14.11.2012 21:52

Զարուհի Փոստանջյան. Ինչպե՞ս եք պայքարում կոռուպցիայի դեմ, եթե դատարան չունեք

Զարուհի Փոստանջյան. Ինչպե՞ս եք պայքարում կոռուպցիայի դեմ, եթե դատարան չունեք

Ինչպե՞ս եք պատրաստվում պայքարել կոռուպցիայի դեմ, եթե դատական համակարգը չի գործում, դատարան չունեք: Ինչպես հայտնում է iLur.am-ի թղթակիցը, այսօր Ազգային ժողովում նման հարցադրմամբ դիմեց «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին: Փոստանջյանը մատնանշեց մի քանի դեպք, երբ արդարադատությունը չի գործել, այդ թվում՝ վերաքննիչ դատարանի՝ երեկ կայացրած որոշումը, ըստ որի՝ ՀԱԿ 4 երիտասարդ ակտիվիստների ազատազրկման դատավճիռը մնաց անփոփոխ:

«Եթե վճռաբեկ դատարանը չարձագանքի այդ դատավճռին, ապա մենք կունենանք քաղաքական հայացքների համար հետապնդվող անձինք բանտախցում»,- ասաց Փոստանջյանը:

Հրայր Թովմասյանը պատասխանեց, որ իր իրավասությունների մեջ գնահատական տալը չի մտնում:

«Եթե ես հիմա փորձեմ որպես կառավարության անդամ, որպես արդարադատության նախարար՝ որևէ գնահատական տալ այս ամբիոնից այս վճիռներին, ես ձեզ հավաստիացնում եմ, որ վաղը ևեթ բոլոր ԶԼՄ-ները միանգամայն օրինական կերպով կգրեն, որ արդարադատության նախարարը միջամտում է դատական իշխանությանը և բարձր ամբիոնից ցուցում է տալիս կամ պաշտպանում է»,- ասաց նախարարը:

Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին՝ Թովմասյանը նշեց, թե դա բազմաթիվ անգամ չարչրկված հարց է, ու ինքն արդեն իսկ ասել է, որ կոռուպցիան մեր երկրի համար նույն բանն է, ինչ օրգանիզմի համար չարորակ ուռուցքը, և դրա վտանգները բոլորն են հասկանում:

«Հինգ տարի առաջ ընդդիմության համար կարող էր հեգնանք առաջացնել, որ ԱԳՆ վարչության պետը, ճանապարհային ոստիկանության բարձրաստիճան սպան և այլ պաշտոնատար անձինք կոռուպցիոն հանցագործությունների համար ազատազրկման վայրերում են»,- ասաց նախարարը: