30.08.2014 15:13

Սմբատ Կարախանյան. Օգոստոսին Տեր-Պետրոսյանը հանդես եկավ իրական գերագույն հրամանատարի դերում

Սմբատ Կարախանյան. Օգոստոսին Տեր-Պետրոսյանը հանդես եկավ իրական գերագույն հրամանատարի դերում

Ամառվա ընթացքում հայ-ադրբեջանական սահմանային միջադեպերի, առաջիկայում Հայաստանում սպասվող ներքաղաքական գործընթացների եւ այլ թեմաների շուրջ iLur.am-ը զրուցել է Մոսկվայի Հայ ազգային ակումբի նախագահ, «Միաբանություն» վերլուծական կենտրոնի ղեկավար Սմբատ Կարախանյանի հետ:

 

Պարոն Կարախանյան, անցնող ամառվա ընթացքում Հայաստանի հասարակության քննարկման հիմնական առարկան, թերեւս, սահմանին լարվածության կտրուկ աճն էր: Ընդհանուր տպավորությունն այնպիսին էր, որ հայկական բանակը վերջապես համարժեք հակահարված տվեց հակառակորդին: Ըստ Ձեզ, որո՞նք էին ԼՂ հակամարտության գոտում լարվածության նման կտրուկ աճի պատճառները:

Նախ, ասեմ, որ սահմանային լարվածության աճը հուզում էր ոչ միայն Հայաստանի հասարակությանը, այլեւ ողջ հայ ժողովրդին՝ աշխարհի տարբեր անկյուններում բնակվող հայկական սփյուռքին: Իհարկե, արդեն շատ է խոսվել այն մասին, որ ազգին հուզող հիմնական հարցի շուրջ միավորումը կայացավ` անկախ քաղաքական ուղղվածությունից ու հայացքներից: Այստեղ այլ տարբերակ լինել չէր կարող. հստակորեն հայությունը կանգնեց ի պաշտպանություն անգամ ոչ թե բանակի, այլ ի պաշտպանություն Հայաստանի պետականության: Ուղղակի այստեղ մի խնդիր կա: Եթե ավելի խորը դիտարկենք, բնական է, որ սա ոչ առաջին, ոչ էլ վերջին սահմանային միջադեպերը չէին: Ես տարբեր վերլուծական կենտրոններում մի քանի առիթներով ասել եմ, որ մինչեւ 2015-17 թթ.-ը նման սադրանքները սպասելի են լինելու եւ գնալով ավելի սրվելու են:

Ինչո՞վ է դա պայմանավորված:

Այսօր սահմանային լարվածությունը լայնածավալ պատերազմական գործողությունների չի հանգեցնում, որովհետեւ այսօրվա դրությամբ գերտերությունները եկել են համաձայնության, որ հակամարտության գոտիներում միջադեպերի հետեւանքով գլոբալ կոմունիկացիաները չվնասվեն: Ըստ այդ բանավոր պայմանավորվածության՝ սառեցված հակամարտությունների գոտիներում ժամանակ առ ժամանակ կարող է իրավիճակը ապասառեցվել, բայց գլոբալ կոմունիկացիաները` օդային ուղիները, էներգակիրների մատակարարման ցանցերը, ռադիո-եթերային, ինտերնետ կապի ցանցերը եւ այլն, չպետք է վնասվեն: Հասկանալի է, որ ռազմական գործողությունների վերսկման պարագայում կողմերից յուրաքանչյուրը կարող է գայթակղություն ունենալ վնասել հակառակորդի կոմունիկացիաները: Ադրբեջանը հույս ունի, եւ տարբեր շրջանակներում այդ հարցը քննարկվում է, որ մոտակա ժամանակներում իրավիճակ կփոխվի աշխարհում, եւ գերտերությունները կարող են գալ համաձայնության, որ, ասենք, մեկ կամ երկու տարի հետո կարելի կլինի գլոբալ կոմունիկացիաների խախտումը: Այդ դեպքում արդեն լայնածավալ պատերազմի վտանգը կտրուկ կմեծանա:
      Ըստ էության՝ օգոստոսի դեպքերը փորձնական, իրավիճակային մոտիթորինգ էին: Ադրբեջանը փորձում էր հասկանալ ուժերի իրական հարաբերակցությունը, իր եւ հայկական բանակների մարտունակության մասին պատկերացումներ կազմել եւ այլն: Ու ցավոք սրտի, մինչ այդ Հայաստանի քաղաքական իշխանությունների որդեգրած կեցվածքը՝լուռ, անվստահ, ջայլամային քաղաքականությունը, բերում էր նրան, որ հակառակորդը գնալով լկտիանում էր: Իշխանությունները, վերջին տարիներին իրենց վարած անվճռական քաղաքականությանը հավատարիմ, սպասում էին, թե քամին որ կողմից կփչի: Այս առումով, իհարկե, պետք է հիշատակել Հանրապետության հիմնադիր նախագահի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի արտահայտած հստակ դիրքորոշումը, որն իրականում գերագույն հրամանատարի կոչ էր առ այն, որ անհրաժեշտ է հակառակորդին համարժեք պատասխան տալ: Սա, իհարկե, պետք է անեին Հայաստանի գործող իշխանությունները, բայց նրանք ստիպված եղան միայն հասարակության ու քաղաքական ուժերի, ինչ-որ տեղ նաեւ՝ քաղաքական ընդդիմության կոչերի եւ ճնշման տակ գնալ ինչ-ինչ քայլերի եւ թույլ տալ, որ զինված ուժերը համապատասխան հակահարված տան հակառակորդին: Սա իր հետ պրոբլեմների նոր հանգույց բացահայտեց. այն, որ իշխանությունները ձեռքները ծալած, զբաղված են իրենց անձնական շահերի սպասարկմամբ, եւ պետական կարեւորագույն խնդիրը՝ սահմանների պահպանություն, տեխնիկական հագեցվածություն եւ պատրաստականություն, այդ հարցերով ընդհանրապես չեն զբաղվել: Վերջին սահմանային իրավիճակները, ինչպես նաեւ՝ ընդդիմադիր մի շարք գործիչների դիտարկումները, այցելությունները, ցույց տվեցին, որ մեր սահմանների պաշտպանության վիճակը այդքան էլ լավ չէ:

Ի դեպ, ամառվա ընթացքում մի պահ այնպիսի տպավորություն կար, որ ցանկացած մարդ՝ լինի դիվերսանտ, թե, ասենք, մոլորված հովիվ, կարող է հատել սահմանը: Սա այն դեպքում, երբ իշխանությունները հայտարարում են, որ պաշտպանության բնագավառում հսկայական միջոցներ են ծախսվում, եւ բազմաթիվ սոցիալական խնդիրների լուծված չլինելը նաեւ պատճառաբանում են այդ ծախսերով: Ի վերջո, իսկապե՞ս այդքան դժվար եւ ծասխատար է սահմանները տեխնիկապես հագեցնելու գործընթացը:

Եթե համեմատենք այն գումարների հետ, որոնք մսխվում են, այդ թվում՝ նաեւ պաշտպանության բնագավառում ծախսերի անվան տակ, մեծ խնդիր չէ սահմանների պաշտպանության տեխնիկական համակարգ ստեղծելը: Այսօր անհրաժեշտ է բանակի մարտական ոգին համալրել տեխնիկական պայմաններով: Սահմանի պաշտպանության համակարգն անհրաժեշտ է լայնածավալ մոդեռնիզացիայի ենթարկել: Այսօրվա ժամանակակից տեխնոլոգիաների պայմաններում առկա իրավիճակը անթույլատրելի է: Ինչպես նշեցի, 2015-17թվականներին, ամենայն հավանականությամբ, Ադրբեջանը կփորձի ավելի մեծածավալ գործողությունների դիմել: Մինչ այդ հակառակորդը փորձելու է հետախուզական նպատակներով օգտագործել անօդաչու սարքերը, եւ եթե Հայաստանի սահմաններին շարունակվի այն խայտառակ իրավիճակը, որն առկա է այսօր, սահմանը հանգիստ կարող են հատել հակառակորդի դիվերսանտները կամ հատուկ ծառայությունների աշխատակիցները` նպատակ ունենալով սահմանին համակարգչային մոնիթորինգի ցանցեր ստեղծել: Սահմանը հատած դիվերսանտները ստեղծում են այն փարոսների, հաղորդիչների ցանցը, որոնց միջոցով հետագայում ուղղորդվում են անօդաչու թռչող սարքավորումները: Հետախուզում են «սպիտակ գոտիները», եւ ինչ-որ պահի այդ գոտիներից ավելի հեշտ է լինելու ներխուժել կամ օդային հարվածներ հասցնել: Պետք է ունենալ պաշտպանական համակարգ՝ այդ սարքերը ֆիքսելու համար:
       Ամառվա ընթացքում, սակայն, պարզվեց, որ իրականում, ոչ միայն հատուկ պատրաստված դիվերսանտները, այլեւ ոչ այնքան պրոֆեսիոնալները՝ մասնավոր բանակները, տարբեր տեսակի վարձկան ջոկատները եւ այլն, կարող են օգտագործվել սահմանների ներթափանցման եւ մոնիթորինգի մեջ: Կրկնեմ`անհրաժեշտ է նոր տեխնոլոգիական սարքավորումներով հագեցված համակարգի ստեղծում Հայաստանի սահմանային գոտիներում: Խոսքը համակարգային ծրագրավորման համակարգերի մասին է, որոնք ապահովում են ռադիո-տեխնոլոգիական համակարգերի աշխատանքը: Այս իրավիճակում դրանք մեծ գումարներ չեն պահանջում: Մի քիչ իշխանավորների տաշի-տուշիների ծախսը կրճատելու դեպքում այդ համակարգերի ստեղծումը բարդ խնդիր չէ, մանավանդ, որ Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում բավական որակյալ մասնագետներ կան: Այն, որ դա չի արվում, հանցավոր անտարբերության դրսեւորում է: Դրա համար պետք չէ սպասել, որ առաջին նախագահը նորից կոչով հանդես գա եւ հիշեցնի, որ նման խնդիրներն են առաջնահերթ:

Այսինքն, այն, որ իշխանությունները փորձում էին օգոստոսյան հաջողությունները ներկայացնել որպես պաշտպանական ոլորտում իրենց կատարած լուրջ ռեֆորմների արդյունք, Ձեր կարծիքով, արժանահավատ չէ՞:

Այո, այս պարագայում, եթե զինվորների մարտական ոգին տասը բալանոց համակարգում գնահատենք 10 կամ 9, իշխանությունների ջանքերը պետք է գնահատել զրո: Այս իշխանությունները, ինչպես այլ հարցերում եւս, զբաղված են միայն իրենց սեփական քարոզչությամբ: Նրանց կարծիքով, կարելի է ոչինչ չանել եւ սպասել, որ զինվորներն իրենց անձնազոհությամբ եւ հայրենասիրական ոգով կարող են փակել չինովնիկների խայտառակ բացերը: Եւ այստեղ կրկին հանգում ենք այն մտքին, որ Հայաստանում հիմնական պրոբլեմը իշխանությունների չընտրվածությունն է եւ որպես հետեւանք՝ այն, որ իշխանությունները դարձել են անվստահելի գործընկերներ արտաքին աշխարհում: Ընդ որում՝ ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արեւմտյան երկրներում: Եվ այդ վերաբերմունքը շատ կոպիտ ու բացահայտ կերպով օգտագործվում է աշխարհի տարբեր ուժերի, նույնիսկ ոչ միայն պետությունների, այլեւ տարբեր խմբավորումների կողմից: Իհարկե, այդ ամենը տեղի է ունենում ի վնաս Հայաստանի պետական շահերի: Պետք է հաշվի առնենք, որ այսօրվա դրությամբ Հայաստանում պետականության հետ կապված լուրջ պրոբլեմներ կան: Այսօրվա իշխանություններն իրենց անդեմ, անսկզբունքային պահվածքով ի վիճակի չեն անգամ իրենց գործընկերների առջեւ հետամուտ լինել եւ լուծել որեւէ հարց: Ոչ մի վճռականություն: Ընդամենը հասկացնում են բոլորին, որ պատրաստ են համագործակցել, միայն թե չկպնեն իրենց բիզնես շահերին՝ լինի Արեւմուտք, Ռուսաստան, թե Չինաստան: Իսկ Հայաստանի ներսում ստեղծել են մի քրեա-օլիգարխիկ ուժային համակարգ, որն իրենով փոխարինել է պետական կառավարման մարմիններին: Ասածս չի նշանակում, որ պետական մարմիններում ընդգրկված բոլոր մարդիկ «վատն» են: Խնդիրը համակարգի մեջ է: Խնդիրն այն է, որ ինչ-որ մի պահի անձնական շահերը գերադասվում եւ հակասում են պետական շահին:

Ձեր նշած պայմաններում, երբ իշխանությունը սպառել է իրեն եւ այդ վիճակն արդեն սպառնում է պետականությանը, ընդդիմությունը եւ հասարակությունը արմատական փոփոխությունների հայտ է ներկայացնում` մեկնարկը տալով արդեն եկող սեպտեմբերին: Մյուս կողմից էլ իշխանությունները պնդում են, որ դժգոհությունները չափազանցված են, եւ ամեն ինչ լավ է: Ձեր կարծիքով, այսօր հայաստանյան հասարակության մեջ, քաղաքական դաշտում լուրջ փոփոխություններ իրականացնելու ռեսուրս կա՞:

Բնական է, որ քարոզչությամբ եւ ուժային ու ֆինանսական ռեսուրսներն օգտագործելով, իշխանությունն անում է ամեն ինչ, որպեսզի հասարակությանը համոզի, որ քաղաքական ճանապարհով ոչ մի բան հնարավոր չէ փոխել: Դրանից բացի նաեւ պառակտչական աշխատանքներ են տանում հասարակական-քաղաքական ընդդիմության շրջանում, ստեղծում են իրենց «փուչիկները»՝ կեղծ ընդդիմադիր քաղաքական ու քաղաքացիական կազմակերպություններ եւ այլն: Բայց, բնականաբար, ժամանակի ընթացքում այդ փուչիկները պայթում են: Միաժամանակ, առաջ են քաշվում կեղծ գաղափարներ՝ ինչպիսին, ասենք, սահմանադրական բարեփոխումներն են: Սրանով մի գերխնդիր է լուծվում՝ հավերժացնելու կամ երկարաձգելու սեփական իշխանությունը: Բայց, այնուամենայնիվ, հասարակության մեջ երեւում է այն կորիզը, որը հստակ հասկանում է իրավիճակը: Այստեղ հիմնական առանցքը ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի արդյունավետ համագործակցության մեջ է` որպես պայքարի լոկոմոտիվ: Եթե այս համագործակցությունը շարունակվի, շատ հնարավոր է հասարակության լայն խավերին մոբիլիզացնել եւ տանել վճռական քաղաքական պայքարի: Հայաստանն ունի հնարավորություն՝ ձերբազատվելու անդեմ եւ վստահությունը կորցրած իշխանություններից: Ոչ իշխանական Քառյակն ի վիճակի է հասնել սրան: Իհարկե, պետք է հաշվի առնել, որ Քառյակում ընդգրկված տարբեր կուսակցությունները տարբեր գաղափարախոսական հենքերի վրա կարող են իրար հետ չհամաձայնել, բայց պետք է հասկանալ նաեւ, որ գաղափարական որոշ տարաձայնություններն այսօրվա գերխնդիրը չեն կազմում: Գերխնդիրը վստահելի, ժողովրդի կողմից ընդունված իշխանությունների ստեղծումն է: Այստեղ էականը ոչ թե նախագահի ինստիտուտի լիազորություններն են կամ խորհրդարանական կառավարման համակարգին անցում կատարել-չկատարելը, այլ նշածս խնդիրը: Եւ հատկանշական է, որ այս ամենը շատ լավ հասկանում են Ռուսաստանի իշխանությունները:

Ի դեպ, Ռուսաստանի մասին: Ավանդաբար, Հայաստանում փորձ է արվում ներկայացնել, թե ներքաղաքական պայքարը պայմանավորված է արտաքին քաղաքական կողմնորոշումների հետ: Մասնավորապես, այս պահին, Հայաստանում նման խնդիր կա՞, որքանո՞վ է ներքին քաղաքականության օրակարգը կապված արտաքին քաղաքական կողմնորոշումների կամ նախասիրությունների հետ:

