13.09.2014 09:15

ՇԱՐԺՈՒՄ-88. Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին (9 հոկտեմբերի, 1990 թ.)

ՇԱՐԺՈՒՄ-88. Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին (9 հոկտեմբերի, 1990 թ.)

– Պարոն Տեր‑Պետրոսյան, չխախտելով ավանդույթը, սկզբում անդրադառնանք պատմությանը՝ մեր աչքերի առջեւ գրված, մեր՝ յուրաքանչյուրիս կերտած պատմությանը, միով բանիվ՝ այն ժամանակահատվածին, որն ընկած է երկու՝ 1988 թ. փետրվարի 20 եւ 1990 թ. օգոստոսի 4 տարեթվերի միջեւ։ Որպես այդ Շարժման առաջնորդներից մեկը, որտե՞ղ եք տեսնում նրա ակունքները, ինչպե՞ս եք գնահատում Ղարաբաղյան շարժումը, ո՞րն էր նրա պատմական էությունը։

– Ղարաբաղյան շարժումը, նրա ընդգրկումը՝ համաժողովրդական բնույթը, շատերի համար անակնկալ էր։ Սակայն երբ հետադարձ հայացք ենք ձգում ոչ հեռավոր պատմական անցյալին, վերլուծում եւ ընկալում ենք պատմական տրամաբանությունը, ակներեւ է դառնում, որ Շարժումն անցյալի միանգամայն տրամաբանական շարունակությունն էր, պատմական երեւույթների շղթայի անխուսափելի օղակներից մեկը։

Հայ ժողովուրդը Խորհրդային Միության ամենաիրավազուրկ ժողովուրդն էր ամբողջ 70 տարի, ԽՍՀՄ կազմավորման շրջանից ի վեր, երբ նրա հայրենիքը հանուն համաշխարհային հեղափոխության շահերի, հանուն տոտալիտար տերության ստեղծման փաստորեն զոհաբերվեց, մասնատվեց բարեկամ համարվող Թուրքիայի ու նրա դաշնակիցը ներկայացվող Ադրբեջանի միջեւ։ Կատարված պատմական այս անարդարության զգացումը, որը տիրապետող է եղել հայ ժողովրդի մեջ, անխուսափելիորեն պետք է հանգեցներ ժողովրդի ընդվզմանը։ Այդ պահը հանդիսացավ 1988 թ. փետրվարի 20‑ը, երբ արցախահայությունը միանգամայն սահմանադրական եղանակով բարձրացրեց մարզը Ադրբեջանի կազմից դուրս բերելու եւ Հայաստանի կազմի մեջ ընդգրկելու հարցը։ Սա մի փոքրիկ կայծ էր, որը սակայն շատ արագ՝ նույն օրն իսկ հրդեհ առաջացրեց, որը բոցավառեց, փոթորկեց հայության սրտերը։ Եւ ոչ միայն Հայաստանում, այլեւ ի սփյուռս աշխարհի։ Այդ հրդեհը շարունակվում է մինչեւ օրս։ Օտար կամ կողքից սոսկ դատողություններ անող մարդու համար այս ամենը կարող է եւ անսպասելի համարվել, սակայն Շարժումը պատմության ընդհանուր տրամաբանության անխուսափելի փուլն էր։

– Այսինքն՝ արցախյան հիմնահարցը փաստորեն առիթ հանդիսացավ պատմական անարդարության դեմ ընդվզելու, ողջ ազգի իրավունքները պաշտպանելու համար։

– Այո, առիթ, քանզի միայն Արցախի ոտնահարված իրավունքի խնդիրը չէր դրված այս շարժման ակունքներում, այլ ողջ հայ ժողովրդի իրավազրկության հարցը։

Շարժման համաժողովրդականության մասին։ Այն առաջին հերթին պայմանավորված էր հենց վերը նշածս՝ հայ ժողովրդի իրավազրկության փաստով։ Երկրորդ, ոչ նվազ կարեւոր հանգամանքը խնդրի արդարացիությունն էր։ Ոչ մի հայի սրտում կասկածի նշույլ իսկ չկար, որ արցախահայության պահանջն արդարացի է։ Չարժե, ինձ թվում է, ներկայացնել Շարժման պատմությունը, քանզի այն անցել է բոլորիս աչքերի առջեւ, բոլորիս մասնակցությամբ։ Սակայն հիմնական փուլերին անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ։ Շարժումն սկսեցին մի խումբ գործիչներ, ովքեր այդ փուլում չափազանց մեծ դեր խաղացին։ Ես նկատի ունեմ ե՛ւ Իգոր Մուրադյանին, ե՛ւ Վաչե Սարուխանյանին, ե՛ւ Վազգեն Մանուկյանին, ե՛ւ Համբարձում Գալստյանին, ե՛ւ Սամսոն Ղազարյանին, ե՛ւ Աշոտ Մանուչարյանին, ե՛ւ Գագիկ Սաֆարյանին, ե՛ւ Զորի Բալայանին, ե՛ւ Սիլվա Կապուտիկյանին։ Նրանք էին փետրվարին գլխավորում Շարժումը, սակայն որոշ ժամանակ անց այս գործիչների մեծ մասը, չեմ կարող ասել, թե հեռացավ պայքարից, սակայն հեռացավ հրապարակից։ Կազմավորվեց մի նոր կոմիտե՝ Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեն, որում թվարկածս մարդկանցից քչերն ընդգրկվեցին։ Կոմիտեն համալրվեց նոր անհատներով։ Թե՛ հրապարակից հեռացած անձանց, թե՛ ժողովրդի գիտակցության մեջ այս փոփոխությունը որոշ պարզունակ մեկնաբանությունների տեղիք է տալիս։ Երեւույթի իմ բացատրությունը հետեւյալն է. պայքարը, ես նկատի ունեմ ոչ միայն մեր Շարժումը, այլև պայքարն ընդհանրապես, բաղկացած է առանձին հանգրվաններից, որոնցից յուրաքանչյուրն առաջ է քաշում իր ղեկավարներին, նրանց, ովքեր առավելագույնս են համապատասխանում պայքարի տվյալ փուլի պահանջներին։ Կրկնեմ՝ թվարկածս գործիչները լիովին համապատասխանում էին Շարժման սկզբնավորման շրջանի պահանջներին, իսկ հետագայում, երբ Շարժումը նոր պահանջներ սկսեց թելադրել, նրանք այլեւս ի վիճակի չէին բավարարել դրանք։

Բացառված չէ նաեւ այն պահը, երբ մենք ինքներս այլեւս չհամապատասխանենք պայքարի պահանջներին, եւ միանգամայն օրինաչափորեն մեզ փոխարինելու գան շատ ավելի ունակ մարդիկ, ովքեր ի վիճակի կլինեն Շարժումը տանել իր տրամաբանական հունով։

– Ինչպիսի՞ գնահատականների է արժանացել «Ղարաբաղ» կոմիտեի գործունեությունը, եւ ինչպե՞ս այն կգնահատեիք Դուք։

– Մեր գործունեության գնահատականները տարաբնույթ են եղել՝ ե՛ւ օբյեկտիվ, ե՛ւ միտումնավոր, ե՛ւ բարեկամական, ե՛ւ թշնամական, ե՛ւ... քաղքենիական։ Եւ, ցավոք, շատ հաճախ տիրապետող է եղել հենց վերջին՝ քաղքենիական մոտեցումը։ Մեզ փորձել են մեղադրել պաշտոնամոլության, անձնական հավակնություններին հագուրդ տալու մեջ։ Սակայն նմանատիպ գնահատականներն ու մեղադրանքները հերքվեցին ժողովրդի կողմից։ Եւ ժողովրդի վերաբերմունքը (նկատի ունեմ այն մեծ վստահությունը, որը ցուցաբերվեց «Ղարաբաղ» կոմիտեի, հետագայում նաեւ ՀՀՇ‑ի նկատմամբ, ինչն ի վերջո հանգեցրեց հանրապետությունում ժողովրդավարական ուժերի հաղթանակին) դրա պերճախոս վկայությունն է։

Իմ գնահատմամբ՝ մեր գործունեությունը բնորոշվել է Շարժման տրամաբանությանը հավատարիմ մնալու սկզբունքով։ Ամբոխավարական կեցվածքներ բնավ չենք ընդունել։ Նույնիսկ պահեր են եղել, երբ ժողովրդի կարծիքին հակառակ, ելնելով դարձյալ Շարժման տրամաբանությունից, քայլեր ենք կատարել, որոնք ընկալվել են ոչ միանշանակ, ոչ անմիջապես։ Ենթարկվել ենք անգամ կշտամբանքների, սակայն երբեք չենք առաջնորդվել բոլորին դուր գալու եւ հաճոյանալու սկզբունքով։ Որոշ ժամանակ անց ժողովուրդն անպայմանորեն զգացել է մեր գործողությունների ճշմարտացիությունն ու անհրաժեշտությունը։

Երկրորդ բնորոշ գիծը, որը հատուկ է եղել մեր գործունեությանը. մենք երբեք չենք առաջնորդվել պատահական լուրերով։ Մեզ համար միշտ էլ ավելի կարեւոր է եղել քաղաքական իրավիճակի սկզբունքային վերլուծությունը, քան պատեհապաշտությունը, այն է՝ Մոսկվայից, Բաքվից, Արցախից ստացված որեւէ տեղեկության հիման վրա այս կամ այն քայլը կատարելը։ Երրորդ բնորոշ հատկանիշը. Արցախի հարցը մենք երբեք չենք տարանջատել հայ ժողովրդի առջեւ այսօր ծառացած ընդհանուր խնդիրներից։ Այդ պատճառով էլ ենք մենք կշտամբանքների ենթարկվել, երբ դրել ենք հարցեր, որոնք առաջին հայացքից կապ չեն ունեցել Արցախի եւ Հայաստանի վերամիավորման հիմնահարցի հետ։ Ասենք, օրինակ, մեր հանրապետության հասարակական կյանքի ժողովրդայնացման խնդիրը։ Հիրավի, թվում է, դա անմիջականորեն չի առնչվում բուն խնդրին, սակայն այդպես է եւ էր՝ առաջին հայացքից։ Այդ հանգամանքը ոչ միշտ է ճիշտ հասկացվել, շահարկվել է, մենք կշտամբանքներ ենք լսել թե՛ բարեկամների, թե՛ չարակամների կողմից։ Այդ կերպ մտածողներին ստիպված եմ հիշեցնել մեր ելակետային սկզբունքներից մեկը՝ Արցախի հարցը մենք երբեք չենք առանձնացրել հայ ժողովրդի առջեւ ծառացած բոլոր պատմական ու կենսական խնդիրներից, քանզի առկա է դրանց ներքին խոր տրամաբանական կապը։

– Ներքին տրամաբանական այդ կապի առկայությունը, բնականաբար, նաեւ խնդրին նոր մոտեցումներ, նոր քաղաքականություն էր ենթադրում։

– Իհարկե։ Եւ հենց այդ պատճառով էլ Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեն արդեն 1988‑ի ամռանը եկավ այն եզրակացության, որ անհրաժեշտ է ընդլայնել Կոմիտեի ծրագիրը, Շարժման ծրագիրը, քանզի փետրվարյան իրադարձությունները ցույց տվեցին, որ Արցախի հարցը հնարավոր չէր լուծել, եթե Հայաստանը չստեղծեր ի՛ր քաղաքական գործոնը, չդառնար քաղաքական գործընկեր։

Հաշվի առնենք, որ ադրբեջանական գործոնն արդեն առկա էր։ Դա ահաբեկչությունն էր, բռնությունը, ահն ու սարսափը։ Այն իր մարմնավորումը գտավ Սումգայիթում։ Հրամայական պահանջ էր դարձել դրան հակադրել հայկական գործոնը, եւ դա ոչ թե որպես քաղաքական շանտաժ, այլ որպես ինքնին արժեք՝ հիմնված հայ ժողովրդի կենսական շահերի վրա։ Մենք պետք է հասնեինք նրան, որ Հայաստանը դառնար քաղաքական գործընկեր, որ նրա հետ լրջորեն հաշվի նստեին։ Դա տեղի կունենար միայն այն դեպքում, երբ Հայաստանն ապացուցեր իր ինքնիշխանությունը եւ ժողովրդավարական արմատական վերափոխումներ կատարելու իր կարողությունը։

– Այդ առումով ի՞նչ էր նախատեսում Շարժման ծրագիրը, եւ ինչպիսի՞ փոփոխություն այն կրեց։

– 88‑ին հրապարակված ՀՀՇ‑ի ծրագիրն, ըստ էության, հետագայում քիչ փոփոխություններ է կրել մինչեւ համագումարում ընդունվելը։ Գաղափարական սկզբունքները լիովին նույնն են մնացել։ Ծրագիրը հիմնականում բաղկացած էր չորս առանձին հարցերի խմբից. առաջին՝ Հայաստանի ինքնիշխանության ընդլայնում, տնտեսական ինքնուրույնություն, արտաքին հարաբերություններ հաստատելու անհրաժեշտություն եւ ազգային զորամիավորումներ ստեղծելու հիմնահարցեր։ Երկրորդը ժողովրդավարական վերափոխումների իրականացմանը նվիրված հարցերի խումբն էր՝ բազմակուսակցականության ընդունում, խոսքի, մամուլի, միտինգների, խղճի ազատություն եւ այլն։ Երրորդ խումբն առնչվում էր բնապահպանական խնդիրներին։ Չորրորդ խումբը կազմում էին հայ ազգային‑ազատագրական պայքարի արդի ժամանակաշրջանի պատմության վերանայման, հոգեւոր եւ մշակութային արժեքների վերականգնման խնդիրները։ Ծրագրում Արցախը զբաղեցնում էր ընդամենը մի քանի տող, որն էլ նոր կշտամբանքների առիթ հանդիսացավ։ Կյանքն ապացուցեց՝ դա այնպիսի մի ծրագիր էր, որը փաստորեն համապատասխանում էր մեր ժողովրդի պահանջներին, ընդգրկելով բոլոր այն խնդիրները, որոնք ըստ էության հնարավոր էր իրականացնել։

Մի սկզբունք եւս ցանկանում եմ նշել, որը բնորոշ էր «Ղարաբաղ» կոմիտեի եւ ՀՀՇ‑ի գործունեությանը։ Դա նրանց քաղաքական իրատեսությունն էր։ Մենք միշտ ժողովրդին ներկայացրել ենք այնպիսի ծրագրեր, որոնք հնարավոր էին իրականացնել։ Ժողովուրդը չի հանդուրժում անիրականանալի ծրագրեր, խոստումներ, կոչեր։ Չեմ կարող չնշել նաեւ Շարժման չափավորությունը։ Միշտ էլ Շարժումը գիտակցել է այն սահմանը, որը թույլատրելի էր՝ մեր ժողովրդի շահերից ելնելով։ Բազմիցս փորձեցին մեզ ներքաշել արկածախնդրության մեջ թե՛ մեր ընդդիմախոս քաղաքական կազմակերպությունները, թե՛ տեղական եւ կենտրոնական իշխանությունները, որոնք պատրաստ էին, թեկուզ արյունահեղությունների գնով, վտանգել ոչ միայն Շարժումը, այլեւ քաղաքացիական պատերազմի լուրջ սպառնալիք ստեղծել Հայաստանում։ Շարժումը կարողացավ խուսանավել այդ բոլոր խութերից եւ, կարելի է ասել, բացարձակապես խաղաղ, սահմանադրական եղանակով ապացուցեց իր գոյության իրավունքը, իր իշխելու իրավունքը։

Ինչպես հայ ժողովրդի, այնպես էլ համաշխարհային պատմության համար ուշագրավ երեւույթ էր նաեւ «Ղարաբաղ» կոմիտեի միասնությունը։ Երբ մեր աչքերի առաջ բազմաթիվ կազմակերպություններ են քայքայվում, երբ նույն գործիչը երկու տարվա ընթացքում հանդես է գալիս մի շարք կազմակերպությունների անունից, երբ պառակտումները սովորական երեւույթ են, «Ղարաբաղ» կոմիտեն կարողացավ ավելի քան երկու տարի պահպանել իր միասնությունը։ Պատճառներն, ըստ իս, երկուսն են. նախ՝ ժողովրդի հանդեպ առկա պատասխանատվության զգացումը, եւ երկրորդ՝ Կոմիտեում ընդգրկված էին այնպիսի մարդիկ, ովքեր իբրեւ անհատականություններ արդեն կայացել էին, կյանքի հանդեպ չունեին որեւէ անբավարարվածության զգացում, եւ որոնց համախմբումը տեղի էր ունեցել միայն ու միայն պարտքի խոր գիտակցումից։ Եւ սա հավասարապես վերաբերում է «Ղարաբաղ» կոմիտեի բոլոր անդամներին։

– Ընդդիմադիր ուժ – ղեկավար իշխանություն. այդ անցումն ինչպես հոգեբանական, այնպես էլ քաղաքական գնահատականների փոփոխություններ է ենթադրում։ Որո՞նք են դրանք։ Ունի՞, արդյոք, այսօրվա իշխանությունն ընդդիմադիր ուժ։

– Շարժումն իսկապես երկուսուկես տարի լուրջ ընդդիմադիր ուժ էր հանդիսանում իշխանությունների համար՝ հաճախ գնալով սուր առճակատումների։ Եւ երբ այն եկավ իշխանության գլուխ (ես դա միանգամայն բնական եմ համարում), նա չկարողացավ անմիջապես ազատվել ընդդիմադիր ուժի հոգեբանությունից։ Խոսքս առաջին հերթին վերաբերում է խորհրդարանի ժողովրդավարական թեւին։ Դեռեւս իներցիայով նրանք առաջնորդվում են ընդդիմադիր ուժի հոգեբանությամբ, մինչդեռ նրանցում պետք է տիրապետի տիրոջ գիտակցությունը։ Այս առումով մեծ դեր կարող են խաղալ տեղական խորհուրդների ընտրությունները, որտեղ ժողովրդավարական ուժերի հաղթանակը կապահովի ներկա իշխանության ամբողջականությունն ու լիարժեքությունը։

Այժմ իրական իշխանության գլուխ են նոր, ժողովրդավարական ուժերը, եւ այլ ուժ է, որ պետք է հանդես գա որպես ընդդիմադիր։ Սկզբում այդ բանը փորձեց խորհրդարանի կոմկուսի թեւը, սակայն շատ շուտով նա կորցրեց կազմակերպված ընդդիմադիր ուժի իր բնույթը։ Ասածս բնավ չի նշանակում, որ ժողովրդավարական ուժերը, կամ ՀՀՇ‑ի թեւը խորհրդարանում, այժմ հանրապետությունում զերծ են ընդդիմությունից։ Սակայն այդ ընդդիմադիր ուժը խորհրդարանական չէ։ Դա ռեալ իշխանության ընդդիմությունն է։ Նկատի ունեմ, մասնավորապես, ողջ գործադիր իշխանությունը, որը գրեթե մինչեւ օրս գտնվում է նախկին կառավարողների ձեռքում։ Առկա են նաեւ սաբոտաժի երեւույթներ, որոնց մի մասը գիտակցված, կանխամտածված է, մյուս մասը՝ անշնորհքության, անճարակության հետեւանք է, երրորդ մասը՝ շփոթության արդյունք։ Խնդրի լուծումը ես տեսնում եմ տեղական խորհուրդների իրական թարմացման մեջ, որից հետո մենք կունենանք ոչ թե ռեալ իշխանության ընդդիմությունը, այլ քաղաքական ընդդիմադիր ուժ։

– Ձեր վերաբերմունքը բազմակուսակցական համակարգին։

– Բազմակուսակցությունն արդեն անխուսափելի անհրաժեշտություն է։ Շատ շուտով այդ օրենքը կընդունվի, եւ բոլոր կուսակցությունները եւ այլ քաղաքական կազմակերպություններ, որոնք գործում են Սահմանադրության շրջանակներում, կդառնան իրավահավասար։ Ես բացառում եմ այն կուսակցությունների գործունեությունը միայն, որոնք քարոզում են բռնություն կամ օրինական իշխանությունների բռնի տապալում։ Դրանք, ինչպես բոլոր քաղաքակիրթ երկրներում, այնպես էլ մեզ մոտ, արգելված կլինեն։

– Ինչպե՞ս կբնութագրեիք հանրապետության ներկա քաղաքական իրավիճակը, որո՞նք են այն բարելավելու ուղիները։

– Ներկայումս Հայաստանում առկա սոցիալ‑քաղաքական իրավիճակը համեմատաբար ավելի կայուն է, քան մեկ‑երկու ամիս առաջ, քանզի մենք գործով ապացուցեցինք, որ իսկապես ի վիճակի ենք սեփական ուժերով կայունացնել իրադրությունը։ Ներքին վիճակն ապակայունացնող բոլոր գործոններն այսօր արդեն արտաքին գործոններն են՝ Արցախում իրականացվող ահաբեկչության եւ բռնության քաղաքականությունը, Հայաստանի նկատմամբ տնտեսական ճնշում գործադրելու փորձերը։ Դրանք պետք է հաղթահարվեն քաղաքական միջոցներով՝ Կենտրոնի եւ Ադրբեջանի հետ տարվելիք բանակցությունների շնորհիվ։ Արդեն որեւէ հիմք չկա Հայաստանի վիճակը որպես պայթյունավտանգ գնահատելու համար։ Զինված կազմավորումները լուծարքի են ենթարկված, իսկ անհատների ձեռքին դեռեւս առկա զենքն այն վտանգը չի ներկայացնում, ինչ այն դեպքում, երբ զինված մարդիկ կազմակերպված են որոշակի խմբերով։ Զենքի լիարժեք առգրավումն արդեն ժամանակի հարց է։ Աստիճանաբար, երբ ժողովուրդը կհամոզվի, որ պետությունը, նրա իրավապահ եւ օրինապահ մարմիններն ի վիճակի են ապահովելու իր անվտանգությունը, ինքը կամավոր կերպով կհրաժարվի այդ զենքից։ Աշխարհազորի գոյության կարիքն ինքնին կվերանա, եւ նրա առողջ տարրերը կընդգրկվեն պետական կառուցվածքների մեջ։

– Ի՞նչ սկզբունքներից է ելնում ներկա իշխանությունն իր կադրային քաղաքականության մեջ։

– Մեր Շարժումը, եթե նկատել եք, առճակատման քաղաքականությունից անցնում է ազգային համերաշխության քաղաքականության։ Գալով իշխանության գլուխ՝ մենք առաջին իսկ հայտարարություններով նշեցինք, որ իշխանությունը եւ, մասնավորապես, կառավարությունը ձեւավորելիս պետք է առաջնորդվենք ոչ թե քաղաքական նկատառումներով, ոչ թե պետք է նկատի ունենանք այս կամ այն պաշտոնյայի քաղաքական պատկանելությունը, այլ նրա անձնական եւ մասնագիտական հատկանիշները։ Կարծում եմ՝ այսօր կառավարության կազմումը դրա ապացույցներից մեկն է, եւ այսուհետեւ էլ, որքան հնարավոր է, մենք պետք է առաջնորդվենք միայն ու միայն այդ սկզբունքով՝ ազգի ողջ ներուժը, բոլոր քաղաքական հոսանքների, կուսակցությունների կարողությունները ծառայեցնել մեր ժողովրդի շահերին։ Ազգային համերաշխության հիմքը մարդկանց իրական արժանիքները գնահատելն է։ Յուրաքանչյուր անհատ հասարակության մեջ պետք է գրավի իր արժանի տեղը։

– Ինչպե՞ս կբնութագրեք ժողովրդավարական իշխանության առաջին երկու ամիսները։

– Հարցին պատասխանելուց առաջ չեմ կարող չանդրադառնալ ընտրություններին։ Ընտրությունների՝ մայիսի 20‑ի նախօրյակին Հայաստանում ստեղծվել էր ճգնաժամային իրավիճակ. երբ Կենտրոնը թույլ էր տվել Հայաստանի պաշտոնական իշխանություններին անել ամեն ինչ, դիմել ցանկացած անօրինականության՝ ապահովելու համար ընտրություններում իրենց հաղթանակը եւ թույլ չտալու, որ իշխանության գլուխ գան ժողովրդավարական ուժերը։ Սա է փաստը, սա է իրականությունը։ Քայլերը բացահայտ էին։

Երբ դա չհաջողվեց, փորձեր արվեցին սադրանքների դիմելով ապակայունացնել վիճակը, օգտվել այն հանգամանքից, որ Հայաստանում կային բազմաթիվ ռազմական կազմավորումներ, որոնց մի մասը դուրս է ՀՀՇ‑ի ազդեցության ոլորտից։ Դրանք օգտագործվում էին Շարժման հակառակորդների, պաշտոնական իշխանությունների, կուսակցական ղեկավարության կողմից։ Նրանց պետք էր հնարավորություն ստանալ բանակի միջոցով միջամտելու մեր ներքին գործերին եւ կանխելու կոմունիստական ռեժիմի տապալումը հանրապետությունում։ Դրա ամենացայտուն ապացույցը մայիսի 27‑ի դեպքերն էին, որոնք, մեզ համար ոչ մի տարակույս չկա, կազմակերպված էին Կենտրոնի որոշ ուժերի եւ Հայաստանի իշխանությունների որոշ խավերի կողմից։ Սա վերջին փորձն էր՝ արյունահեղության միջոցով պահպանելու կոմկուսի իշխանությունը Հայաստանում։ Ժողովրդի զգոնության, Շարժման ճկունության շնորհիվ հաջողվեց խուսափել նաեւ այս սադրանքից, թույլ չտալ, որպեսզի այն մեծ չափերի հասնի, վերածվի քաղաքացիական պատերազմի։ Իսկ ամենաճգնաժամային պահը Հայաստանում ստեղծվեց նստաշրջանի հրավիրման նախօրյակին, երբ նույնիսկ Գերագույն խորհրդի նիստերի դահլիճում եւ կենտկոմում նիստեր գումարվեցին արդեն ընտրված պատգամավորների, Շարժման ակտիվիստների, կուսակցական ղեկավարության մասնակցությամբ, որոնցում պարզապես պահանջ էր դրվում հետաձգել նստաշրջանի հրավիրումը, պատրվակ բերելով, թե իբր բազմաթիվ զինված կազմավորումներ սպառնացել են չենթարկվել խորհրդարանին եւ նստաշրջանի բացման օրը կփորձեն զինված միջամտությամբ խանգարել նրա աշխատանքները։ Մենք կռահեցինք այդ սադրանքի էությունը, չվախեցանք սպառնալիքներից՝ վստահ լինելով մեր ժողովրդի աջակցության վրա, եւ հասանք նրան, որ բացվի նստաշրջանը, որի ընթացքն ու արդյունքները հայտնի են բոլորիս։

Ու Կենտրոնը, ինչպես նաեւ տեղական իշխանությունները ստիպված եղան հաշվի նստել այս իրականության հետ։ Բարեբախտաբար, այս առումով իրատեսական մոտեցում հանդես բերեցին ե՛ւ Կենտրոնը, ե՛ւ տեղական իշխանությունները, որոնց կողմից այլեւս սադրանքի փորձեր չարվեցին։ Հետագայում նման փորձեր արվեցին զինված ջոկատների կողմից, որոնք պարզապես ճիշտ չգնահատելով թե՛ իրենց, թե՛ Հայաստանի ներկա իշխանությունների ուժերը, փորձեցին զենքի ուժով քաղաքականություն իրականացնել։ Նրանցից շատերը՝ ՀԱԲ‑ի եւ մյուս ռազմական կազմավորումների, ինչպես նաեւ որոշ հասարակական‑քաղաքական կազմակերպությունների ղեկավարներ, առաջադրված էին որպես պատգամավորության թեկնածուներ։ Քանի դեռ առաջադրված էին՝ ընդունում էին խորհրդարանի օրինականությունը, իսկ երբ չընտրվեցին, փորձեցին խորհրդարանի վրա ազդել զենքի ուժով։ Ահա այստեղ էր, որ նրանք թույլ տվեցին ամենակոպիտ սխալը՝ ճիշտ չգնահատեցին ուժերի հարաբերակցությունը, ժողովրդի տրամադրությունը։ Խորհրդարանը, հիրավի, արդեն վստահություն էր ձեռք բերել ժողովրդի մեջ, դարձել էր իսկապես համախմբվածության երաշխիք, համախմբվածություն՝ մեր պետականության գաղափարի շուրջը։ Եւ խորհրդարանը հարկադրված դիմեց վճռական քայլերի։ Այդ քայլերն ամենեւին կապված չէին պրեզիդենտի (խոսքը ԽՍՀՄ նախագահ Գորբաչովի մասին է - iLur) հրամանագրի հետ։ Զինված կազմավորումների լուծարումը եւ զենքի առգրավումը մեր հանրապետության ներքին պայմաններից թելադրված անհրաժեշտություն էին, որովհետեւ մենք կանգնած էինք քաղաքացիական պատերազմի շեմին։ Եւ անկախ այն բանից՝ կլիներ պրեզիդենտի հրամանագիրը, թե ոչ, միեւնույն է, մենք պետք է իրականացնեինք այն, ինչ արեցինք։ Ես սա հատկապես ցանկանում եմ ընդգծել, որովհետեւ շատ մեկնաբաններ մեր գործողությունները կապում են պրեզիդենտի հրամանագրի հետ։

Այժմ անդրադառնանք բուն հարցին։ Առաջինը, որ ես ուզում եմ ընդգծել. եթե կոմկուսի իշխանությունը երկարաձգվեր եւս մեկ‑երկու ամսով, քաղաքացիական պատերազմն անխուսափելի կլիներ։ Ինչո՞ւ։ Որովհետեւ այդ իշխանությունը չէր կարող լուծել առկա զինված կազմավորումների հարցը՝ այն կազմավորումների, որոնց մեջ թափանցել էին բազմաթիվ քրեական տարրեր, որոնք արդեն հեռացել էին մեր ազգի արժանապատվությունը, մեր քաղաքացիների անվտանգությունը պաշտպանելու սրբազան գործից եւ պարզապես զբաղված էին կողոպուտով։ Նախկին իշխանություններն ի վիճակի չէին պայքարելու այս երեւույթի դեմ այն պարզ պատճառով, որ բացարձակապես չէին վայելում ժողովրդի վստահությունը, եւ նրանց ունեցած լծակները՝ միլիցիան, անվտանգության մարմինները, որեւէ հեղինակություն չունեին ժողովրդի աչքում։ Ո՞վ կարող էր պայքարել այդ ռազմական կազմավորումների դեմ։ Կային ուժեր՝ երկրապահ ջոկատները, որոնք ե՛ւ իրենց զորությամբ, ե՛ւ թվով, եւ զինվածությամբ ավելի մեծ ուժ էին ներկայացնում, քան հսկողությունից դուրս եկած բոլոր ջոկատները միասին վերցրած։ Երկրապահ ջոկատները կարող էին կարգի հրավիրել նրանց։ Սակայն մենք միշտ զսպել ենք, միշտ խոչընդոտել ենք այդ բանին, որովհետեւ դա դիտել ենք որպես ինքնադատաստան, որն անթույլատրելի է, եթե նույնիսկ կատարվում է բարի նկատառումներով։ Քրեական տարրերի, հանցագործների դեմ պետք է պայքարի ոչ թե քաղաքացին, այլ՝ պետությունը։ Պետությունը եւ օրենքը։ Հակառակ դեպքում դա արդեն քաղաքացիական պատերազմ է։ Մի բան է, երբ հայրենասեր աշխարհազորը կարգուկանոն է հաստատում եւ պատժում հանցագործներին (դա արդեն քաղաքացիական պատերազմ է), մի այլ բան է, երբ պետությունը եւ օրենքն են կարգուկանոն հաստատում։ Իսկ երբ եկանք իշխանության գլուխ, մենք կարող էինք արդեն պետության անունից, վայելելով ժողովրդի վստահությունը, կարգուկանոն հաստատել։ Սա էր մեր միակ երաշխիքը։

Երբ ես իմ առաջին իսկ ելույթներում, դեռ չընտրված, հայտարարեցի, որ Հայաստանն ի վիճակի է սեփական ուժերով լուծել այդ հարցերը, հենց դա նկատի ունեի։ Որովհետեւ վստահ էի, որ հենց ժողովրդի աջակցությունից օգտվելով՝ մենք կարող էինք բարձրացնել մեր միլիցիայի եւ անվտանգության մարմինների հեղինակությունը եւ հեշտությամբ պայքարել ջոկատների դեմ։ Այդպես էլ եղավ։ Դուք տեսաք՝ անարյուն եղանակով մենք փաստորեն հօդս ցնդեցրինք այն առասպելը, որ գոյություն ուներ զինված ջոկատների, մասնավորապես ՀԱԲ‑ի մասին։ Եւ եթե հիմա նույնիսկ ներկա իշխանությունները հեռանան քաղաքական ասպարեզից, նրանք արդեն մեծ պատմական առաքելություն են իրականացրել, քանզի քաղաքացիական պատերազմը տասնամյակներ շարունակ ազդում է ցանկացած ժողովրդի ճակատագրի վրա։ Ե՛ւ 1917‑ի հոկտեմբերի, ե՛ւ Լիբանանի իրադարձությունները դրա ապացույցն են։ Ցանկացած ազգի համար ամենամեծ դժբախտությունը ոչ թե դրսի ագրեսիան է, այլ քաղաքացիական պատերազմը։ Ներկա իշխանությունների հաստատմամբ կանխվեց նաեւ արտաքին միջամտության վտանգը։ Որովհետեւ քաղաքացիական պատերազմի, ես չեմ ասում ծավալումը, այլ սկիզբն անգամ ենթադրում էր, որ Կենտրոնը պետք է զորք կիրառեր, լայնածավալ միջամտություն ցուցաբերեր այդ իրադարձություններին, ինչն ահավոր հետեւանքներ կունենար հայ ժողովրդի համար։

Եւ երրորդ՝ նոր իշխանության հաստատմամբ Հայաստանն իսկապես դարձավ քաղաքական գործընկեր ե՛ւ Կենտրոնի, ե՛ւ Ադրբեջանի համար։ Սա նույնպես օբյեկտիվ իրականություն է։ Քաղաքական գործընկեր դարձավ այն պատճառով, որ Կենտրոնը Հայաստանում զրկվեց որեւէ հենարանից։ Իշխանության գլուխ եկան մարդիկ, որոնք չեն ենթարկվում Մոսկվայի թելադրանքին։ Հայաստանը փաստորեն դարձավ, գուցե զարմանալի թվա, եթե ես այսպես հայտարարեմ՝ ամենաարմատական հանրապետությունը։ Նույնիսկ ավելի՝ քան Մերձբալթյան հանրապետությունները, որովհետեւ Մերձբալթյան հանրապետություններում Մոսկվան դեռեւս լծակներ ունի ազդելու ներքին կյանքի վրա։ Դրանք ազգային փոքրամասնություններն են, դրանք ինտերֆրոնտներն են։ Հայաստանում այդպիսի բան գոյություն չունի։ Մոսկվան Հայաստանի ներքին կյանքի վրա ազդելու որեւէ լծակից այսօր արդեն զրկվել է։ Ուստի ստիպված պետք է լինի, եւ դա արդեն երեւաց, ի դեմս մեզ՝ Հայաստանի իշխանությունների, ունենալ ոչ թե հակառակորդ, այլ քաղաքական գործընկեր։ Եւ այս փոխադարձ շահագրգռությունը, այս ռեալիզմը մենք տեսանք։ Հիմա մեր բոլոր հարաբերությունները Մոսկվայի հետ կառուցված են քաղաքական գործընկերության, եւ ոչ թե թելադրանքի սկզբունքով։ Սա, թերեւս, ժողովրդի համար այնքան էլ ակնառու չէ։ Բայց իրողությունն այն է, որ 70 տարիներից հետո Հայաստանը ձեռք բերեց քաղաքական արժեք։ Դա մեր պայքարի ամենամեծ հաղթանակն էր։

Այսօր միայն մեկ լծակ կա Հայաստանի կյանքի վրա ազդելու։ Դա ներքին լծակ չէ։ Ես նկատի ունեմ Արցախի հարցը, քանզի այնտեղ տեղի ունեցող ցանկացած անարդարություն անմիջապես արձագանք է գտնում Հայաստանում։ Բայց քաղաքական կշիռ ձեռք բերելով՝ այսօր լուրջ նախապայմաններ են ստեղծված Արցախում դրությունը կայունացնելու համար։ Եւ արդեն որոշ տեղաշարժ նկատվում է։ Վերջին շրջանում, Ադրբեջանի կողմից Արցախում արհեստական լարվածության սրման կամպանիայից հետո, զգացվում է, որ սկսվել է արդեն մի փոքր զգուշավոր քաղաքականություն։ Ակնհայտ ճնշումը թուլացել է։ Սա հենց այդ՝ մեր քաղաքական գործընկեր դառնալու հանգամանքի թելադրանքն է։

Չորրորդ կարեւոր խնդիրը Հայաստանի առջեւ ծառացած քաղաքական մեկուսացման հաղթահարումն է, որով ավելի կբարձրանա քաղաքական գործընկերոջ մեր կշիռը։ Ես նկատի ունեմ ուղղակի հարաբերություններն արտասահմանյան երկրների հետ։ Այդ ուղղությամբ մեզ սպասվում է լուրջ քաղաքական գործունեություն, ճկուն դիվանագիտություն, որպեսզի մենք, եթե ոչ բարիդրացիական կամ բարեկամական, ապա գոնե նորմալ հարաբերություններ հաստատենք առաջին հերթին մեր անմիջական հարեւանների հետ։ Ես նկատի ունեմ նախ եւ առաջ Վրաստանը, որի հետ մեզ կապում են դարավոր բարեկամական ավանդույթներ, այնուհետեւ՝ Իրանը, որի հետ Հայաստանը, 1828 թվականից ի վեր, որեւէ կոնֆլիկտ չի ունեցել, ուստի այս առումով հոգեբանական տեսակետից որեւէ արգելք չկա ո՛չ հայ ժողովրդի, ո՛չ էլ Իրանի համար։ Կրոնական գործոնն այստեղ, ինձ թվում է, որեւէ դեր խաղալ չի կարող, որովհետեւ թե՛ Հայաստանում, թե՛ Իրանում կան ուժեր, որոնք գիտակցում են, որ պետական շահերը վեր են կրոնականից, եւ հարաբերությունները կարող են հաստատվել պետական այդ շահերի գիտակցությամբ։ Ես որեւէ արգելք չեմ տեսնում։

Սոցիալական հոգեբանության եւ մանավանդ պատմական արդարության տեսակետից մի փոքր ավելի բարդ են Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները։ Այնուամենայնիվ, ավանդական հակասությունները չպետք է խոչընդոտեն, մեր ազգի շահերից ելնելով, առանց որեւէ քաղաքական զիջման, օգտվելու այն հնարավորությունից, որ կտան Թուրքիայի հետ ստեղծվող հարաբերությունները՝ գոնե զուտ առեւտրական, իսկ այնուհետեւ՝ ավելի լայն տնտեսական հարաբերությունների մակարդակի վրա։ Գտնում եմ, որ անհրաժեշտ է օգտվել այդ հնարավորությունից հանուն հենց մեր ժողովրդի շահերի։ Սա, ինձ թվում է, կամրապնդի Հայաստանի՝ որպես անկախության ձգտող մի ժողովրդի պետության գոյությունը։

Պետության ապահովության երաշխիքներից մեկը, գուցեեւ ամենամեծ երաշխիքը, նրա հարաբերություններն են իր անմիջական հարեւանների հետ։ Այստեղ մենք, չմոռանալով մեր արդար իրավունքները, պետք է վեր կանգնենք զգացմունքներից։ Ցանկացած տիպի հարաբերություններ մշակելիս եւ դրանք իրականացնելիս մենք պետք է առաջնորդվենք միայն ու միայն պետական մտածողությամբ եւ ժողովրդի շահով։ Այլապես մենք դատապարտված կլինենք կործանման։ Իսկ հարեւանների հետ ստեղծվող նոր հարաբերություններ մշակելիս մենք կմեծացնենք նաեւ քաղաքական գործընկերոջ մեր կշիռը։ Դա տալիս է մանեւրելու հնարավորություն եւ մեծացնում է մեր կշիռը նաեւ Միության, Կենտրոնի առջեւ։ Քանի դեռ Կենտրոնը համոզված է, որ մենք դատապարտված ենք մշտապես կապված մնալու իրեն եւ որեւէ ելք չունենք դեպի արտաքին աշխարհ, նա մեզ հետ հաշվի կարող է եւ չնստել։ Կա մանեւրի եւս մեկ ճանապարհ։ Դա ԽՍՀՄ հանրապետությունների հետ ուղղակի պայմանագրեր կնքելու ճանապարհն է՝ ուղղահայաց հարաբերությունները հորիզոնական պայմանագրային հարաբերությունների վերածելու ճանապարհը։ Հատկապես մեծ կարեւորություն եմ տալիս Հայաստանի եւ ՌԽՖՍՀ‑ի միջեւ հաստատվելիք հարաբերություններին, եւ այդ ուղղությամբ եւս որոշ քայլեր կատարվել են։ Հատկանշական են Ելցինի նամակը ինձ, իմ նամակը Ելցինին։ Դրանք նախանշում են որոշ հարաբերություններ, երկու կողմից էլ գիտակցվում է մեր հանրապետությունների, մեր ժողովուրդների շահերը կայսրության շահերին չծառայեցնելու խնդիրը։

Ուրեմն՝ այսօր Հայաստանում սոցիալ‑քաղաքական իրավիճակը համեմատաբար ավելի կայուն է, քան մեկ‑երկու ամիս առաջ, որովհետեւ մենք ապացուցեցինք, որ իսկապես ի վիճակի ենք սեփական ուժերով վերահսկել այն։ Լիարժեք կայունացումը պարզապես ժամանակի խնդիր է։ Անձամբ ես վիճակն ապակայունացնող ներքին պրոբլեմներ չեմ տեսնում։

Ինչպիսի՞ն է Արցախի խնդրի վիճակն այսօր, եւ որո՞նք են դրա լուծման ուղիները։

– Բոլորիս համար էլ պարզ է, որ Արցախի հարցը չափազանց բարդ քաղաքական խնդիր է։ Այդպիսի խնդիրներն ամբողջ աշխարհում դժվարությամբ են լուծվում, քանզի պայքարող երկու կողմերն էլ համոզված են իրենց արդարացիության մեջ եւ բնավ էլ հակված չեն որեւէ զիջման գնալ։ Առճակատման փուլին, երբ կողմերը տեսնում են, որ այն հանգեցնում է ճգնաժամի, բոլոր նմանատիպ հակամարտությունների դեպքում, հետեւում է մի նոր ռազմավարություն՝ համաձայնության եզրերի որոնում։ Դա միանգամայն բնական է քաղաքականության մեջ։ Գիտակցվում է լարվածությունը մեղմացնելու անհրաժեշտությունը, որովհետեւ այն բերում է նոր բախումների, արյունահեղության, որի ծանր հետեւանքները հասկանալի են երկու կողմերին էլ։ Բնական ճանապարհը սա է։ Մինչեւ հիմա ե՛ւ մեր, ե՛ւ Ադրբեջանի կողմից Արցախի հարցի լուծման ուղղությամբ վարվել է առճակատման քաղաքականություն, որը տվել է որոշ դրական եւ բացասական արդյունքներ երկու կողմերին էլ։

Այժմ հարցը մտել է ճգնաժամային փուլ, եւ կողմերը գիտակցում են, որ հնարավոր է եւ անհրաժեշտ համաձայնության որոշակի եզրեր գտնել։ Կենտրոնը կողմերին կոչ է անում հարցը լուծել փոխադարձ, երկկողմանի բանակցությունների միջոցով։ Սա բնական կոչ է, որը կարող են ողջունել բոլոր քաղաքակիրթ երկրներն ու ժողովուրդները։ Բայց դա այն դեպքում, երբ այդ կոչն իսկապես անկեղծ է։ Ես գտնում եմ, ավելին՝ համոզված եմ, որ այդ կոչն անկեղծ չէ, քանզի մի կողմից Կենտրոնը կոչ է անում երկկողմանի բանակցություններով լուծել այդ հարցը, մյուս կողմից՝ իր կոպիտ միջամտությամբ փաստորեն վիժեցնում է դրանք։ Ես նկատի ունեմ Արցախում հայտարարված արտակարգ դրությունը, զորքի կիրառումը, երբ փաստորեն խորհրդային բանակի միջոցով Ադրբեջանը փորձում է իրականացնել իր ծրագիրը։ Այսպիսի պայմաններում, իհարկե, Կենտրոնի քաղաքականությունը ես համարում եմ միանգամայն անբարոյական քաղաքականություն։ Մինչեւ չհստակվի Կենտրոնի դիրքորոշումը, մինչեւ Կենտրոնը չդադարեցնի իր միջամտությունը, մինչեւ Արցախում անվտանգության տարրական պայմաններ չստեղծվեն արցախահայության համար, հնարավոր չէ նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ հարցի ինչ‑որ լուծում գտնել՝ ընդունելի բոլոր կողմերի՝ նկատի ունեմ արցախահայության, Հայաստանի եւ Ադրբեջանի համար։ Կարծում եմ, եւ ոչ միայն ինձ համար, ակնհայտ է արդեն այն փաստը, որ Արցախը, Արցախի հարցը միանգամայն ինքնուրույն քաղաքական գործոն է, որն ամենեւին կախված չէ Հայաստանից։ Իսկ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, ուղղակի կախված է Արցախում զարգացող իրադարձություններից։ Ահա այսպիսի կապ կա այս երկու հարցերի միջեւ։

Դժվար է կանխագուշակել, թե ապագայում ինչպես կզարգանան իրադարձությունները. առճակատման ուղին գուցե կողմերից մեկին հաջողություն բերի։ Այսօր երկու կողմի համար էլ առճակատման ուղին իրեն սպառել է, եւ արդեն նախապայմաններ են ստեղծվել փոխզիջումների ուղիով ինչ‑որ տանելի վիճակ ստեղծելու համար, որպեսզի հանրապետությունները կարողանան զբաղվել իրենց ներքին բարդ խնդիրներով։ Արցախն այսօր պետք է գոնե դառնա ԽՍՀՄ մյուս բոլոր շրջանների նման մի շրջան, որտեղ գործեն խորհրդային օրենքները, եւ բացառված լինի բռնի միջամտությունը նրա ներքին գործերին։ Այս հիման վրա, ես կարծում եմ, հնարավոր է գտնել մի ինչ‑որ քաղաքական փոխզիջում։ Եւ այսօր Հայաստանի իշխանությունների պաշտոնական քաղաքականությունն ընտրել է այս ուղին, որը, կարծում եմ, ըստ արժանվույն կգնահատվի ոչ միայն ԽՍՀՄ, այլ նաեւ ողջ համաշխարհային հասարակական կարծիքի կողմից։

– Իսկ ինչպիսի՞ն է բուն Արցախի դիրքորոշումն այդ հարցում։

– Արցախում էլ կան լուրջ քաղաքական ուժեր, որոնք նույնպես գիտակցում են, որ հարցի քաղաքական լուծումն շտապեցնելը հնարավոր չէ, եւ այսօր ամենակարեւորը արցախահայության նորմալ կենսագործունեության ապահովումն է հայրենի հողում։

– Որպես Գերագույն խորհրդի նախագահ, ինչպե՞ս եք պատկերացնում եւ իրականացնում անմիջական կապը ժողովրդի հետ։

– Ինչպես գիտեք, ես պաշտոնապես հրաժարվել եմ ՀՀՇ‑ի վարչության նախագահի պաշտոնից՝ դա համարելով քաղաքական տեսակետից անհամատեղելի պետական կառուցվածքում իմ գրաված պաշտոնի հետ, եւ հրաժարվել եմ ՀՀՇ‑ի վարչության անդամությունից, բայց ինձ համարում եմ ՀՀՇ‑ի գաղափարակիրն ու նրա շարքային անդամը։ Եւ ես իմ կապերը չեմ կտրելու ՀՀՇ‑ի, նրա կենտրոնական վարչության եւ տեղական խորհուրդների հետ։ Շրջաններ կատարած իմ բոլոր այցելությունների ժամանակ, երբ այցելում եմ որպես Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ՝ ծանոթանալու շրջանների հոգսերին, պարտքս եմ համարում անպայման այցելել նաեւ ՀՀՇ‑ի տեղական խորհուրդներ։ Արդեն եղել եմ վեց շրջաններում եւ այդ վեցում էլ զրուցել եմ ՀՀՇ‑ի տեղական խորհուրդների անդամների, նաեւ զինված ջոկատների անդամների հետ, որովհետեւ կան խնդիրներ, որ պետք է անմիջականորեն նրանց հետ լուծվեն։ Երկրորդը՝ ես միշտ, ուղղակի խոսքով կարող եմ հանդես գալ միտինգներում (եթե զգացվի նման անհրաժեշտություն), հեռուստատեսությամբ, մամուլով, մասնավորապես՝ մեր խորհրդարանի նոր ստեղծվող թերթի միջոցով դիմել ժողովրդին։ Մյուս կողմից, կարծում եմ, քանի դեռ խորհրդարանը վայելում է ժողովրդի վստահությունը (իսկ դա այդպես է՝ մենք տեսնում ենք, որ արդեն քաղաքական լարվածությունը թուլացել է, ժողովուրդն իսկապես բավարարված է խորհրդարանի աշխատանքով), նա հարկ չունի փողոցներում եւ հրապարակներում լուծել իր հարցերը։ Բայց դա այնքան ժամանակ, քանի դեռ խորհրդարանը լուծում է մեր պետականության հաստատման գործընթացի խնդիրները։ Սակայն կան խնդիրներ էլ, որոնք շոշափում են մեր ողջ ժողովրդի ընթացիկ շահերը, եւ այդպիսի դեպքերում հարկ կլինի իմանալ ժողովրդի կարծիքը։ Այստեղ արդեն ողջ ժողովուրդը պետք է վճռի եւ ոչ թե միայն խորհրդարանը։ Կարծում եմ, որ շատ շուտով կարող են ծագել այդպիսի խնդիրներ։ Ես առիթ ունեցել եմ մի անգամ հայտարարելու (կարծեմ՝ իմ նախընտրական, ծրագրային ելույթում), որ ժողովրդի եւ հանրապետության կենսական շահերը շոշափող բոլոր խնդիրները պետք է դրվեն ժողովրդական քննարկման, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաեւ հանրաքվեի։

– Իսկ ովքե՞ր են Ձեր ամենամոտ աջակիցները։

– Ես դա երբեք գաղտնիք չեմ դարձրել։ Ամենամոտ աջակիցները պայքարի գործընկերներն են՝ «Ղարաբաղ» կոմիտեի, ՀՀՇ վարչության անդամները եւ Շարժման այն հարյուրավոր գործիչները, որոնք թեպետ չեն երեւացել միտինգների հարթակներում, հեռուստատեսային էկրաններին ու թերթերի էջերում, բայց առանց որոնց անհնար էր ե՛ւ «Ղարաբաղ» կոմիտեի, ե՛ւ ՀՀՇ‑ի գործունեությունը։ Դրանք հարյուրավորներ են։

– Ո՞րն է այսօր այն ամենաէական, սկզբունքային խնդիրը, որի առնչությամբ Դուք կդիմեիք ողջ հայ ժողովրդին։

– Ազգային իրական միասնությունը։ Յուրաքանչյուր ազգի փափագը ազգի ներդաշնակությունն է, համերաշխությունը։ Մեր պայքարի սկզբում, սպեկուլյատիվ նկատառումներով, առաջ էր քաշվում այն տեսակետը, թե մեր ժողովուրդը փոքր ժողովուրդ է, բազմաչարչար, մեծ վտանգների ենթարկված, եւ մեզ բոլոր պայմաններում անհրաժեշտ է ազգային միասնություն, համախմբում եւ այլն։ Այս գաղափարը շատերն էին շահարկում Շարժման դեմ պայքարելու համար։ Իհարկե, ազգի համախմբումը, համերաշխությունը այնպիսի գաղափարներ են, որ չենք կարող մերժել։ Միշտ էլ պետք է ձգտել դրան, բայց մենք հասկանում էինք, որ այդ կոչերը հիմնականում կեղծ էին, եւ դա արվում էր պարզապես Շարժումը վարկաբեկելու համար։ Անհնար էր համերաշխությունն, ասենք, ժողովրդական շարժման եւ իշխանությունների միջեւ՝ այնպիսի իշխանությունների, որոնք ծառայում էին ոչ թե մեր ժողովրդի շահերին, այլ Մոսկվային։

Դրանք կեղծ կոչեր էին եւ ուղղակի արվում էին քաղաքական վարկ ձեռք բերելու համար։ Դրանց հեղինակներն էլ քաջ գիտակցում էին, որ այդ միասնությունը, համերաշխությունը իրական չեն եւ չեն էլ կարող լինել։ Սակայն այսօր, երբ Հայաստանում ստեղծվել է մի իշխանություն, որն իսկապես ժողովրդի ընտրած իշխանությունն է եւ չի ենթարկվում Կենտրոնի թելադրանքներին, արդեն իրական պայմաններ են ստեղծված ազգային համերաշխության համար։ Համերաշխությունը, ներդաշնակությունը չեն ստեղծվում որեւէ կուսակցության, որեւէ իշխանության թելադրանքով կամ բարոյական ու դասակարգային հորդորներով։ Համերաշխություն ու ներդաշնակություն հնարավոր է միայն գաղափարի շուրջ։ Այսօր այդպիսի ՄԵԿ գաղափար կա։ Դա Հայոց պետականության գաղափարն է։

Ես կոչ եմ անում մեր ժողովրդին՝ համախմբվել պետականության գաղափարի, դրա մարմնավորումը հանդիսացող Հայաստանի խորհրդարանի շուրջ։ Սա է հայ ժողովրդի համախմբման միակ իրատեսական հիմքն այսօր։

Հայոց պետականության գաղափարը ոչ միայն Հայաստանում բնակվող հայության, այլեւ Սփյուռքը միավորող գաղափար պետք է դառնա։

 

«Հայաստանի Հանրապետություն», 9 հոկտեմբերի, 1990 թ.