04.09.2014 10:45

Բեռնար Շալանդը հիասթափված է Լատվիայի հետ հանդիպման արդյունքից, բայց ոչ Հայաստանի խաղից

Բեռնար Շալանդը հիասթափված է Լատվիայի հետ հանդիպման արդյունքից, բայց ոչ Հայաստանի խաղից
© Mediamax

Լատվիայի ընտրանու հետ ընկերական խաղում 0:2 հաշվով պարտվելուց հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդն ասել է, որ շատ հիասթափված է արդյունքից, բայց ոչ թիմի խաղից:

«Ֆուտբոլը հասարակ խաղ է, ու եթե դու գոլ չես խփում՝ պարտվում ես: Մեր ֆուտբոլիստները վեց անգամ մնացին դարպասապահի դեմ մեն-մենակ և գոլ չխփեցին: Հետևանքը՝ պարտությունն է: Լատվիան պայքարել է մինչև վերջ ու հաղթել»,- ասել է մարզիչը:

Նա ասել է, որ հարձակման գծում Յուրա Մովսիսյանի ու Արաս Օզբիլիսի բացակայության հետ կապված խնդիրներ կան: Շալանդը գտնում է, որ Հայաստանի ընտրանին լավ է խաղացել, ունեցել է տարածքային առավելություն ու գոլ խփելու մի շարք հնարավորություններ: «Դա մեր օրը չէր, ու ես պետք է ընդունեմ պարտությունը: Նույնիսկ այդպիսի խաղից հետո մենք պետք է պահպանենք վստահություն, լինենք դրական տրամադրված, քանի որ խաղի տեսանկյունից մենք ավելի լավ խաղացինք, բայց չկարողացանք գոլ խփել ու հաղթել»:

Ըստ մարզչի, շատ կարևոր է, որպեսզի ֆուտբոլիստները հեշտ կիրառեն տարբեր տեսակի դասավորություններ: «Հիմնվելով այս փորձի վրա կարող ենք որոշել ինչպես խաղանք Դանիայի դեմ: Ես դեռ չեմ որոշել ինչպես, բայց արդեն պատրաստ եմ խաղալ երկու ձևով: Այսօրվա պարտությունը՝ դասավորության պատճառը չէր»,- Շալանդի խոսքերը մեջբերում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Նա կարծում է, որ հավաքականը խնդիրներ է ունեցել միայն ստանդարտ իրավիճակների ժամանակ:

Շալանդը գտնում է, որ Յուրա Մովսիսյանի բացակայությամբ ժամանակն է, որ մյուս հարձակվողները ցույց տան իրենց. «Ես աշխատում եմ պահպանել վստահությունը տղաների մեջ, քանի որ եթե ես հիմա բողոքեմ որ ինչ որ մեկը բացակա է, դա ոչինչի չի բերի»: