06.09.2014 14:07

ԱՄՆ զինվորականներին տեղափոխող օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Իրանում

ԱՄՆ զինվորականներին տեղափոխող օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Իրանում

FlyDubai ավիաընկերության ինքնաթիռը, որ վարձակալել էին ամերիկացի զինվորականները, և որը Քաբուլի հյուսիսում գտնվող աֆղանական Բահրամ ռազմակայանից ուղևորվում էր ԱՄԷ, «բյուրոկրատական ինչ-ինչ խնդիրների պատճառով» հարկադրական վայրէջք է գործել Իրանի հարավում, այսօր հաղորդել է Associated Press գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ իշխանությունների հայտարարությանը:

ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարության մեջ նշվում է, որ Իրանի իշխանությունները օդաչուներին հայտնել են, թե օդանավը պետք է վերադառնա աֆղանական ռազմակայան՝ փաստաթղթերի հետ կապված խնդիրների պատճառով, սակայն օդանավի անձնակազմը չի կարողացել դա անել, քանի որ բավարար քանակով վառելիք չի ունեցել: Իրանի իշխանությունները պահանջել են վայրէջք կատարել երկրի տարածքում:

ԱՄՆ պետդեպի հայտարարության համաձայն՝ Իրանի տարածքում մի քանի ժամ մնալուց հետո բոլոր խնդիրները լուծվել են, ինքնաթիռը կրկին օդ է բարձրացել և մի քանի ժամ անց վայրէջք է կատարել Դուբայում: Ինչպես հաղորդում է CNN-ը, օդանավում եղել է 140 հոգի, այդ թվում՝ ԱՄՆ 100 քաղաքացի: Փոխանցում է ria.ru-ն: