07.09.2014 12:59

Դանիա-Հայաստան. Խաղից առաջ

Դանիա-Հայաստան. Խաղից առաջ

Սեպտեմբերի 7, ժամը՝ 21:00, Կոպենագեն, «Պարկեն» մարզադաշտ

Մրցավար՝ Ալեքսանդրու Տուդոր (Ռումինիա)  

Այս երկու հավաքականներն էլ ընդգրկված էին նաև Աշխարհի առաջնության ընտրական փուլում: Եզրափակիչ դուրս գալ երկու երկրների թիմերն էլ չկարողացան, թեև դանիացիները դրան ավելի մոտ էին: Ընտրական մրցաշարերում, ընդհանուր առմամբ, Հայաստանի և Դանիայի հավաքականները արդեն 3-րդ անգամ միևնույն խմբում են  հայտնվել: Առաջին անգամ  1996թ.-ի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում  էր: Հայաստանի նորաստեղծ հավաքականն սա առաջին նմանատիպ մրցաշարն էր, իսկ  Դանիայի հավաքականը Եվրոպայի գործող չեմպիոնն էր:

Երկու հավաքականների միջև առաջին հանդիպումը կայացել է 1995թ. օգոստոսի 16-ին «Հրազդան» մարզադաշտում: Դա ընտրական մրցաշարում ՀՀ հավաքականի 7-րդ հանդիպումն էր: Մեր ֆուտբոլիստները մինչ այդ Բելգիայի (0:2), Կիպրոսի (0:0, 0:2), Իսպանիայի (0:2, 0:1) և Մակեդոնիայի (2:2) հավաքականների հետ անցկացրած հանդիպումներում ընդամենը 2 միավոր էին վաստակել:

Դանիայի ընտրանին նույն մրցակիցների հետ խաղերում 11 միավոր էր իր օգտին գրանցել (Մակեդոնիա` 1:1, 1:0, Բելգիա` 3:1, Իսպանիա` 0:3, Կիպրոս` 1:1, 4:0):

Երևանում տեղի ունեցած հանդիպումն ավարտվեց Եվրոպայի չեմպիոնի հաղթանակով: Մրցակիցների պատասխան հանդիպումը կայացավ ընտրական մրցաշարի ավարտական խաղում: Նոյեմբերի 15-ին Կոպենհագենի «Իդրոտսպարկ» մարզադաշտում կայացած այդ խաղում էլ դանիացիները հաղթեցին` 3:1:

Հայ ֆուտբոլիստներն ընտրական 2-րդ խմբում 5 միավորով (+1=2-7, 5:17) եզրափակեցին մրցաշարային աղյուսակը: Իսկ Դանիայի հավաքականը 21 միավորով (+6=3-1, 19:9) գրավեց 2-րդ տեղը և Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճեց:

Հիմա Հայաստանը և Դանիան Ֆրանսիայում տեղի ունենալիք Եվրոպայի երկու ուղեգրերը ձեռք բերելու համար պայքարելու են Ալբանիայի, Պորտուգալիայի և Սերբիայի հետ: Այս հակամարտությունում ֆավորիտը, իհարկե Դանիան է: Սկանդինավցիները Հայաստանի դեմ 4 հանդիպումներից 3-ում հաղթել են, սակայն դեռևս թարմ է դանիացիների՝ Կոպենհագենում կրած ջախջախիչ պարտության հիշողությունը, երբ հայ ֆուտբոլիստները 4 անպատասխան գնդակ ուղարկեցին դանիացիների դարպասը:

Իրադարձությունների նույնպիսի ընթացք հիմա հազիվ թե հնարավոր լինի: Դանիան պետք է վերահաստատի իր ավելի բարձր վարկանիշը: Բացի դրանից, ըստ վերջին խաղերի վիճակագրության, առավելությունը կրկին դանիացիների կողմն է. վերջին 16 պաշտոնական հանդիպումներում 9 հաղթանակ և ընդամենը երկու պարտություն: 

Հայաստանի հավաքականի տղաների առաջ լուրջ խնդիր է կանգնած, և մեր տղաները պետք է կարողանան հաջողությամբ լուծել այն: Հավանաբար, Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները այս խաղում կգործեն 5-2-3 տակտիկական կառուցվածքով: Հաշվի առնելով, որ մեր հավաքականը բազմաթիվ կորուստներ ունի և չեն խաղալու Յուրա Մովսիսյանն ու Արազ Oզբիլիսը, այս ռազմավարությունը կարող է արդյունավետ լինել:

Դանիայի հավաքականը նույնպես կորուստներ ունի: Թիմի ավագ Դանիել Ագերը մկանային վնասվածք է ստացել շաբաթ օրվա մարզման ժամանակ ու կարող է բաց թողնել Հայաստանի հավաքականի դեմ հանդիպումը: Եթե այդպես լինի, ապա պաշտպանության կենտրոնում նրան կփոխարինի Անդրեաս Բյելանդը «Տվենտեից»: Վերջինս 2013թ.-ին Կոպենհագենում կայացած ԱԱ 2014-ի ընտրական փուլի Դանիա - Հայաստան (0-4) խաղում մեկնարկային կազմում էր ու Սիմոն Կյաերի հետ միասին խաղացել է պաշտպանության կենտրոնում: Խաղից հետո Բյելանդն ու Կյաերը ենթարկվել ուժեղ քննադատության, ինքը` Բյելանդը, իրեն մեղավոր է զգացել թիմի բաց թողած երկու գոլերի համար:  Սական գլխավոր մարզիչ Մորտեն Օլսենին այդ փաստը քիչ  է մտահոգում. «Մենք կարող ենք խաղալ նույն կենտրոնական պաշտպաններով, ինչ նախորդ տարվա խաղում: Կարող են ասել` բայց մենք պարտվել ենք 0-4 հաշվով: Սակայն չեմ կարծում, որ դա նրանց պատճառով էր: Նրանք երկուսն էլ միշտ հաջող են հանդես եկել, իրար հետ լավ են համագործակցում, Բյելանդը ձախլիկ է: Բացի դրանից, նրանք երկուսն էլ առաջատարներ են: Բյելանդն էլ առաջատարի ունակություններ ունի, նա այս պահին «Տվենտենի» ավագն է: Իհարկե, մենք չենք կարող կլոնավորել ֆուտբոլիստներին, սակայն Բյելանդը շատ նման է Ագերին»,- ասել է Օլսենի  դանիական մամուլին տված հարցազրույցում: