06.09.2014 12:56

Էդ ո՞ւմ վրա եք ձեռք բարձրացրել, 88-ի ժողովրդին չե՞ք ճանաչում

Էդ ո՞ւմ վրա եք ձեռք բարձրացրել, 88-ի ժողովրդին չե՞ք ճանաչում

iLur-ը բացում է «ՇԱՐԺՈՒՄ – 88» նոր խորագիր, որի տակ այսուհետ պարբերաբար կհրապարակի մեր պատմության հերոսական այս շրջափուլին վերաբերող ու այն ներկայացնող զանազան արխիվային եւ այլ փաստաթղթեր, հոդվածներ, ուսումնասիրություններ, այլ նյութեր։ Եւ դա՝ ոչ թե որպես տուրք անցյալին, այլ հանուն այսօրվա Հայաստանի, մտահոգված նրա յուրաքանչյուր քաղաքացու այսօրվա խնդիրների լուծմամբ։

Ստորեւ, որպես մուտք, Աշոտ Սարգսյանի ներածական հոդվածը:

_______________________

«Ով թուր ունի, առաջ ի՛մ գլխիս խփի, իմ սիրտս խրի, ապա թե ոչ՝

քանի բերանումս լեզու կա, փորումս՝ սիրտ, ես լեղապատառ ձեն կտամ.

-         Էդ ո՞ւմ վրա եք թուր հանել, հայոց մեծ ազգին չե՞ք ճանաչում»:

Խաչատուր Աբովյան

 

1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության շնորհիվ հաստատված ավազակապետական ռեժիմը, անկախ իր ներսում ունեցած տարաբնույթ հակասություններից, մի ընդհանուր գաղափարական հակառակորդ ու թշնամի ունի։

Եւ դա «դարավոր ոսոխը»՝ Թուրքիան չէ, որի դեմ միջազգային ասպարեզում պետք էր անզիջում եւ արդյունավետ քարոզչական աշխատանք կազմակերպել, հասկանալի է՝ Հայոց ցեղասպանության թեմայով,մի գործ, որին լծված է եղել ողջ հայությունը` 1960-ական թվականներից ի վեր։ Գործող ռեժիմն արել է ճիշտ հակառակը. Թուրքիային, որպես մեծագույն նվեր՝ մատուցել է «Պատմաբանների հանձնաժողովը»՝ ծանր հարված հասցնելով Ցեղասպանության ճանաչման քարոզչական հիմքերին եւ միջազգային ճանաչման գործընթացին։

Դա նաեւ այսօրվա հակառակորդ Ադրբեջանը չէ, որի դեմ նույն միջազգային ասպարեզում պետք էր նույնպիսի քարոզչական աշխատանք տանել՝ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի ամրապնդման թեմայով,մի գործ, որին լծված է եղել ողջ հայությունը` 1988 թվականից ի վեր։ Այս դեպքում էլ ռեժիմն արել է ճիշտ հակառակը. հակամարտության եւ բանակցությունների Կողմի միջազգայնորեն ճանաչված մանդատից զրկելով Լեռնային Ղարաբաղին ՝ թանկարժեք ընծա է մատուցել Ադրբեջանին՝ նույնպիսի ծանր հարված հասցնելով Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի քարոզչական եւ գործնական իրականացման հիմքերին։

Ռեժիմի թիվ մեկ հակառակորդն ու թշնամին, նրա քարոզչական պայքարի հիմնական թիրախը արդեն շուրջ 15 տարի... 1988-ի Ղարաբաղյան կամ Հայկական ժողովրդավարական շարժումն է՝ իր գաղափարախոսությամբ, ընթացքով եւ արդյունքներով։

Հենց այս թիրախի դեմ է կենտրոնացվել իշխանական քարոզչամեքենայի ողջ պոտենցիալը՝ դպրոցական դասագրքերից սկսած՝ մինչեւ տոտալ վերահսկողության տակ գտնվող զանգվածային լրատվամիջոցները։ Եւ այս ամենը, ռեժիմի հանցավորության ներքին տրամաբանությունից ելնելով, շատ բնական է։ Եթե երկրում օրինակարգ, ազգային, ժողովրդավար, պատասխանատու քաղաքական իշխանություն է, ապա նրա քարոզչությունը պիտի բխի ազգային շահերից եւ ուղղված լինի ազգային շահերին սպառնացող վտանգների դեմ։ Եթե երկրում ոչ օրինակարգ, ինքն իրեն անփոփոխելի համարող, պատասխանատվությունից սարսափող բռնապետական հանցագործ ռեժիմ է, ապա նրա քարոզչության թիրախը պիտի լինի այն, ինչը վտանգ է բռնազավթած իշխանության պահպանման համար։

Դատելով ռեժիմի պայքարի հետեւողականությունից ու մեթոդներից՝ անհնար է չարձանագրել, որ նա, ի սկզբանե եւ առ այսօր, ՄԱՀԱՑՈՒ թշնամին է համարել 1988-ից ծայր առած Համաժողովրդական շարժումն իր գաղափարախոսությամբ, ընթացքով եւ արդյունքներով։

* * *

Արդ՝

1. Ի՞նչ է Ղարաբաղյան կամ Հայկական ժողովրդավարական շարժումը։

2. Որո՞նք են այդ Շարժման արդյունքները։

3. Ո՞րն է մեր պատմության պայծառ ու հերոսական այս դրվագի նկատմամբ միայն օտարին ու չարակամին հատուկ թշնամական վերաբերմունքի շարժառիթն ու պատճառը։

Ղարաբաղյան կամ հայկական ժողովրդավարական շարժումը

Խորհրդային Միությունում 80-ականների երկրորդ կեսին «Վերակառուցման» պայմաններում ծայր առած ընդհանուր հասարակական ակտիվության ու ալեկոծման պայմաններում Ղարաբաղյան կամ Հայկական ժողովրդավարական շարժումը (երկուսն էլ նրա պաշտոնական անվանումներն են) առանձնանում էր հետեւյալ հիմնական հատկանիշներով.

Առաջին. այն ի սկզբանե՝ 1988-ի փետրվարյան հանրահավաքներից ի վեր, իր ընդգրկմամբ համաժողովրդական էր, համազգային։ Ընդամենը մի քանի օրվա ընթացքում այն մտավ յուրաքանչյուր տուն, իսկ միայն հանրահավաքների մասնակիցների թիվը հատեց կես միլիոնի սահմանագիծը։

Երկրորդ. Շարժումն իր բնույթով, հետապնդած հիմնական՝ ժողովրդավարական հարցերով հստակ քաղաքական էր։ Նույն՝ ժողովրդավարական հարթության վրա դրվեց նաեւ թիվ 1՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը, իսկ մինչ այդ բարձրացված բնապահպանական, լեզվական եւ այլ խնդիրներ ներառվեցին Շարժման մեջ որպես ածանցյալներ՝ իրենց հերթին օժտվելով նույն՝ քաղաքական հատկանիշով։

Երրորդ. Շարժումն անընդհատ էր եւ տեւեց այնքան, մինչեւ լուծեց  իր առջեւ դրված ու իր անվանման մաս կազմող երկու հիմնական խնդիրները։

Չորրորդ. Շարժումն օժտված էր կենտրոնաձիգ կազմակերպվածության ու կարգապահության բարձրագույն աստիճանով։ Նրա, ըստ էության՝ ինքնաբուխ գոյացած կազմակերպական կառույցները՝ ոչ միայն բնակավայրերի, այլեւ հիմնարկների ու ձեռնարկությունների մակարդակով, գործնականում ծածկում էին ողջ հանրապետությունը՝ անվերապահ ենթարկվելով ղեկավարող կենտրոնական մարմնին։ Այս հատկանիշի շնորհիվ է, որ Հայաստանում գոյանում էին իրական եւ տեւական երկիշխանական իրավիճակներ։

Հինգերորդ. Ղարաբաղյան կամ Հայկական ժողովրդավարական շարժման հաջորդ հատկանիշը նրա՝ (արդեն 1988թ. մայիսի վերջից) կայուն, համաժողովրդական անսակարկելի հեղինակություն ու վստահություն վայելող ու դրանով իսկ՝ օրինակարգության բարձրագույն աստիճանով օժտված ղեկավար մարմինն էր՝ «Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեն»՝ իր 11 անդամներով։ Ընդ որում՝ «հինգերորդ» կոչելն այս դեպքում խիստ պայմանական է (եւ ընդհանրապես՝ կատարված թվարկման հերթականությունը կապ չունի կարեւորության աստիճանի հետ), քանզի՝ ճակատամարտ լինի, պատերազմ թե համաժողովրդական շարժում՝ լավագույն ռեսուրսներով հանդերձ, կարող է ձախողվել ու տանուլ տրվել, եթե սխալվում, վրիպում է ղեկավարը կամ ղեկավար մարմինը։ Մինչդեռ ճշգրիտ ու հմուտ ղեկավարումն ու անձնական օրինակը ազգի առավելագույն ռեսուրսների վերհանման, համախմբման, ոգեկոչման ու դրանով իսկ՝ հաջողությունների եւ հաղթանակների ապահովման կարեւորագույն գործոնն են։

Թվարկված հիմնական հատկանիշներից յուրաքանչյուրով, առավել եւս՝ դրանց ընդհանրությամբ, Ղարաբաղյան կամ Հայկական ժողովրդավարական շարժումն առաջինն էր եւ աննախադեպ՝ ոչ միայն հայ, այլ նաեւ խորհրդային 70-ամյա իրականության համար։ Ավելի քան կես տարի Ղարաբաղյան շարժումն, ըստ էության, միայնակ էր Խորհրդային Միությունում, խորհրդային իշխանության դեմ։ Մերձբալթյան եւ մյուս հանրապետությունների, ինչպես նաեւ արեւելաեվրոպական երկրների շարժումները ձեւավորվեցին Ղարաբաղյան շարժման անմիջական ազդեցությամբ՝ ի տես նրա ահռելի թափի, տոկունության, ոգեւորված դրա դեմ Մոսկվայի առաջին ընկրկումներից ու նահանջներից։

Մինչեւ Խորհրդային Միության փլուզումը Հայկական շարժումը մնաց ժողովրդավարական բոլոր (ներառյալ՝ Արեւելյան Եվրոպայի) շարժումների մեջ առաջատարը, իր ազդեցությամբ՝ յուրատեսակ օրենսդիրը։ Ընդ որում՝ ժամանակին այս ամենն արձանագրել են ոչ միայն միջազգային քաղաքական վերլուծաբաններ, այլեւ բազմաթիվ վկայություններով ու գնահատականներով խոստովանել են մերձբալթյան ու արեւելաեվրոպական ժողովրդավարական շարժումների, այդ թվում՝ ամենահին ու հայտնի շարժման՝ լեհական «Սոլիդարնոստի» ներկայացուցիչները։ Իսկ հռչակավոր պատմաբան, քաղաքագետ, Ֆրանսիայի Ակադեմիայի նախագահ Էլեն Կարրեր-Դանկոսը այս ամենը պատկերավոր գնահատել է այսպես. «Խորհրդային Միության ժողովրդավարացումը սկիզբ առավ Ղարաբաղի լեռներում»։

Առանց չափազանցության կարելի է ասել, որ այդ տարիներին Հայաստանն իր հուժկու համազգային ժողովրդավարական շարժմամբ դարձել էր համաշխարհային պատմության վրա ազդող մի գործոն եւ իր կնիքն է թողել այդ պատմության վրա։ Սա չափազանցություն չէ, եթե նկատի ունենանք, որ այդ տարիներին աշխարհի ուշադրության կիզակետում ԽՍՀՄ-ում ու նրա գլխավորած «ճամբարում» հախուռն ու անկանխատեսելի իրադարձություններն էին, ինչի հետեւանքով տեղի ունեցան շրջադարձային աշխարհաքաղաքական փոփոխություններ՝ փլուզվեց  ԽՍՀՄ-ը եւ, պատկերավոր ասած՝ «քանդվեց Բեռլինի պատը»։

Հաղթանակ եւ հաղթանակի փորձություն

Ղարաբաղյան կամ Հայկական ժողովրդավարական շարժման համար սովորաբար նշվում են 1988-90 թվականները՝ որպես սահմանագիծ դնելով Հայաստանում ընտրությունների միջոցով կոմունիստական իշխանության ավարտը եւ ժողովրդավարական իշխանության հաստատումը։ Սա ձեւական ու մակերեսային ընկալում է։ Խնդրին պետք է նայել ըստ էութան. Շարժման սկիզբը նրա օրակարգային երկու հիմնական խնդիրների, նպատակների արձանագրումն է, ավարտը՝ հռչակած այդ խնդիրների լուծման արձանագրումը։ Այս դեպքում Շարժման ժամանակագրական սկզբնակետը համարելով 1988-ի փետրվարը՝ վերջնակետը պետք է համարել Շարժման պաշտոնական անվանման մեջ դրված զույգ՝ «Ղարաբաղյան» եւ «Ժողովրդավարական» խնդիրների լուծումը՝ 1995 թվականը։

Այն, որ քաղաքական որեւէ իրադարձություն, գործընթաց, պատմաշրջան գնահատելու այլ չափանշ գոյություն չունի, քան դրա քաղաքական արդյունքները, անվիճարկելի է։ Ըստ այդմ՝ Ղարաբաղյան կամ Հայկական ժողովրդավարական շարժումն իր հետապնդած զույգ նպատակների շրջագծերում արձանագրեց հետեւյալ հիմնական արդյունքները.

Ա) Լեռնային Ղարաբաղի  բնակչության անխուսափելի բռնագաղթի կասեցումը արդեն 1987-ի վերջից  սկսված՝ Խորհրդային Միության համար ծայր առած խառնակ ժամանակներում (Չարդախլուի բռնագաղթը առաջին նախանշանն էր),

Բ) Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի հարցը ոչ միայն ԽՍՀՄ քաղաքական օրակարգի խնդիր դարձնելը, այլեւ դրա աննախադեպ միջազգային հնչեղության ապահովումը,

Գ) Ղարաբաղը Ադրբեջանից դե-ֆակտո անջատումը, Հայաստանի հետ փաստական միավորումն ու ինտեգրումը, նրա ինքնապաշտպանության նախապատրաստումն ու կազմակերպումը,

Դ) Ավանդաբար փոխանցված մանկամիտ, ըստ էության՝ հակաքաղաքական պատկերացումների փոխարեն՝ Շարժման ղեկավարության կողմից հայաստանյան հասարակության մեջ իրական քաղաքական պատկերացումների ու մտածելակերպի արմատավորումը,

Ե) Համաժողովրդական պաշտպանությամբ ընտրությունների միջոցով կոմունիստական իշխանության տապալումը, ժողովրդավարական իշխանության հաստատումը,

Զ) Հայաստանի փաստական անկախացումը, ապա համաժողովրդական հանրաքվեով, իրավականորեն անխոցելի ճանապարհով  Հայաստանի անկախության հռչակումը, անկախ պետականության կառույցների ձեւավորումը,

Է) Լեռնային Ղարաբաղը ադրբեջանական եւ խորհրդային զորքերի ամբողջական օկուպացիայից ազատումը, նրա փաստական անկախության ձեռքբերումը,

Զ) Պարտադրված պատերազմում Ադրբեջանի համեմատ օբյեկտիվորեն մի քանի անգամ նվազ մարդկային, բնական ու տնտեսական ռեսուրսներով, ինչպես նաեւ մի քանի անգամ աննպաստ պայմաններում  գտնվելով՝ ռազմական հաղթանակների ապահովումը,

Է) 1988-ից ի վեր ու երբեւէ որեւէ մեկի համար անգամ որպես երազ աներեւակայելի՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգության ցամաքային գոտու ստեղծումը եւ ամենաշահեկան այդ վիճակում զինադադարի կնքումը,

Ը) Միջազգային հեղինակության ձեռքբերումը, բարձրակարգ ու ճկուն դիվանագիտությունը, առանց որի անհնար էին ոչ միայն ռազմական հաղթանակները, այլեւ դրանց արդյունքների արձանագրումն ու պահպանումը,

Թ) Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի հարցի միջազգայնացումը, այդ իրավունքի իրացման համար նրան կենսականորեն անհրաժեշտ՝ հակամարտող ու բանակցային կողմի միջազգային մանդատով օժտելը,

Ժ) Պատերազմական պայմաններում գտնվելով հանդերձ՝ արմատական վերափոխումների, բարեփոխումների իրականացումը, ժողովրդավարության արմատավորումը, միջազգային հանրության կողմից Հայաստանը տարածաշրջանում «ժողովրդավարության կղզի» ճանաչելը։

Այս ամենը փաստեր են, իրողություններ՝ հաստատված հարյուրավոր ու հազարավոր փաստաթղթերով եւ, գոնե այսօր, փառք Աստծո՝ դեռ կենդանի այն սերնդի հարյուր հազարավոր ներկայացուցիչներով, որոնք, բոլորն անխտիր, ամեն մեկն իր չափով, քաղաքական այս պայթյունի ու հրաշքի կերտման մասնակիցներ են։

Ազգի մեջ միշտ անթեղված վիճակում կա մեծագործության պոտենցիալ, ներուժ։ Այն արթնացնելու ու գործի դնելու համար անհրաժեշտ է երկու գործոն։ Ընդունված տերմիններով առաջինը կոչենք «օբյեկտիվ» գործոն. դա ժողովրդի ներուժի արթնացման պատմական առիթն է կամ պահը, որ 88-ի Շարժման համար հայտնի է։ Երկրորդը կոչենք «սուբյեկտիվ» գործոն. դա ազգի արթնացած ներուժը հունավորելու, բազմապատկելու, ճիշտ ճանապարհով տանելու ու դրանով իսկ առավելագույն առարկայական արդյունք ստանալու ունակ ղեկավարը, առաջնորդող ուժն ու առաջնորդն է։ 88-ի Շարժման առաջին տարիների համար ղեկավար այդ ուժը «Ղարաբաղ» կոմիտեն էր, 1990 թ. ամռանից ի վեր՝ նույն Շարժման կազմավորած ժողովրդավար իշխանությունը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ։

Այսպիսով՝

Ղարաբաղյան կամ Հայկական ժողովրդավարական շարժումը պատմական ամբողջական մի միավոր, շրջափուլ է՝ դրված խնդիրներով ու այդ խնդիրների վերջնական լուծմամբ։ Այն Հայոց պատմության ամենալուսավոր, ամենահերոսական ու ամենաարդյունավորված շրջափուլերից մեկն է։ Դիմակայելով հարյուրավոր փորձությունների, հաղթահարելով բազմաթիվ մարտահրավերներ, վեր հանելով ու ներդնելով ազգային հնարավոր առավելագույն պոտենցիալը՝ մենք կարողացանք այդ շրջափուլը, բոլոր առումներով, ավարտել ՀԱՂԹԱՆԱԿՈՎ։

* * *

Մենք կարողացանք հաղթել, բայց չկարողացանք դիմակայել ՀԱՂԹԱՆԱԿԻ փորձությանը։ Սակայն սա արդեն այլ թեմա է, այլ շրջափուլ՝ նույնպես շատ կարեւոր եւ խիստ ուսանելի։ Մեր խնդիրը, սակայն, Ղարաբաղյան կամ Հայկական ժողովրդավարական շարժման լուսավոր ու հերոսական այս շրջանն է, այն նենգափոխելու, կեղծելու, սեւացնելու, արժեզրկելու, դրանով իսկ՝ դրա տիրոջ՝ հայ ժողովրդի նկատմամբ իրականացվող թշնամական գործունեության բացահայտումն ու խոչընդոտումը։

Ինչո՞ւ են փորձում աղավաղել մեր պատմության հերոսական շրջանը

Ազգի պատմությունը նրա ներկայի վրա ազդող ամենագործուն ու ամենաներգործուն միջոցն է։ Առաջին հերթին՝ պատմությունն է ձեավորում հասարակության անդամների ազգային, մարդկային եւ քաղաքացիական արժանապատվությունը, նրա արժեհամակարգը, ազգային ինքնության գիտակցումն ու դրա բովանդակությունը, վերջին հաշվով՝ ապահովում ազգի կենսունակությունը։ Հենց դա է պատճառը, որ քո պատմությունը կեղծելով՝ քեզ նվաստացնում, արժեզրկում է քո թշնամին, հակառակորդը, օտարը։ Այդ կերպ նա քեզ թուլացնելու, քո կենսունակությունը նվազեցնելու, դիմադրողականությունը կոտրելու իր այսօրվա քաղաքական խնդիրն է լուծում։ Եւ դա այդպես է՝ անկախ այն բանից, թե խոսքը վերաբերում է 3000, 2000, 1000 տարի առաջվա, թե երեկվա քո պատմությանը։ Որովհետեւ յուրաքանչյուրի ազգային ինքնության, ազգային արժանապատվության եւ ինքնապատկերացման հիմքում նրա պատմությունն է՝ ի սկզբանե եւ մինչեւ մեր օրերը։ Ու հենց դա է պատճառը, որ քո պատմաբանների առաջին գործն այդ կեղծիքների դեմն առնելն է։ Եւ այդպես է եղել միշտ՝ Խորենացուց սկսած ու մինչեւ մեր օրերը։

Ոմանք երբեմն զարմանում են այն էնտուզիազմի, ոգեւորության, համառության ու գործադրած ջանքերի վրա, որով պատմաբան գիտնականները քննարկում են շատ հեռավոր շրջանների խնդիրներ՝ հայ ժողովրդի ծագումը քանի՞ հազարամյակ առաջ է եղել, մենք բնի՞կ ենք, թե՞ եկվոր, Ուրարտուն Հայաստա՞ն է, թե՞ ոչ, կռիվ տալիս այսինչ հուշարձանի հայկական կամ այնինչ պատմական անհատի հայ լինել-չլինելու համար։ Թվում է՝ այսօրվա հետ կապ չունեցող եւ այսօրվա վրա չազդող խնդիրներ ու հարցեր են։ Այդպես չէ. պատմական կեղծիքները, աղավաղումները վեր հանող, անտեսումները լրացնող պատմաբաններն իրավացի են։ Անգամ ամենահեռավոր շրջանի պատմությունը ազդում է, պայմանավորում անհատի եւ ազգի այսօրվա հոգեբանությունն ու կենսունակությունը։

Պատմության առանձին դրվագներ, գործնական, քաղաքական խնդիրներ լուծելու տեսակետից, հաճախ ավելի մեծ դեր են խաղացել հետագայում։ Նկատված է, օրինակ, որ Խորենացու՝ հերոսական դրվագներով լեցուն ու անկախության գաղափարով տոգորված «Հայոց պատմությունը» ավելի շատ է բազմացվել հենց ազատագրական պայքարի տասնամյակներում ու դարերում։ Շատ դժվար է ասել՝ Ավարայրի ճակատամարտի ու Վարդանանց պատերազմի առարկայական քաղաքական արդյունքն ավելի մեծ է եղել 5-րդ դարո՞ւմ, թե՞ Եղիշեի գործով՝ դրա դաստիարակչական նշանակությունը հետագա 1500 տարիների ընթացքում։ Հայտնի է, որ Դերենիկ Դեմիրճյանին պատվիրվեց նույն սյուժեով գրել «Վարդանանքը»՝ Հայրենական պատերազմում հայ զինվորներին ոգեւորելու, նրանց մարտական ոգին բարձրացնելու համար։ Կամ՝ Սարդարապատի ճակատամարտի քաղաքական առարկայական արդյունքն ավելի մեծ է եղել 1918-ի՞ն, թե՞ այն, ինչ տվեց դրանով ներշնչումը 1988-ին։

    Եթե այսօրվա անհատի եւ ազգի վրա կարող է ազդել հազարամյակներ, հարյուրամյակներ առաջվա պատմությունը, առավել եւս՝ այդ իմաստով կարեւոր ներգործուն նշանակություն ունի մերօրյա պատմությունը, որի արարող ու ականատես սերունդը դեռ կենդանի է։ Հատկապես՝ երբ խոսքը վերաբերում է մեր պատմության ամենահերոսական ու ամենաճակատագրական շրջաններից մեկին՝ 1988 թվականից ծայր առած Ղարաբաղյան կամ Հայկական ժողովրդավարական շարժմանը։

Գրականությունն ու արվեստը հաճախ են դիմում պատմական դրվագների որոշ գեղարվեստական չափազանցության ու գունազարդման ՝ ժողովրդի ազգային ինքնության, ազգային հպարտության ու արժանապատվության ձեւավորման, ազատության ձգտման ու պահպանման կենսական գաղափարով նրան օժտելու համար։ Դա անում են բոլորը, եւ դա, չափի մեջ, անշուշտ, արդարացված է։ Ղարաբաղյան շարժման պատմությունը պետք չէ գունազարդել, դրա միայն օբյեկտիվ ներկայացումը լիուլի բավարար է ժողովրդի կենսական լիցքերը, նրա ինքնագնահատականը, ազգային ու մարդկային արժանապատվությունը, ազատության ձգտումը պահպանելու ու բազմապատկելու համար։

Ուրեմն ինչո՞ւ է ներկա ռեժիմը օտարների հետ եւ օտարից ավելի եռանդուն կեղծում ու նսեմացնում մեր պատմության ամենահերոսական դրվագներից մեկը՝ համազգային մաքառումների, հերոսացման ու ու հաղթանակների պատմությունը։

Ոչ թե նրա համար, որ ապագա սերունդների կողմից իրենք հիշվեն, ուրիշները մոռացության մատնվեն։

Ոչ թե նրա համար, որ այդ տարիներին իրենց դերակատարությունը բարձրացվի, ուրիշներինը՝ իջեցվի։

Սրանց նույնիսկ դա՛ չի հետաքրքրում։

Ինչո՞ւ համաժողովրդական մաքառման, ազատության ձեռքբերման, պատերազմի ու հերոսական հաղթանակների տարիները իշխանական քարոզչամեքենան հետեւողականորեն դարձրեց «ցրտի ու մթի տարիներ»։ Շատ պարզ պատճառով. ՀԱՂԹԱԾԻ ու ԱԶԱՏԻ հոգեբանությամբ տոգորված ժողովրդի վրա դժվար է բռնանալ։ Դրա համար նրան պետք էր օժտել «ցրտի ու մթի» մեջ մի կերպ գոյատեւած ԽԵՂՃՈՒԿՐԱԿԻ բարդույթով։  Այսինքն՝ դրանով ռեժիմը հասարակությանը հոգեբանորեն թուլացնելու, կամազրկելու, նվաստացնելու ու նրա վրա ունեցած ապօրինի իշխանության պահպանման՝ այսօրվա շատ կարեւոր գործնական խնդիր է լուծում։

Եւ այսպես, պատմության հատկապես լուսավոր ու հերոսական դրվագները աղավաղում ու կեղծում են օտարները, չարակամները, հակառակորդները՝ մրցակից ժողովրդին զրկելու համար կենսունակություն, ազգային հպարտութուն ու ազգային արժանապատվություն պարգեւող հիմքերից։ Անում են՝ նրա քաղաքական իղձերը ոչնչացնելու, իրենց քաղաքական հավակնությունների համար հիմքեր ստեղծելու համար։ Մեր հարեւանների, մասնավորապես՝ թուրքական ու ադրբեջանական պատմագրությունները դրա փայլուն դրսեւորումներն են։ Իսկ եթե դա անում է «սեփական» իշխանությունը, ապա դրա անունն արդեն ոչ թե թշնամություն, այլ ազգային դավաճանություն է՝ առանց դույզն-ինչ չափազանցության։

* * *

Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի սրտառուչ «Հառաջաբանը»՝ համառոտ. Լիդիացիների աշխարհակալ Կրեսոս թագավորը, պարտվելով պարսից Կյուրոսից, միայնակ փախչում է պասիկ մի զորականի առջեւ։ Երբ զորականը հասնում է նրան, թուրը բարձրացնում է, որ սպանի, թագավորի 20-ամյա մինուճար, ի ծնե համր տղայի լեզուն, վտանգի հանդիման եւ ծնողի փառավոր անցյալի գիտակցմամբ, առաջին անգամ բացվում է.

- Անօրե՛ն, էդ ու՞մ ես սպանում, քաշի՛ր թուրդ ետ, չե՞ստեսնում, որ առաջիդ Կրեսոս ա, աշխարքի տերն ա:

Գեղարվեստական այս պատկերի օգտագործմամբ, Խաչատուր Աբովյանն էլ, հայոց վեհապանծ պատմության գիտակցմամբ, հեղինակային իր խոսքում օտարների դեմքին գոռում է.

- Էդ ո՞ւմ վրա եք թուր հանել, Հայոց մեծ ազգին չե՞ք ճանաչում։

1988-ի ժողովուրդը, որ ձեռնոց նետեց, ՀԱՂԹԵՑ աշխարհակալ մի կայսրության ու ձեռք բերեց իր ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ, հաղթական ու հերոսական այդ պատմության իմացությամբ ու գիտակցությամբ վերագտած իր որակները՝ իր ազատության վրա բռնացող, օտարից վատթար այս դավաճանների երեսին պիտի գոռա.

-Էդ ո՞ւմ վրա եք ձեռք բարձրացրել, 88-ի հաղթող ու ազատ ժողովրդին չե՞ք ճանաչում։

Աշոտ Սարգսյան