13.11.2012 12:41

Հայոց ցեղասպանության թեմայով բազմաթիվ ցուցահանդեսներ կբացվեն աշխարհի տարբեր անկյուններում

Հայոց ցեղասպանության թեմայով բազմաթիվ ցուցահանդեսներ կբացվեն աշխարհի տարբեր անկյուններում

Առաջիկա երեք տարիներին Հայոց ցեղասպանության թեմայով շուրջ 30 ժամանակավոր ցուցադրություններ են բացվելու աշխարհի տարբեր մասերում: Ինչպես  «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, Կոպենհագենի Թագավորական գրադարանում  նոյեմբերի 6-ին մեկնարկած «Հայոց ցեղասպանությունը եւ սկանդինավյան արձագանքը» խորագիրը կրող ժամանակավոր ցուցահանդեսը դեռ այդ ամենի սկիզբն է:

««Հայոց ցեղասպանությունը եւ սկանդինավյան արձագանքը» խորագրով ցուցահանդեսը բացվել էր անցյալ տարի և նվիրված էր Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակին: Երևանում այն հազարավոր այցելուներ ունեցավ, այդ թվում` Նորվեգիայի և Շվեդիայի արտգործնախարարները: Այս տարի այդ ցուցադրությունը տեղի համայնքի և Հայոց ցեղասպանության 100-ամյակի տեղական հանձնաժողովի ջանքերով ներկայացվեց նաև Բեյրութում և Ստոկհոլմում»,- ասաց Դեմոյանը:

Կոպենհագենի Թագավորական գրադարանի մաս կազմող Հումանիտար հետազոտությունների գրադարանում բացված «Հայոց ցեղասպանությունը եւ սկանդինավյան արձագանքը» ժամանակավոր ցուցադրությունը կազմակերպել են Դանիայում ՀՀ դեսպանությունը եւ Դանիայի Թագավորական գրադարանը` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համագործակցությամբ:

«Ցուցադրության մաս կազմող տասնչորս պաստառները հանգամանալիորեն ներկայացնում են Հայոց ցեղասպանությունից առաջ եւ հետո սկանդինավյան միսիոներուհիների, դիվանագետների, քաղաքական եւ հասարակական գործիչների, լրագրողների, բարեգործական կազմակերպությունների, բժիշկների եւ այլոց արձագանքն Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված զանգվածային բնաջնջման քաղաքականությունը»,- հայտնեց Դեմոյանը:

Դանիայում Թուրքիայի դեսպանը փորձել է խոչընդոտել այս ցուցադրության բացմանը, բայց Թագավորական գրադարանի տնօրենությունը տեղի չէր տվել թուրքական ճնշումներին:
Ցուցահանդեսը շարունակվելու է մինչև դեկտեմբերի 15-ը: