18.09.2014 14:14

Վարդապետյան. Նման իշխանությունը սպառնալիք է ազգային անվտանգությանը

Վարդապետյան. Նման իշխանությունը սպառնալիք է ազգային անվտանգությանը

«Չորրորդ Իշխանություն» թերթի հարցազրույցը Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ, բժիշկ Վահան Վարդապետյանի հետ:

- Պարոն Վարդապետյան, ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը ԱԺ աշխատանքները համեմատեց խրամատի հետ: Պատահական էր, արդյո՞ք, այդ համեմատությունը:

Սերժ Սարգսյանն անկեղծորեն խոստովանեց իր իշխանության համար անխուսափելի վտանգներով ու կորուստներով քաղաքական նոր սեզոնի մեկնարկի մասին: Նո՞ր ըմբռնեցիք նրա «խրամատային» էությունը, չէ՞ որ 2008թ. մարտի 1-ից, իշխանությունը բռնազավթելու առաջին օրվանից, նախագահական նստավայրը վերածելով «խրամատի»՝ իշխանությունը «հարձակվել է» հասարակության վրա՝ տնտեսական, քաղաքական ավերածություններ գործելով ու արտագաղթը խթանելով:

Խոսում են Ս.Սարգսյանի նախաձեռնողական քաղաքականությունից: Ես ուղղակի սարսափում եմ այդ նախաձեռնողականությունից՝ միայն ձախողումներ, պետականությանը հասցված ծանրագույն կորուստներ: Թվարկե՞լ: Կարծում եմ՝ հայտնի է բոլորին: Երբ բուռն քննարկվում էր, թե ո՞րն է նախընտրելի՝ Հայաստանի եվրաասոցացո՞ւմը, թե՞ դեպի ՄՄ ընթանալը, ես կարծիք էի հայտնել՝ այս որակի իշխանության հետ կարելի է հասնել միայն «գրողի ծոցը»: Ոչ օրինակարգ ու բազմիցս նվաստացած իշխանությունն արժանապատիվ գործընկեր չի կարող լինել, այս իշխանությամբ ուր էլ մտնենք, մեզ լավ չենք զգալու: Ավելի ստույգ՝ մեզ կմտցնեն կամ ոչ, այսպիսի իշխանությանը պարտադրում են ու դեմ տալիս: Արտաքին աշխարհում մեր դեմքը կորսված է, նման իշխանությունը սպառնալիք է ազգային անվտանգությանը:

- Դեռ 2008թ.Ս.Սարգսյանը խոսում էր պատերը քանդելու եւ անջրպետը վերացնելու մասին, այսօր էլ խոսում է միասնականությունից:

- Խոսքերն ու կոչերը կեղծ են, եթե որեւէ գործ չի արվում հասարակությանը համախմբելու. թող դատապարտեին ու պատժեին մարտի 1-ի սպանդի կազմակերպիչներին, անմիջապես ազատ արձակեին քաղբանտարկյալներին, թող չեղյալ հայտարարեին կուտակային կենսաթոշակային համակարգը, որին, իրենց իսկ խոստովանությամբ՝ դեմ է հասարակության 80 տոկոսը: Ի՞նչ համախմբան մասին է խոսքը, երբ պատրաստվում են հասարակությանը պարտադրել սահմանադրական փոփոխությունների օպերացիան: Մարդակենտրոն սահմանադրություն ստեղծելու եւ Հայաստանն ազատելու բորենիների՞ց՝ «հրաշալի» բացատրություն: Համախմբման ամենամեծ խոչընդոտն ինքն է՝ Ս.Սարգսյանը, անհնար է համախմբվել նրա շուրջ: Անհրաժեշտ է համախմբվել՝ օր առաջ երկիրն ազատելու այս իշխանությունից:

- Երեկ հայտարարվեց հոկտեմբերի 10-ի միասնական հանրահավաքի մասին: Ձեր կարծիքով՝ դրանից հետո ի՞նչ վիճակում է հայտնվելու իշխանությունը:

- Դժբախտ է այն երկիրն ու հասարակությունը, երբ այս տեսակը հայտնվում է առաջինի աթոռին: Առաջնորդի տեսակ չէ, առաջինը լինել չի կարող: Այն սովոր է գործել առաջինի թիկունքում, դավեր նյութել, երբ արդեն ինքն է առաջինը, կայացրած որոշումները վտանգավոր են, ինքն սկսում է դավեր նյութել պետության ու հասարակության դեմ: Սերժ Սարգսյանը դատապարտված է միայնակ մնալու: Միակ հոգեհարազատ միջավայրը բազեական լսարանն է, որտեղ էլ մտքի սրացումներ է ունենում: Այդ մենությունն ավելի ու ավելի են զգալու թիմակիցները: Սերժ Սարգսյանի՝ որպես օրինակարգ նախագահական ինստիտուտի բացակայությունն ու մենությունը շուտով ակնհայտորեն զգալու է ողջ հասարակությունը: Հոկտեմբերի 10-ի միասնական հանրահավաքն այն հզոր ցնցումն է լինելու, ինչից հետո թիմակիցները գլխիկոր հեռանալու են:

- Ի դեպ, երեկ նաեւ հայտնի դարձավ, որ ՀՅԴ-ն չի մասնակցելու միասնական հանրահավաքին: Սա ինչպե՞ս կգնահատեք:

- Որ դաշնակցությունը թռնելու էր՝ շատ սպասելի էր, անգամ՝ ուշացած, եւ ըստ իս՝ ցանկալի: Շարքային ազնվագույն անդամները ճիշտ հետեւություն կանեն եւ ավելի ակտիվորեն կմասնակցեն հոկտեմբերի 10-ի միասնական հանրահավաքին: Իսկ միավորումն իրապես կարող է կոչվել «Հրաշալի քառյակ», երբ նրանում, որպես առանձին միավոր, ընդգրկվի սկզբունքային, միշտ արժանապատիվ Ստեփան Դեմիրճյանի ղեկավարած ՀԺԿ-ն:

- Այսքանից հետո հոկտեմբերի 10-ի միասնական հանրահավաքից ի՞նչ ակնկալիքներ ունենանք:

- Հասարակության անգամ չքաղաքականացված, պասիվ մեծամասնությունը, վստահ եմ, անհրաժեշտ հետեւություն է արել, որ այս կառավարությունից որեւէ ակնկալիք չպետք է ունենալ: ՀԱԿ-ը ընդդիմության միասնականությունն ամրապնդելու նպատակով համաձայնեց ավելի համեստ պահանջներով հանդես գալ: Թեեւ անցած ժամանակը մեծ կորուստներ բերեց մեր երկրին, սակայն, գոնե ոչ իշխանական ուժերն ու հասարակությունն ամբողջությամբ կհանգեն իշխանափոխության միասնական պահանջին: Ի սկզբանե ՀԱԿ-ը պնդել է, թե Ս.Սարգսյանի շնչառության ներքո ինչպիսի կառավարություն էլ ձեւավորվի, ինչպես էլ այն կոչվի, ինչպիսի կազմ էլ ունենա, դատապարտված է ձախողման:

Որքան էլ փնովեն, չարախոսեն, անժխտելի իրողություն է, որ երկրում իրավիճակ փոխելու հիմնական, կասեի՝ միակ հույսը ՀԱԿ-ԲՀԿ կուսակցությունների համագործակցությունն է, ոչ իշխանական ուժերի գործունեությունը: Շուտով յուրաքանչյուր քաղաքական ուժ, կազմակերպություն պետք է հստակ կողմնորոշվի՝ ընդդիմության շուրջ համախմբված հասարակությա՞ն հետ է, թե՞ իշխանական խորտակվող նավում: Միասնական հանրահավաքի սպառնալի՞քն է ավելի տագնապալից, թե՞ բուն հանրահավաքը, սեփական թիմի՞ց է վախն ավելի մեծ, թե՞ միասնական հանրահավաքից, չէ՞ որ թիմը հստակ զգում է գլխավորի վախն ու ցայտնոտը, իշխանության ղեկին մնալու նրա տված  երաշխիքները բավարար ու համոզիչ չեն, այդ նպատակով մոգոնված «սահմանադրական բարեփոխումներն էլ» կարող են առաջացնել հզոր հակազդեցություն եւ ավելի շուտ պատճառ դառնալ Ս.Սարգսյանի հեռացման ու իշխանափոխության, քան իշխանության վերարտադրության: Մի առիթով Ս.Սարգսյանը զարմացել էր, թե ովքե՞ր են Ղարաբաղը փրկում իրենից: Թե՛ Հայաստանը, թե՛ Ղարաբաղը մեկ օր առաջ պետք է փրկել Ս.Սարգսյանից: Առանց այն էլ ուշացրել ենք, իսկ ովքեր խոսում են 2018-ի նախագահական ընտրություններին իրենց մասնակցությունից, չեն մերժում սահմանադրական փոփոխությունները, նպաստում են Ս.Սարգսյանի ռեժիմի երկարաձգմանը:

- Ինչո՞ւ էր այս օրերին ոստիկանությունը ուսումնական հավաքի ժամանակ ընդդիմության հետ «բախումների» տեսարան բեմադրել, որտեղ մի կողմում «Լեւոն» վանկարկող ցուցարարներն էին, մյուս կողմում՝ոստիկանությունը:

-  Երեւի սա ե՞ւս հասարակության «համախմբման» իշխանական գործողություններից է: Ֆրոյդի հանճարեղ տեսությամբ՝ հրաշալի բացատրությունս ներկայացնեմ՝ Լեւո՛ն, ումից առ այսօր սարսափում է ոչ օրինակարգ իշխանությունը, վանկարկում են Լեւո՛ն, ում անունն իրավամբ հնչեցնելու է հասարակությունը, ով հասարակության կոնսոլիդացիայի, հայաստանակենտրոն ուժերի համագործակցության ճարտարապետն է, ով կարողացավ ԲՀԿ-ի հետ համագործակցությունը դարձնել երկրում իրավիճակ փոխելու՝ հասարակության միակ իրական հույսն ու սպասելիքը: Փառք Աստծո, որ գոնե մեր ժողովուրդն ունի պետական քաղաքական գործիչ, ով ունակ է ու պարտավոր կասեցնել երկրի շեղված ու մոլորված ընթացքը, կանոնակարգել ժողովրդավարական ինստիտուտները, վերականգնել երկրի արտաքին հեղինակությունը:

Արման Գալոյան