Սա իշխանությունը պահելու վերջին ճիգն է: Երբ որ Հայաստանի իշխանություններն այլեւս ոչ մի փաստարկ չեն ունենում, դիմում են այս մաշված հնարքին: Կարողն են, ասենք, գալ Ռուսաստան, տարբեր քաղաքական խմբավորումների հետ մտնել առեւտրի մեջ եւ ասել, թե՝ «վայ-վայ-վայ, հեսա նարնջագույն հեղափոխություն են անելու, արեւմտամետ ուժերը փորձում են մեզ գահընկեց անել, իսկ մենք հոգով-սրտով ձեզ հետ ենք»: Սա հին ու ծեծված երգ է: Նույն իշխանությունների ուղարկած մարդիկ նույն կերպ վարվում են Արեւմուտքում. հանդիպումներ են ունենում քաղաքական տարբեր շրջանակների հետ, որոնց ընթացքում գանգատվում են, թե՝«Ռուսաստանը մեզ ստիպում է այս կամ այն դաշինքին միանալ, փրկեք մեզ, թե չէ Մոսկվան մեզ հում-հում կուտի» եւ այլն: Ասածիս մեջ որեւէ չափազանցություն չկա, դեռ հակառակը, գուցե ավելի թունդ գույներով է այդ ամենը ներկայացվում: Այս ծիծաղելի, մանկամիտ, կարճամիտ գործելաոճը միգուցե տարիներ առաջ ինչ-որ արդյունք տար, բայց այսօր բոլորը հասկանում են, թե իրականությունը որտեղ է, այդ թվում՝ Ռուսաստանում են հասկանում: Շատ լավ հասկանում են, ուղղակի՝ տեսնում են, որ բոլորն օգտագործում են, իրենք էլ են փորձում օգտագործել: Օգտագործում են, բայց միաժամանակ, բոլորն էլ մի բան են ուզում՝ որ Հայաստանում գոնե մի անգամ ժողովուրդն իր կամքն արտահայտի եւ ձեւավորի իշխանություն: Եթե դիտարկենք հայ-ռուսական շահերի համատեքստում, դրանց ամենամեծ վնասողը չընտրված, որեւէ վստահություն չվայելող իշխանություններն են: Դա Ռուսաստանին պետք չէ: Մոսկվան շահագրգռված է, որ Հայաստանում ուժեղ պետականություն, ուժեղ իշխանություն լինի: Ռուսաստանը չի ուզում, որ կոռումպացված, անդեմ իշխանություն ունեցող Հայաստանը նոր Ուկրաինայի վերածվի: Ռուսաստանին դա պետք չէ, միանշանակ: Բնական է, որ տարբեր քաղաքական, տնտեսական շրջանակներ պատվերներ են ստանում՝ փորձելով պատկեր ստեղծել, որ Հայաստանում իշխանափոխության են ձգտում արեւմտամետները, բայց Ռուսաստանի իշխանությունները հստակ պատկերացնում են ամեն ինչ: Ո՛չ ռուսաստանյան հասարակությունում նման խղճուկ փիառով կարող ես հաջողության հասնել, ո՛չ էլ, առավելեւս, Ռուսաստանի իշխանության վերին էշելոններում: Ընդհակառակը, բոլորը շատ լավ գիտեն, որ բոլոր հիմնական հակառուսաստանյան, անգամ ռուսատյաց քարոզչամեքենաները, լրատվամիջոցները Հայաստանում հովանավորվում են նախագահականից կամ տարբեր թելերով կապված են իշխանական շրջանակների հետ:
      Այս ամենը բոլորի համար անցած էտապ է: Դրա համար էլ այդ անհեթեթությունները լուրջ տպավորություն չեն թողնում ոչ մի տեղ: Ռուսաստանի քաղաքական շրջանակներում ամեն ինչ եւ բոլորին լավ գիտեն. սկսած երիտասարդ տարիներից իրենց կենսագրությունը, թե ինչի են ընդունակ, ինչի ընդունակ չեն, ամեն ինչ գիտեն: Այնպես, որ, այդ էժանագին խաղերին կարելի է ընդհանրապես ուշադրություն չդարձնել եւ դրա վրա առանձնապես չկենտրոնանալ: Այսօր մի հիմնական խնդիր կա. որ քաղաքական ուժերը` ռեալ ընդդիմությունը, որ ի վիճակի է քաղաքական պայքար տանել եւ հաջողության հասնել, առաջին հերթին` ՀԱԿ-ը եւ ԲՀԿ-ն, պետք է գնան հասարակության ներքին կազմակերպման ուղղությամբ եւ ժողովրդին հետ համոզեն այն բանում, որ Հայաստանի քաղաքացին ի վիճակի է ինչ-որ բան փոխել երկրում: Վերջապես, որ Հայաստանի քաղաքացին պետական շահերով սկսի ապրել: Թող ունենան տարբեր աշխարհաքաղաքական մոտեցումներ կամ նախասիրությունները: Եթե մարդիկ շահագրգռված են ուժեղ պետություն ստեղծելու հեռանկարով, պետք է նրանց աջակցել, պաշտպանել: Պետք է ստեղծել մի իրավիճակ, որ ժողովուրդը գնա եւ ընտրի իր իշխանությունը, որն էլ, կախված իրավիճակից, կընդունի պետության զարգացման հետ կապված իր որոշումները: Իսկ ռուսամետ-արեւմտամետ-չինամետ խաղերը մի նպատակ ունեն` մեկ ուժը մեկ այլ ուժի դեմ հանել: Հայաստանը աշխարհաքաղաքական շահերի բախման թատերաբեմ չպետք է դառնա: