22.08.2014 13:33

Կառավարությունը ԳԷԿ կառուցելու պայմանագիր կնքեց օֆշորային ընկերության հետ

Կառավարությունը ԳԷԿ կառուցելու պայմանագիր կնքեց օֆշորային ընկերության հետ

Հայաստանի կառավարության՝ ի դեմս ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, և «Անակլիա Այ Ի Փի Հոլդինգ» ՍՊԸ-ի միջև կնքվեց Հայաստանի տարածքում 540 ՄՎտ հզորությամբ գազային էլեկտրակայանի կառուցման և շահագործման համաձայնագիր, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ըստ աղբյուրի, համաձայնագրի ստորագրումից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը տեղեկացրեց, որ դրանով պայմանավորվածություն է ձեռք բերվում ՀՀ-ի տարածքում կառուցել երկու էներգաբլոկ, յուրաքանչյուրը 270 մեգավատ հզորությամբ:

«Շինարարական աշխատանքները կմեկնարկեն շուտով: Էլեկտրակայանների կառուցման համար կպահանջվի 36 ամիս»,- ասաց Զախարյանը: Նախատեսվում է արտադրված էլեկտրաէներգիան արտահանել Վրաստան:

Ծրագրի իրականացման նպատակով կներդրվի 600 մլն դոլար:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, վրացական անունով «Անակլիա Այ Ի Փի Հոլդինգ» ՍՊԸ-ն գրանցված է ոչ թե Վրաստանում, ինչպես կարելի էր ենթադրել, այլ օֆշորային գոտում՝ Վիրջինյան կղզիներում:

Ըստ որոշ տեղեկությունների, ընկերությունը կապված է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար, ներկայումս Սերժ Սարգսյանի խորհրդական Արմեն Մովսիսյանի անվան հետ:

Ընդհանրապես, կառուցվելիք ԳԷԿ-ի հետ կապված մի շարք հարցեր են առաջանում, որոնց պատասխանները կառավարությունը դեռ չի տվել: Մասնավորապես, ինչու՞ է վրացական ընկերությունը որոշել գազով աշխատող էլեկտրակայան կառուցել Հայաստանում, այն դեպքում, երբ Վրաստան ներկրվող ադրբեջանական գազը անհամեմատ էժան է Հայաստանի ունեցած ռուսական կգազից: Առավելեւս, որ Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիան նախատեսված է արտահանել Վրաստան:  Եվ ընդհանրապես, ո՞րն է Հայաստանի շահը այս գործարքում, եթե հաշվի առնենք, որ կայանը կառուցող ընկերությանը ճոխ արտոնություններ են տրվում ՀՀ հաշվին: Մասնավորապես,  «Անակլիա Այ Ի Փի Հոլդինգ»-ին, ըստ պայմանագրի, խոստացել են քսան տարի գազ մատակարարել նույն գնով, ինչ հիմա է: