14.09.2012 11:13

Չի հաստատվում Հալեպում չորս հայերի մահվան մասին տեղեկությունը

Չի հաստատվում Հալեպում չորս հայերի մահվան մասին տեղեկությունը

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է Հալեպի Ազգային առաջնորդարանի մամլո խոսնակ Ժիրայր Ռեյիսյանը՝ Հալեպի Նոր գյուղի (Միդան) շրջանում այս պահին բախումները շարունակվում են, սիրիական բանակն ամեն գնով փորձում է կայունություն և անվտանգություն հաստատել հայաշատ թաղամասում

Մամլո խոսնակը նաև տեղեկացրեց, որ մինչև այս պահը շարունակվում են ճշտումներ և ստուգումներ իրականացվել սեպտեմբերի 13-ի երեկոյան համացանցում հայտնված մի տեղեկության վերաբերյալ, որի համաձայն` Հալեպի օդանավակայան տանող ճանապահին չորս հայեր են զոհվել: Շրջանառվում էին նաև զոհվածների անունները` Ջորջ Դուլբաքյան, Միրայ Սարգիս, Նուշիկ Տերտերյան, Անդրե Պետրոսյան: Ռեյիսյանը նշեց, որ ազգային իշխանությունները և արտակարգ իրավիճակների օգնության մարմինը բոլոր հնարավոր ուղղություններով փորձում են պարզել հրապարակված լուրի իսկությունը, սակայն մինչ այս պահը լուրը հաստատող որևէ փաստ չի արձանագրվել: Նման անուններով մարդկանց անուններ չկան նաև հիվանդանոցներում:

Իսկ տեղեկությունն այն մասին, որ Հալեպի օդանավակայանը փակվել է, Ռեյիսյանի տեղեկացմամբ, իրականությանը չի համապատասխանում: Զինված ուժերը փորձում են անվտանգություն ապահովել նաև այնտեղ:

Լուսանկարը՝ Reuters