13.08.2014 13:39

Նոր մանրամասներ Ռոբին Ուիլյամսի ինքնասպանությունից

Նոր մանրամասներ Ռոբին Ուիլյամսի ինքնասպանությունից

Աշխարհահռչակ դերասան եւ ռեժիսոր, «ամենաուրախ» Ռոբին Ուիլյամսը մահվանից առաջ տառապում էր ծանր դեպրեսիայով, ինչպես նաեւ խնդիրներ ուներ ալկոհոլի եւ կոկաինի հետ:  Կալիֆորնիա նահանգի շերիֆերից մեկը՝ լեյտենանտ Կիտ Բոյդը պատմել է, որ դերասանը կախվել էր գոտուց իր սենյակում այն ժամանակ, երբ նրա երրորդ կինը՝ Սյուզան Շնայդերը գտնվում էր հարեւան սենյակում: Ուիլյամսի մարմնի վրա՝ ձախ դաստակին, հայտնաբերվել են մի քանի կտրվածքներ, իսկ կողքին՝ գրպանի դանակ՝ չորացած արյունով: Այդ պահին դերասանը արդեն մոտ 12 ժամ է, ինչ մահացած էր, գրում է The Daily Mail-ը:

Ոստիկանությունը հրաժարվել է հայտնել, թե արդոք մահվանից առաջ դերասանը որեւէ գրություն թողել է, թե ոչ: Ավելի վաղ նրա ընտանիքի անդամները ասել են, թե չեն հավատում, որ Ուիլյամսը չի փորձել բացատրել իր գործողությունները: Ոստիկանությունը չի քննարկում նաեւ այն հանգամանքը, թե ինչու են Ուիլյամսը եւ իր կինը քնել առանձին սենյակներում:

Օսկարակիր դերասանը կյանքից հեռացել է ալկոհոլիզմի եւ թմրամոլության դեմ տասնամյա պայքարից հետո: Նա տառապում էր խորը դեպրեսիայով, ինչպես նաեւ ուներ ֆինանսական խնդիրներ: Ինքնասպանությունից որոշ ժամանակ առաջ նա վաճառել էր իր 35 մլն դոլար արժողությամբ առանձնատունը, քանի որ այլեւս հնարավորություն չուներ այն պահելու համար:

Ռոբինը որոշել էր դադարեցնել թմրանյութերի օգտագործումը դեռեւս 1982 թվականին, երբ  թմրանյութերի չարաշահումից մահացել էր նրա մոտիկ ընկերը՝ կոմիկ դերասան Ջոն Բելուշին: Ուիլյամսը բացահայտ խոստովանում էր, որ երբեմն իրեն չի հաջողվում հաղթահարել իր կախվածությունը: «Դա ոչնչով պայմանավորված չէ. այն սպասում է մինչեւ այն պահը, երբ դու կմտածես, որ ամեն ինչ լավ է: Եւ հենց այդ պահին լինում է հակառակը, դու փորձում ես հասկանալ ու՞ր ես: Ես չեմ հասկանում, թե ինչպես հայտնվեցի Քլիվլենդում»,- ասում էր Ուլիլյամսը:

Դերասանը կանգնել էր ֆինանսական խնդիրների առաջ այն ժամանակ, երբ բաժանվեց իր երկրորդ կնոջից՝ վճարելով նրան 30 մլն դոլար:

The Washington post-ի փոխանցմամբ՝ Ուիլյամսի մոտ հայտնաբերվել էին նաեւ սրտային հիվանդություններ. նա ծանր էր տանում իր վերջին հեռուստատեսային ծրագրերից մեկի փակումը:

Վերջին գրառումը, որը Ուիլյամսը արել էր սոցիալական ցանցերում, լուսանկար էր, որով նա շնորհավորում էր իր աղջկա ծնունդը՝ գրելով, որ անգամ 25 տարեկամում նա շարունակում է մնալ իր փոքրիկ աղջիկը: