաձևը ընդհանուր առմամբ կարելի է դրական որակել. Արամ Մանուկյան

ՀՀ ԱԺ-ում խորհրդարանական խմբակցությունների հետ յուրաքանչյուր քառօրյայից հետո նախատեսված ճեպազրույցի ժամանակ ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչ Արամ Մանուկյանն անդրադարձավ Հ1-ի կողմից ԱԺ-ում ելույթների գրաքննությանը, որի արդյունքում եթեր չեն գնում ՀԱԿ-ի և ընդդիմության այլ ներկայացուցիչների ելույթները:

«Պահանջում ենք ցուցադրել ամբողջությամբ, քանի որ մասամբ հեռարձակելը օրենքի խախտում է, նկատել ենք նաև, որ մրցույթը նույնպես չի հայտարարվել, այնինչ օրենքը մրցույթի հայտարարումը սահմանում է մայիս ամսին, սակայն մինչ այժմ չի հայտարարվել»,- ասել է նա:

Ինչպես հաղորդում է ilur.am-ի թղթակիցը, ի պատասխան ՀԱԿ-ի կողմից Երևանի թիվ մեկ ընտրատարածքում կամ Գյումրիի մեծամասնական ընտրություններում մասնակցելու հարցին՝ Արամ Մանուկյանը տեղեկացրեց, որ ՀԱԿ-ը դեռևս չի քննարկել թեկնածուներ առաջադրելու խնդիրը, քանի որ դեռևս վերջնականապես չեն հաստատվել հրաժարական ներկայացրած պատգամավորների դիմումները:

Անդրադառնալով Բամբակաշատ գյուղում ծեծկռտուքի դեպքին՝  Արամ Մանուկյանը որոշ  մանրամասեր ներկայացրեց, ըստ որոնց՝ Արամ Մելիքյանը երեք անգամ ծեծի է ենթարկվել, իսկ դաժան ծեծերից մեկը տեղի է ունեցել բազմաթիվ վկաների ներկայությամբ: Նրա փոխանցմամբ՝  գործի մեջ ներգրավված է գյուղապետը, հարցը շատ լուրջ է, և հարկավոր է պատժել մեղավորներին՝ մինչև սեպտեմբերի 23-ի ՏԻՄ ընտրությունները:

 ԵԽ-ի բանաձևը, ըստ Արամ Մանուկյանի, ընդհանուր առմամբ կարելի է դրական որակել, սակայն նրանում առկա են ոչ այդքան հայամետ երկու կետեր: