22.09.2014 19:44

Երկկողմ հանդիպում ԱՄՆ պետքարտուղարի և Իրանի ԱԳՆ ղեկավարի միջև

Երկկողմ հանդիպում ԱՄՆ պետքարտուղարի և Իրանի ԱԳՆ ղեկավարի միջև

ԱՄՆ-ը տրամադրված է, որ այս շաբաթվա ընթացքում Իրանի միջուկային խնդրի կարգավորևման հարցում առաջընթաց է լինելու: Նման դիրքորոշում է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի հետ անձնական հանդիպման ընթացքում, որը կայացել է կիրակի օրը Նյու Յորքում:

Ինչպես նույն օրը երեկոյան լրագրողներին տեղեկացրել է պետքարտուղարության ներկայացուցիչը, Իրանի և ԱՄՆ-ի արտաքին գերատեսչությունների ղեկավարները Waldorf Astoria հյուրանոցում «մեկ ժամից ավելի» բանակցություններ են վարել: Սկզբում նրանք զրուցել են երես առ երես, ապա նրանց են միացել՝ ԱՄՆ–ի կողմից՝ պետքարտուղարի առաջին տեղակալ Ուիլյամ Բեռնսը  և պետքարտուղարի տեղակալ (քաղաքական գծով) Ուենդի Շերմանը, Իրանի կողմից՝ փոխարտգործնախարարներ Աբբաս Արագչին և Մաջիդ Թախթ-Ռավանչին, հայտարարել է ամերիկացի դիվանագետը:

Ըստ նրա՝ կողմերը «քննարկել են իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունների ընթացքը»՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական հնգյակի ու Գերմանիայի և Թեհրանի միջև: «Պետքարտուղար Քերին նշեց, որ այս շաբաթը բարեպատեհ հնարավորություն է տալիս հասնելու լրացուցիչ առաջընթացի, և ընդգծեց, որ մեր նպատակը հենց դա է»: