16.09.2014 13:57

Դատական հայց ընդդեմ «Առավոտ» և «Փաստինֆո» լրատվամիջոցների. փաստաբանները պաշտպանություն են հայցում վստահորդի անձնական կյանքի գաղտնիությունը ոտնահարելու համար

Դատական հայց ընդդեմ «Առավոտ» և «Փաստինֆո» լրատվամիջոցների. փաստաբանները պաշտպանություն են հայցում վստահորդի անձնական կյանքի գաղտնիությունը ոտնահարելու համար
Նարինե Իսմայելի

2013 թվականին տեղի ունեցած նախագահական ընտրությունների ժամանակ «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության դիտորդական խմբում ընդգրկված Նարինե Իսմայելիի փաստաբաններ Տիգրան Եգորյանը եւ Լուսինե Հակոբյանը  հայց են ներկայացրել քաղաքացիական դատարան՝ ընդդեմ «Առավոտ» օրաթերթ ՍՊԸ-ի, լրագրող Ռուզան Մինասյանի, «Փաստինֆո» կայքի համար պատասխանատու՝ “Հասարակայնության հետ կապերի ասոցիացիայի” եւ լրագրող Սոնա Մաշուրյանի: Փաստաբանները լրատվամիջոցներից պահանջում են հրապարակավ ներողություն խնդրել իրենց վստահորդից՝ նրա անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը խախտող տեղեկություններ հրապարակելու համար, եւ որպես փոխհատուցում՝ վճարել 200 հազար-ական դրամ: Երկու լրատվամիջոցներում էլ հրապարակվել է Նարինե Իսմայելիի կյանքին վերաբերող անձնական տեղեկատվություն, ինչի բարձրաձայնումը Եվրոպական կոնվենցիայի եւ պրոֆեսիոնալ լրագրության տեսանկյունից խախտում է համարվում: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը:

Նշենք, որ ՀԿ-ն անցած տարվա նախագահական ընտրությունների ժամանակ իրականացրել էր դիտորդական առաքելություն Արարատի մարզն ընդգրող թիվ 17 ընտրատարածքի թվով 14 տեղամասերում: «Տեղամասերից մեկում տեղի ունեցան շատ լուրջ խախտումեր. մի խումբ անձինք ներխուժել էին տեղամաս, բռնել այնտեղ դիտորդություն իրականացնող, ազգությամբ հայ եւ ԱՄՆ-ի քաղաքացի Նարինե Իսմայելիի ձեռքերը եւ լցոնել քվեատուփը: Ընտրությունների ավարտից հետո այս կապակցությամբ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ, որը գտնվում էր քննիչ Գորիկ Հովակիմյանի վարույթում»,- նշեց Լուսինե Հակոբյանը:

Փաստաբանի խոսքով՝ հարցաքննության ժամանակ քննիչը պարբերաբար ուղղորդում էր իրենց վստահորդին, նրա խոսքը ձեւափոխում եւ փորձում այլ կերպ արձանագրել: Տեսնելով Գորիկ Հովակիմյանի գործողությունները՝ փաստաբան Տիգրան Եգորյանը որոշում է ձայնագրել հարցաքննությունը՝ հետագայում ապացուցելու համար, որ Նարինե Իսմայելիի խոսքերը եւ քննիչի արձանագրությունները իրարից տարբերվում են: «Քննիչը խիստ ընդդիմացել էր ձայնագրությանը եւ պահանջել, որ անջատի ձայնագրիչը: Տեսնելով, որ Տիգրան Եգորյանը հրաժարվում է դա անել, կանչել էր այն ժամանակվա ՀՔԾ-ի պետ Անդրանիկ Միրզոյանին, ով իր հետ եկած քննիչներին հրամայել էր՝ «Էս ինքնա ձայնագրում, տար քցի տուալետը»: Ի դեպ՝ նրա այս խոսքերը ձայնագրվել էին»,- ասաց Լուսինե Հակոբյանը՝ հավելելով, որ այս ամենից Նարինեն ահաբեկվել էր եւ չէր ցանկանում այլեւս գնալ ցուցմունք տալու:

Փաստաբան Տիգրան Եգորյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ՀՔԾ-ն չի հերքում այն փաստը, որ նման արտահայտություն է արվել՝ պատճառաբանելով, որ փաստաբանը ընդամենը չի ենթարկվել պահանջին, եւ ստիպված են եղել ձայնագրիչը վերցնել նրա ձեռքից:  «Օրենքով գոյություն չունի որեւէ սահմանափակում՝ ձայնագրություն իրականացնելու հարցում»,- ասաց Տիգրան Եգորյանը:

Այդ ամբողջ ընթացքում Նարինե Իսմայելին հրաժարվում էր ներկայանալ ՀՔԾ, ինչից հետո Գորիկ Հովակիմյանը սկսեց հաճախ զանգահարել նրան եւ ասել, որ ձեռք է բերել Նարինեի անձնական կյանքին վերաբերող տեսանյութեր: «Այնուամենայնիվ, մեր վստահորդը հրաժարվեց գնալ այդ տեսաձայնագրությունների հետեւից, իսկ ՀՔԾ-ն հնարավոր բոլոր ձեւերով փորձում էր այդ տեղեկությունները հասցնել հանրությանը՝ լրատվամիջոցների միջոցով: Մինչ Ազատություն ռադիոկայանը հրաժարվում է հրապարակել այդ տեղեկատվությունը, «Առավոտ» օրաթերթի լրագրող Ռուզան Մինասյանը հարցազրույց է վարում այդ ժամանակվա ՀՔԾ-ի պետի տեղակալ Արմեն Նադիրյանի հետ, ով իր խոսքում նշում է, որ ունի Նարինե Իսմայելիի անձնական կյանքին վերաբերող տեսագրություններ եւ մանրամասն նկարագրում է դրանց բովանդակությունը` դրանով խախտելով Նարինեի մասնավոր կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը»,- ընդգծեց փաստաբանը:

Պատասխանելով մեր այն հարցին, թե արդո՞ք քննիչը պատասխանատվություն է կրում նման ինֆորմացիա տարածելու համար, փաստաբան Տիգրան Եգորյանը նշեց, որ իրենք հաղորդում են ներկայացրել եւ՛ Արմեն Նադիրյանի, եւ՛ Գորիկ Հովակիմյանի դեմ, քանի որ գործը գտնվելով Հովակիմյանի վարույթում՝  դրանից քաջատեղյակ է եղել նաեւ Նադիրյանը, ինչը օրենքի կոպիտ խախտում է հանդիսանում: «Քրեական գործը գաղտնի բնույթ է կրում, եւ չի կարող որեւէ մեկը տեղյալ լինել քրեական գործի նյութերին:  Միրզոյանը կարող էր միայն ներկա գտնվել հարցաքննությանը, սակայն քրեական գործի նյութերը վերանայելու իրավունք չուներ»,- շեշտեց փաստաբան Եգորյանը:

Լուսինե Հակոբյանը հավելեց. «Անմիջապես մենք գրություն նախապատրաստեցինք «Առավոտ» օրաթերթի խմբագրին՝ նշելով, որ այդ մասը խախտում է մեր վստահորդ Նարինե Իսմայելիի անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը, եւ խնդրեցինք, որ ներողություն հայցեն մեր վստահորդից: Ցանկացած ողջամիտ մարդ, հատկապես՝ պրոֆեսիոնալ լրագրողը եւ խմբագիրը, կկատարեին այդ պահանջը, քանի որ դա ավելի քան ողջամիտ էր, սակայն իրենք հրաժարվեցին: Մենք երկար ժամանակ սպասելուց հետո դիմեցինք «Զանգվածային լրատվության միջոցների էթիկայի դիտորդ» մարմին, որը ինքնակարգավորվող մարմին է, եւ դրա անդամներից է «Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը»: Փաստաբանն ընդգծեց, որ «ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ» մարմինն  ի վերջո տվեց լղոզված մի պատասխան. մի կողմից՝ ասացին, որ լրագրողը դա չպետք է հրապարակեր, իսկ մյուս կողմից՝ որ դա խախտում չի հանդիսանում:

Մեզ հետ զրույցում «Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը հայտնեց, որ նման նյութի հրապարակումը էթիկական տեսանկյունից խախտում չի համարում՝ մանավանդ այն դեպքում, երբ դա ասվել է հարցազրույցի տեսքով:  Ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Արամ Աբրահամյանը նշել էր, որ ցանկացած քաղաքացի, առավել եւս` պաշտոնյա, պատասխանատու է իր բառի համար եւ իր հարցազրույցի համար: «Առավել եւս` Մամուլի մասին օրենքով, որքան գիտեմ, թերթից, լրատվամիջոցից պատասխանատվությունը հանվում է այն դեպքում, երբ թերթը օգտվում է պաշտոնական աղբյուրներից, իսկ այդ պաշտոնյան, բնականաբար, պաշտոնական աղբյուր է»,- ասել էր նա:

Ինչ վերաբերում է «Փաստինֆո»-ին, Լուսինե Հակոբյանը նշեց, որ մինչեւ իրենց դիմումին եզրակացություն տալը այդ դիմումը հայտնվել էր «Փաստինֆոյի» թղթակից Սոնա Մաշուրյանի մոտ, եւ նա դրա շուրջ հարցազրույց էր կազմակերպել «Առավոտ»-ի թղթակից Ռուզան Մինասյանի հետ՝ մեջբերելով  հատվածներ վերջինիս ՝ փաստաբանների կողմից վիճարկվող անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը խախտող այդ հոդվածից: «Քանի որ «Փաստինֆո»-ն չի ստորագրել էթիկայի դիտորդ մարմնի վարքականոնը, ապա իրենք կաշկանդված չեն որեւէ նորմով եւ ազատորեն կարող են տարածել: «Այսպիսով՝ դիտավորությունը ակնհայտ է, եւ տեսնելով, որ մեկ տարի անց արտադատական որեւէ միջոց արդյունք չի տալիս, մենք դիմեցինք դատական պատշտպանության եւ հայց ներկայացրինք ընդդեմ «Առավոտ» օրաթերթ ՍՊԸ-ի, լրագրողներ Ռուզան Մինասյանի եւ Սոնա Մաշուրյանի եւ «Փաստինֆո» կայքի համար պատասխանատու Հասարկայնության հետ կապերի ասոցիացիայի՝ պահանջելով, որ նրանք հրապարակավ ներողություն խնդրեն մեր վստահորդից՝ նրա անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը խախտող տեղեկություններ հրապարակելու համար, եւ որպես փոխհատուցում՝ վճարեն  200 հազարական դրամ»,- նշեց Լուսինե Հակոբյանը:

Ադրադառնալով սեպտեմբերի 10-ին տեղի ունեցած դատական նիստին՝  փաստաբանը հայտնեց, որ նիստի ժամանակ իրենք ներկայացրին հայցի առարկան, իսկ «Առավոտ» օրաթերթի եւ «Փաստինֆո»-ի շահերը ներկայացնում էր կողմերի ներկայացուցիչ Դավիթ Ստեփանյանը: «Լրատվամիջոցները մինչ օրս շարունակում են պնդել, որ որեւէ խախտում տեղի չի ունեցել»,- հավելեց Լուսինե Հակոբյանը:

Մարիամ Մուրադյան