27.08.2014 14:23

Վլադիմիր Կարապետյան. Սոչիի դասերը

Վլադիմիր Կարապետյան. Սոչիի դասերը

Թեպետ Հայաստանի ռազմավարական շահը թելադրում է միջազգային ասպարեզում ունենալ բալանսավորված քաղաքականություն և բազմապիսի շահեր, Սերժ Սարգսյանի թեթև ձեռքով մենք ամփոփվեցինք միայն մի ուղղության վրա, իսկ արտաքին քաղաքականության մասով կենտրոնացանք միայն երկու հարցերի վրա` ԼՂ հակամարտության կարգավորում և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում: Այս խնդիրներից այն կողմ մենք, կարծես, չունենք շահեր, չունենք ասելիք, ինչին կարելի է հանգել նաև՝ ուսումնասիրելով պաշտոնական լրահոսը:

«Նախաձեռնողական» արտաքին քաղաքականության արդյունքում մենք կորցրինք եվրոպական զարգացման վեկտորը, զրոյացրինք ժամանակին ակտիվ և բազմաբովանդակ հարաբերությունները Եվրամիության, ԵՄ անդամ պետությունների հետ, հարվածեցինք պետության հեղինակությանը, ինչն արտահայտվեց նաև ներդրումների կտրուկ նվազմամբ, հաշտվեցինք թուրքական այն քաղաքականության հետ, որը հայ-թուրքական սահմանի բացումը պայմանավորում է ԼՂ հարցով, փակուղի մտցրինք ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունները:

Սոչիում Սերժ Սարգսյանի հանդիպումների նախնական արդյունքները

Պաշտոնական հաղորդագրություններից, Ս. Սարգսյանի հարցազրույցներից, այցին հետևած զարգացումներից հասարակությունն այդպես էլ չհասկացավ, թե ինչ եղավ Ս. Սարգսյանի հերթական նախաձեռնության ճակատագիրը. խոսքը Եվրասիական միության հիմնադիր անդամ դառնալու մասին է: Անցած տարվա սեպտեմբերից սկսած՝ Ս.Սարգսյանը խոսում է արագացված տեմպերով Մաքսային միությանը (ՄՄ) միանալու մասին, հանձնարարել էր ՀՀ բոլոր գերատեսչություններին, ի հաշիվ այլ ուղությունների՝ իրագործել ՄՄ-ին միանալու ճանապարհային քարտեզը, սակայն տակավին որևէ հստակություն անդամակցության ժամկետների վերաբերյալ չկա: Եթե մայիսին Սերժ Սարգսյանը Եվրասիական եռյակին զեկուցում էր, որ ՄՄ-ին միանալու համար  Հայաստանին մնացել է կարգավորել 2-3 տեխնիկական հարց, ապա այսօր նա հայտարարում է, որ բանակցային գործընթացը դեռ ավարտված չէ, և չի նշում փաստաթղթի ստորագրման ժամկետ: Օգոստոստոսի 26-ին Մինսկում կայացած Եվրասիական միության և ԵՄ ոչ պաշտոնական հանդիպմանը Սերժ Սարգյսյանին չհրավիրելը վերջինիս նկատմամբ հանդիպման կազմակերպիչների վերաբերմունքի հերթական վկայությունն է:

Պուտին-Սարգսյան հանդիպմանը քննարկվել էր նաև երկկողմ օրակարգը: Պետք է ափսոսանքով արձանագրել, որ հերթական անգամ Հայաստանը չի կարողացել հանդես գալ հավասարը-հավասարի դիրքերից և բանակցություններում հանդես է եկել խնդրողի կարգավիճակով. դրանք բոլոր բանակցությունների առարկա հանդիսացող վարկային միջոցների տրամադրման հարցերն են, ատոմակայանի նորոգման, ռազմական տեխնիկայի մատակարարման վերաբերյալ խնդրանքները և այլն: Հիշենք, որ հենց Ս. Սարգսյանն էր պաշտպանության նախարարի կարգավիճակով բանակցում և ստորագրում տխրահռչակ «գույք՝ պարտքի դիմաց» համաձայնագիրը, և ՌԴ-ին, փաստորեն, մեր ռազմավարական պաշարները անհատույց տալու գործելաոճն ավելի քան 10 տարվա պատմություն ունի:

Սարգսյան-Ալիև-Պուտին եռակողմ հանդիպում

ՌԴ նախագահի հետ բանակցություններին հաջորդեց եռակողմ հանդիպումը, որն ակնհայտ կրել է արարողակարգային բնույթ: Հակված եմ կարծելու, որ բանակցային սեղանին Ալիևին նստեցնողը ոչ այնքան Պուտինն էր, որքան հայկական բանակը: Ինչպես և բազմիցս նշել էինք, կողմերի միջև այսօր համաձայնեցված չէ նույնիսկ այն հարցը, թե որ կամ ինչպիսի փաստաթղթի շուրջ են ընթանում բանակցությունները: Հանդիպումից երեք տարի անց (Կազանյան հանդիպումը տեղի է ունեցել 2011 թ. ամռանը) Ս. Սարգսյանը խոսում է Կազանյան փաստաթղթի մասին, որին Ալիևը այդ նույն հանդիպման ժամանակ ավելացրել էր 10 նոր առաջարկություն/կետ: Կարելի է հաստատված համարել, որ այն ժամանակվանից ի վեր որևէ առաջընթաց չկա, և բովանդակային բանակցությունների բացակայությունը (Ս. Սարգսյանը նշեց, որ հանդիպումը երկար չի տևել) վկայություն է խաղաղ գործընթացի՝ խորը փակուղում գտնվելու մասին: Նկատենք, որ Սոչիի հանդիպմանը նույնիսկ խոսք չգնաց որևէ պայմանավորվածության մասին՝ փաստաթղթի, համատեղ մամուլի հաղորդագրության, հաջորդ հադիպման անցկացման անհրաժեշտության վերաբերյալ:

Առաջիկա մարտահրավերը

Այս պայմաններում առանձնահատուկ կարևորություն է ստանում ՀՀ ԱԳՆ համակարգի գործունեության արդյունավետության բարձրացումը: Հայկական բանակի շեշտակի հակահարվածները դրդելու են Ադրբեջանին կենտրոնանալու միջազգային ասպարեզում հակահայկական բանաձևերի, հայտարարությունների ընդունման վրա: Ամեն բան պետք է անել` բացառելու Ադրբեջանա-իտալական հռչակագրի նման ադրբեջանամետ փաստաթղթերի ընդունումն այլ պետությունների կամ միջազգային կազմակերպությունների կողմից: Այսօր Ադրբեջանի դիրքերը միջազգային ասպարեզում բավականին խարխուլ են. պաշտոնական Բաքուն չունի Արևմուտքի աջակցությունը, և առաջիկայում որևէ կտրուկ փոփոխություն չի սպասվում: Այդ առումով Հայաստանի ճշգրիտ գործողությունների պայմաններում Ադրբեջանը չի կարողանա որևէ լուրջ վնաս հասցնել մեր դիրքերին: Եթե, իհարկե, մենք ինքներս չնպաստենք դրան: Այս կապակցությամբ կցանկանայի անդրադառնալ հանդիպմանը հաջորդած՝ Ս. Սարգսյանի հարցազրույցի զավեշտալի դրվագներից մեկին: Սերժ Սարգսյանը, մասնավորապես, բառացիորեն ասում է հետևյալը. «Այո, և դա ես առանց որևէ մտավախության եմ ասում, Ադրբեջանի զինված ուժերը Նախիջևանից կարող են հասնել նաև Երևանի սահմաններին, եթե ռազմական գործողություններ սկսվեն»  http://www.armnewstv.am/news/32333: Այսինքն, ըստ Ս. Սարգսյանի՝ հայկական բանակը այնքան անճար է, որ ադրբեջանցիները կարող են 40-50 կիլոմետր խորանալ դեպի Հայաստանի տարածք, դեպի Երևան: Պատկերացնում եմ, թե ինչ աստիճանի տարակուսած և նեղսրտած են մեր բանակի սպաներն ու զինվորները: Սերժ Սարգսյանի նմանատիպ հայտարարությունները միայն ոգևորում են Ադրբեջանին՝ պարտադրելով Հայաստանի քաղաքացիներին օր առաջ ազատվել վնասաբեր հայտարարություններ անող պաշտոնյաներից:

Վլադիմիր Կարապետյան