07.08.2014 19:02

Իշխանափոխությունը մեր պետականության փրկությունն է ու խաղաղության ապահովման գրավականը

Իշխանափոխությունը մեր պետականության փրկությունն է ու խաղաղության ապահովման գրավականը

iLur.am-ի զրուցակիցն է Ապարանի ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը

- Պարոն Պետրոսյան, կցանկանայինք իմանալ ձեր տեսակետը սահմանային վերջին միջադեպերի վերաբերյալ:

- Այս իշխանությունների ռեսուրսների մեջ տեղավորվում է պատերազմի վտանգի, առաջին գծում ակտիվության շահարկումները: Դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձերը միշտ էլ եղել են: Վերջին դեպքերն աղմուկ հանեցին, որովհետեւ հայկական կողմը նորմալ, համարժեք պատասխան էր տվել: Հիմա իշխանությունները փորձում են օգտվել առիթից ու կապիկություններ անել. մի մասը կամուֆլյաժ հագած շտապում է սահման նկարվելու, մի մասը ջոկատներ է կազմում, հերոսանալու համար առաջին գիծ մեկնելու մասին են հայտարարում: Միայն թե դրանով ավելի շատ խուճապ են ստեղծում, պատերազմի վտանգի վախ սերմանում, ինչն էլ խթանում է արտագաղթը: Ես զինվորական եմ, ես տիրապետում եմ ինֆորմացիայի ու կարող եմ վստահեցնել, որ բանակն իր առաջ դրած խնդիրները շատ լավ լուծում է, եւ պետք չէ ավելորդ քայլեր անել:

Իշխանություններն իրենց էդ կապիկություններով փորձում են ժողովրդի մեջ պատերազմի վերսկսման վախ, խուճապ ստեղծել, որ մարդիկ քաղաքական զարգացումների չգնան, չփորձեն իշխանափոխության ուղղված քայլեր անել: Ես վստահեցնում եմ` պատերազմի վտանգ այսօր չկա: Իսկ մեր խաղաղության հիմնական գրավականն օր առաջ Հայաստանում իշխանափոխություն իրականացնելն է:

- Իսկ ինչո՞ւ եք կարծում, որ պատերազմի վտանգ չկա:

- Պատերազմը սկսողը, առաջինը հարձակվողը կպարտվի: Ինձ թվում է` դա գիտակցում են եւ Հայաստանում, եւ Ադրբեջանում: Կա մեկ կարեւոր հոգեբանական գործոն. Ադրբեջանը դեռ չի ձերբազատվել պարտվածի իր հոգեվիճակից, ուստի այդ վիճակով նրանց համար շատ դժվար կլինի մեզ հետ ոտք մեկնելը:

- Պարոն Պետրոսյան, վերջին օրերին շատ չինովնիկներ, որոնք չեն ծառայել բանակում, հանկարծ կամուֆլյաժ հագած մեկնում են զորամասեր: Այս մասին ի՞նչ կասեք. կարելի է ասել, որ նրանք փորձում են օգտվել իրավիճակից` սեփական pr-ն ապահովելու համար:

- Չգիտեմ` դա որքան է օգնում իրենց pr-ին, բայց որ այդ քայլերը միանշանակ վնասում են բանակին: Այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող: Երբ որ բանակ չծառայած, զինովորական կոչում չունեցող չինովնիկը գնում է զորամաս ու այնտեղ բարձրաստիճան սպան պատիվ է տալիս, ինչ-որ հարցեր զեկուցում, դա անընդունելի է ինձ համար: Ես ամաչում եմ, որ հայ սպային այդպես ստորացնում են ու ստիպում, որ նա բանակում մեկ օր անգամ չծառայած չինովնիկին հարց զեկուցի: Եթե նորմալ երկիր լինեինք, ապա բանակ չծառայածն իրավունք չպիտի ունենար անգամ բարձրաստիճան պաշտոն զբաղեցնել: Էդ չինովնիկների գործը դիրքերում չի, թող մնան իրենց սենյակներում, իրենց առաջ դրած խնդիրները լուծեն, հետո նոր մտածեն սահման գնալու մասին: Եթե նրանք իրենց առաջ դրած խնդիրները նորմալ լուծեն, տնտեսությունը հզորացնեն, ապա դրանով արդեն մեծ բան արած կլինեն: Բայց նրանք դա չեն կարող անել, ընդհակառակը`օրեցօր ավելի են վատթարացնում վիճակը:

- Իսկ ինչո՞ւ եք համոզված, որ իշխանափոխությունը կլուծի երկրի առաջ ծառացած խնդիրները:

- Իշխանափոխությունը մեր պետականության փրկությունն է ու խաղաղության ապահովման գրավականը: Օր, ժամ առաջ պետք է ազատվել սրանցից: Մենք ուրիշ ճանապարհ չունենք, մենք դատապարտված ենք սրանցից ազատվելու: Ավելին, այս ընթացքի մեր հանցավոր հանդուրժողականությունն էր, որ երկիրը հասել է այս վիճակին: Ես որպես զինվորական, կոչ եմ անում` թոթափենք մեր միջի ստրուկին ու ոտքի ելնենք` սրանցից ազատվելու: Մենք հայերի երազանքն իրականացրած, անկախություն նվաճած ու պատերազմ հաղթած սերունդ ենք, ուստի իրավունք չունենք ստրուկի հոգեբանությամբ ապրելու:

Արման Գալոյան