13.11.2012 15:01

ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը բոյկոտել է այսօրվա դատական նիստը

ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը բոյկոտել է այսօրվա դատական նիստը

Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանը բոյկոտել է այսօրվա դատական նիստը: Այս մասին հայտնում է iLur.am-ի թղթակիցը:

Դատական նիստը հետաձգվել էր մինչեւ նոյեմբերի 13-ը, ժամը 12-ը: Սպասվում է, որ այսօր դատավոր Արմեն Դանիելյանը պետք է ընթերցի վճիռը: 

Հիշեցնենք, որ Կոնգրեսի ակտիվիստների վերաքննիչ բողոքի գործով երեկվա նիստը բավականին սուր ընթացք էր ունեցել: Դատավորը դահլիճից հեռացրել էր 4 ակտիվիստներից 3-ին: Դատավոր Արմեն Դանիելյանն առաջինը դատարանից հեռացրել էր քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին, ով դատարանում իր վրդովմունքն էր արտահայտել այն կապակցությամբ, որ դատարանը իրար հետեւից մերժում է ակտիվիստների փաստաբանների բոլոր միջնորդությունները: Դատավորի այդ քայլից հետո, որպես բողոքի նշան` դատարանի դահլիճը լքել էր փաստաբան Վահե Գրիգորյանը: Դրանից հետո տեղի ունեցածի կապակցությամբ իր վրդովմունք էր արտահայտել ակտիվիստ Սարգիս Գեւորգյանը, ում դատավորը եւս հեռացրել էր դահլիճից, իսկ քիչ անց էլ դատավորը հեռացրել էր Դավիթ Քիրամիջյանին: