13.11.2012 16:23

Ձեր կառավարությունը կիսո՞ւմ է այս դատավարական համակարգի քաղաքական պատասխանատվությունը

Ձեր կառավարությունը կիսո՞ւմ է այս դատավարական համակարգի քաղաքական պատասխանատվությունը

«Այնպիսի դատավորների գործունեության արդյունքում, ինչպիսիք են Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատավոր Գագիկ Պողոսյանը, Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը, Մհեր Աղրամանյանը, Լիլիթ Թադևոսյանը, դատախազ Հակոբ Մարտիրոսյանը, այս դատավորների և դատախազների գործունեության արդյունքում բյուջեի կատարման ռիսկերը կարող են ավելանալ, որովհետև Հայաստանի Հանրապետությունը ստիպված կլինի Եվրադատարանի կայացրած որոշումների հիման վրա, որով այս և այս կարգի դատավորների որոշումներն ապօրինի կհամարվեն, հսկայական միջոցներ վճարել բյուջեից»: Ինչպես հայտնում է iLur.am-ի թղթակիցը, այդ մասին այսօր, Ազգային ժողովում հաջորդ տարվա բյուջեի քննարկման ժամանակ, ասաց «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով ֆինանսերի նախարար Վաչե Գաբրիելյանին: Փաշինյանը հարցրեց, թե բյուջեի ծրագրի ռիսկերում հաշվի առնվե՞լ է այս հանգամանքը:

«Ռիսկերը կրկին ունեն մեթոդաբանություն, որը փոխառնված է մի շարք այլ երկրների ռիսկերից: Գրվում են այն ռիսկերը, որոնք կարող են ազդել ՀՀ մակրոտնտեսական արդյունքների, տնտեսական ընդհանուր ընթացքի և այլնի վրա»,- ասաց Գաբրիելյանը:

Փաշինյանը նշեց, որ այս րոպեներին Վերաքննիչ դատարանում ընթանում է դատավարություն, ընթերցվում է դատավճիռ, որի արդյունքում հնարավոր է՝ Հայաստանի Հանրապետությունում ավելանա քաղբանտարկյալների թիվը, և չորս քաղբանտարկյալ ունենանք:« Ձեր կառավարությունը կիսո՞ւմ է այս դատավարական համակարգի քաղաքական պատասխանատվությունը»,- հարցրեց Փաշինյանը:

«Ցավոք՝ չեմ կիսում ձեր գնահատականները, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, կամ կլինեն: Եթե մենք ունենանք խնդիրներ արդարադատության ոլորտում, դրանք ավելին չեն լինի, քան եղել են: Կարծում եմ՝ այդ խնդիրները համադրելի չեն նախկինում եղած մասշտաբների և դրանց իրավական հետևանքերի հետ: Կարծում եմ, որ ձեր բարձրացրած ռիսկերը, որպես այդպիսին, բնույթով քաղաքական չեն, իրավական են և պետք է քննարկվեն նույն տիրույթում»,- պատասխանեց նախարարը:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ 2008-ին Հայաստանում 150 քաղբանտարկյալ է եղել ու կրկին հարցրեց՝ եթե Եվրադատարանի վճիռներով ՀՀ բյուջեից վճարվող միջոցներ նախատեսված չեն, ինչո՞ւ կառավարությունը միջոցներ չի ձեռնարկում, որ դատավորների աշխատավարձերը նվազեն, որոնք աստղաբաշխական չափերի են հասնում, և արդյունքում, ըստ Փաշինյանի, ունենք դատական համակարգ, որտեղ դատավճիռը իրականացվում է առանց ամբաստանյալներին վերջին խոսքի իրավունք տալու և առանց պաշտպաններին միջոնրդության հնարավորություն տալու:

«Բյուջեում եվրադատարանների համար միջոցներ կանխատեսելը տրամաբանական չէ, որովհետև երբևէ որևէ վճիռ չի կայացվում այն տրամաբվանությամբ, որ դա սխալ է լինելու, և դրա համար պետք է վճարել: Իրավական պրոցեսների վերաբերյալ ձեր գնահատականները, կարծում եմ, չեն համապատասխանում իրականությանը»,- ասաց Գաբրիելյանը: