24.09.2014 10:25

Փաստաբան. Գործ ունենք առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության հանցավոր սխեմայի հետ

Փաստաբան. Գործ ունենք առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության հանցավոր սխեմայի հետ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, իրավապահ մարմինները այժմ կոծկում են «Առէքսիմբանկ»-ի աշխատակիցների կատարած հանցագործությունները՝ մեկ ընդհանուր հանցավոր սխեմայով, որի անմիջական մասնակիցն է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանը: Վերոնշյալ գործի մանրամասներին ծանոթանալու նպատակով զրուցեցինք փաստաբան Մուշեղ Շուշանյանի հետ:   

Պարո՛ն Շուշանյան, ինչպիսի՞ հանցագործության մասին է խոսքը, արդյո՞ք բանկի աշխատակիցները մասնակցություն ունեն այդ գործընթացին: Կմանրամասնե՞ք:

Նախ՝ անդրադառնամ նախապատմությանը. Երևան քաղաքի Նորքի 6-րդ փողոց, 1-ին նրբանցք, թիվ 8 հասցեում գտնվող տան անշարժ գույքը նախկինում պատկանել է քաղաքացի Բարեղամ Պետրոսյանին, ով այն 2010թ. սեպտեմբերին գրավադրել է «Առէքսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում՝ որպես բանկի տրամադրած 100 միլիոն դրամի չափով վարկի ապահովման միջոց: Բարեղամ Պետրոսյանը չի կարողացել բանկի հետ կնքված պայմանագրով սահմանված ժամանակացույցին համապատասխան լիովին կատարել իր վարկային պարտավորությունները և 2011թ. դեկտեմբեր ամսվա դրությամբ բանկին պարտքը կազմել է 88 միլիոն դրամ: Կարևոր է նշել, որ ինչպես պնդում է Բարեղամ Պետրոսյանը, մինչ վարկը տրամադրելը կատարվել է նշված անշարժ գույքի (431 քառակուսի մետր բնակելի տուն, 43 քառակուսի մետր ավտոտնակ, 1000 քառակուսի մետրից ավելի հողամաս) գնահատում, համաձայն որի՝ դրա շուկայական արժեքը գնահատվել է 750,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, և հենց այդ գնահատումը հիմք ընդունելով էր բանկը որոշել տրամադրել վարկը և որպես գրավ վերցնել այդ անշարժ գույքը: 2011թ. վերջերին բանկի հետ բանակցությունների ընթացքում Բարեղամ Պետրոսյանը խնդրել է երկարացնել պայմանագրի գործողության ժամկետը և իրեն հնարավորություն տալ ամբողջությամբ մարել պարտքը: «Առէքսիմբանկ»-ը Բարեղամ Պետրոսյանին առաջարկել է մեկ այլ տարբերակ, ըստ որի՝ բանկը պետք է հայց ներկայացնի դատարան՝ նշված անշարժ գույքը չմարված վարկային պարտավորության դիմաց բանկին ի սեփականություն հանձնելու պահանջով: Բ. Պետրոսյանը համաձայնվում է այս առաջարկին եւ չի առարկում հայցի դեմ, որից հետո բանկը տարաժամկետ վճարման պայմանով այն վաճառում է Բ. Պետրոսյանի կողմից մատնանշված անձին: Այսպիսով՝ 2012թ. հունվարի 16-ին բանկի հայցադիմումը մուտքագրվում է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, հունվարի 18-ին վարույթ է ընդունվում դատավոր Կարինե Պետրոսյանի կողմից, իսկ արդեն հունվարի 27-ին դատարանը վճիռ է կայացնում, որով բավարարում է բանկի հայցը՝ ճանաչում է բանկի սեփականության իրավունքը գրավադրված անշարժ գույքի նկատմամբ և պարտավորեցնում է Բ. Պետրոսյանին անշարժ գույքը հանձնել բանկին:

Սովորաբար՝ քաղաքացիական գործերով ամենապարզ դատավարությունները տեւում են ամիսներ: Այս պարագայում ի՞նչ է ստացվում, դատարանը իր վճիռը կայացրել է ընդամենը 9 օրու՞մ:

Այո՛, դա ոչ միայն քաղաքացիական դատավարության մեջ բացառիկ դեպք է այն իմաստով, որ նման դատավարությունները տևում են ամիսներ, այլ նաեւ այն առումով, որ այդքան կարճ ժամանակահատվածում որևէ գործի քննության հնարավորությունը բացառում է քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, որը նախատեսում է, որ դատարանը ստացված հայցադիմումը պետք է ուղարկի պատասխանողներին, ովքեր պարտավոր են հայցադիմումը ստանալուց 2 շաբաթվա ընթացքում դատարանին ներկայացնել հայցադիմումի պատասխան:

Նշեմ, որ հաջորդ ուշագրավ հանգամանքն այն է, որ դատավոր Կարինե Պետրոսյանը ոչ միայն ռեակտիվ ռեժիմով է քննել տվյալ գործը, այլև հենց հրապարակման պահից օրինական ուժ է տվել այդ վճռին: Կրկնեմ, որովհետև սա շատ կարևոր է, որ հենց այդ վճռի հիման վրա է առաջացել բանկի սեփականության իրավունքը անշարժ գույքի նկատմամբ:

Ի վերջո, արդյո՞ք բանկին հաջողվում է տարաժամկետ վճարման պայմանով սեփականությունը վաճառել Բարեղամ Պետրոսյանի կողմից մատնանշված անձին:

Այսպիսով՝ 2012թ. ապրիլի 10-ին բանկը Բարեղամ Պետրոսյանի ազգականուհի Անահիտ Ստեփանյանի հետ կնքում է տարաժամկետ վճարումով առուվաճառքի պայմանագիր, համաձայն որի՝ 90,770,000 հազար դրամով անշարժ գույքը վաճառվում է Ա. Ստեփանյանին, ով պայմանագրով նախատեսված վճարման ժամանակացույցով յուրաքանչյուր ամիս պետք է կատարեր վճարում որոշակի չափով. վերջին վճարումը պետք է կատարեր ամենաուշը 2013թ. ապրիլի 30-ին:

Դուք ավելի վաղ նշել էիք, որ խոսքը հանցավոր սխեմայի մասին է: Ո՞րն է այդ սխեման:

Այս ամենից հետո սկսում են տեղի ունենալ բավականին հետաքրքիր իրադարձություններ, որոնք առաջնային հետաքրքրրություն պետք է ներկայացնեն իրավապահ մարմինների համար, քանի որ խոսքը անձի՝ առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության հանցավոր սխեմայի բացահայտման մասին է: 2012թ. հոկտեմբերի 12-ին բանկը ցեսիայի պայմանագիր է կնքում փաստաբան Արթուր Ղարիբյանի հետ, որով վերջինին 86 միլիոն դրամով զիջում է Անահիտ Ստեփանյանի հանդեպ ունեցած իր պահանջի իրավունքը: Արդեն հոկտեմբերի 16-ին Արթուր Ղարիբյանը հայց է ներկայացնում դատարան՝ պահանջելով ճանաչել իր սեփականության իրավունքը խնդրո առարկա անշարժ գույքի նկատմամբ, հոկտեմբերի 19-ին այն վարույթ է ընդունվում նույն դատավոր Կ. Պետրոսյանի կողմից, իսկ նոյեմբերի 30-ի վճռով Ա. Ղարիբյանի հայցը բավարարվում է: Այսպիսով՝ դադարեցվում է Ա. Ստեփանյանի սեփականության իրավունքը, եւ ճանաչվում է անշարժ գույքի նկատմամբ Ա. Ղարիբյանի սեփականության իրավունքը:

Եվ սա՝ այն դեպքում, երբ բանկի տրամադրած տեղեկանքի և դատարանի վճռի համաձայն՝ 2012թ. հոկտեմբերի 12-ի դրությամբ 2012թ. ապրիլի 10-ի պայմանագրով Անահիտ Ստեփանյանի պարտքը բանկի հանդեպ կազմել է 36 միլիոն դրամ, որը նա պետք է վճարեր մինչև 2013թ. ապրիլի 30-ը: Այս դեպքում նույնպես դատավոր Կ. Պետրոսյանը գործը քննել է գերարագ ռեժիմով՝ հայցադիմումը վարույթ ընդունելուց 42 օր անց կայացրել է վճիռ՝ հրավիրելով ընդամենը 2 դատական նիստ և մերժելով Ա. Ստեփանյանի միջնորդությունը՝ գործի քննությունը հետաձգելու վերաբերյալ, որի անհրաժեշտությունը թելադրված է եղել փաստաբանի միջոցով ներկայացված լինելու ցանկությամբ: Թե ինչ հնարավոր կոռուպցիոն շահագրգռություն է ունեցել դատավոր Կ. Պետրոսյանը նշված անշարժ գույքի վերաբերյալ 2 գործերը հապճեպորեն և գերարագ, դատավարության պահանջների կոպտագույն խախտումներով քննելով, Բ. Պետրոսյանի և Ա. Ստեփանյանի դատավարական և նյութական իրավունքների հաշվին «Առէքսիմբանկ»-ի և Ա. Ղարիբյանի օգտին վճիռներ կայացնելով, անշուշտ պետք է դառնան իրավասու իրավապահ մարմինների կողմից քննության առարկա, սակայն այն, ինչը ինձ հայտնի դարձավ բոլորովին վերջերս, և ինչի մասին խոսք կլինի հաջորդիվ, լիովին հիմնավորում է, որ իրոք գործ ունենք հստակ մշակված հանցավոր սխեմայի հետ:

Հավելեմ նաեւ, որ դատավոր Կարինե Պետրոսյանի կողմից կայացված 2012թ. հունվարի 27-ի վճիռը, որով ճանաչվել էր Առէքսիմբանկի սեփականության իրավունքը Բ. Պետրոսյանի անշարժ գույքի նկատմամբ, 2012թ. մարտի 2-ին վերաքննության կարգով բողոքարկվել է «Յունիաստրում բանկ» ՍՊԸ-ի կողմից և վերաքննիչ դատարանի 2012թ. ապրիլի 19-ի որոշմամբ բեկանվել և գործն ուղարկվել է նոր քննության: Դրանից հետևում է, որ վերաքննիչ դատարանի որոշումից հետո Առէքսիմբանկի և Անահիտ Ստեփանյանի միջև 2012թ. ապրիլի 10-ին կնքված պայմանագիրը պետք է ուժը կորցներ, և բանկը պետք է վերադարձներ նրա կողմից պայմանագրի կնքման պահին վճարված 4,770.000 դրամը:

Ի՞նչ է ստացվում, չնայած նոր դատական ակտի առկայությանը՝ Անահիտ Ստեփանյանը շարունակե՞լ է վճարումներ կատարել, իսկ պայմանագրի գործողությունը շարունակվե՞լ է:

Ճիշտ եք: Այստեղ հարց է առաջանում. եթե Անահիտ Ստեփանյանի կողմից 90,770,000 դրամից մնացել էր վճարել 36 միլիոն դրամ, և կար 6 ամսից ավելի ժամանակ պարտքի մնացորդը մարելու համար, ապա ինչո՞ւ էր բանկը պահանջի իրավունքը զիջում Ա. Ղարիբյանին: Հենց այն պատճառով, որ պարտքը մարվում էր, սակայն բանկն ուներ բոլորովին այլ նպատակ՝ 750,000 ԱՄՆ դոլար շուկայական արժեք ունեցող անշարժ գույքն իր հայեցողությամբ տնօրինելով՝ հանցավոր եկամուտ ստանալ: Այդ նպատակը «գլուխ բերելու» համար էլ ասպարեզում հայտնվում է Արթուր Ղարիբյանը, ով ընդամենը բանկի որոշ աշխատակիցների հետ կապված դրածո անձ է:

Պահանջի իրավունքը բանկի կողմից Ա. Ղարիբյանին զիջելու պայմանագիրը կեղծ գործարք է, որի նպատակը եղել է բանկի կողմից իր դրածո Ա. Ղարիբյանի միջոցով մեծարժեք անշարժ գույքը վաճառելը և հանցավոր եկամուտներ ստանալը: Ինչպես գիտենք, Ա. Ղարիբյանի կողմից անշարժ գույքը շուրջ 400,000 ԱՄՆ դոլարով վաճառվել է Էմիլիա Բաբաջանյանին, և այդ գործարքից գլխավոր «շահառուներ» հանդիսացել են բանկի աշխատակիցները:

Նշեմ նաեւ, որ 2012թ. նոյեմբերի 18-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, նորից քննելով վերաքննիչ դատարանի կողմից բեկանված վճռով բանկի հայցը, ճանաչել է բանկի իրավունքը Բարեղամ Պետրոսյանին պատկանող անշարժ գույքի նկատմամբ: Այսինքն՝ միայն 2012թ. նոյեմբերի 18-ի հրապարակման պահից օրինական ուժի մեջ մտած վճռով է առաջացել բանկի սեփականության իրավունքը անշարժ գույքի նկատմամբ, և նման պայմաններում ոչ միայն չէր կարող շարունակվել Ա. Ստեփանյանի հետ 2012թ. ապրիլի 10-ին կնքված պայմանագրի գործողությունը, այլև չէր կարող ուժը կորցրած պարտավորությունից ծագած իրավունքը՝ պահանջի իրավունքը փոխանցվել այլ անձի:

Բանկը օգտվել է նաև այն հանգամանքից, որ 2012թ. հուլիսի 9-ից Բարեղամ Պետրոսյանը գտնվել է կալանքի տակ՝ հարկեր վճարելուց խուսափելու մեղադրանքով, և իր դեմ բանկի հայցի քննությանը վերաքննիչ դատարանի բեկանումից հետո մասնակից չի դարձվել և անգամ տեղյակ չի եղել 2012թ. նոյեմբերի 18-ի վճռի մասին:

Բանկի սեփականության իրավունքը ճանաչվել է Բարեղամ Պետրոսյանի անշարժ գույքի նկատմամբ, որի շուկայական արժեքը, ինչպես նշեցի, կազմել է 750,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Դրանից հետևում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 250-րդ հոդվածով նախատեսված պահանջը հաշվի առնելով՝ բանկը պետք է փոխհատուցեր գրավ դրված անշարժ գույքի գնի և գրավով ապահովված պահանջի գումարի տարբերությունը, այսինքն՝ եթե տան արժեքը կազմել է 300 միլիոն դրամ, իսկ Բ. Պետրոսյանը բանկին պարտք է եղել 90 միլիոն դրամ, բանկը Բ. Պետրոսյանին պետք է փոխհատուցեր 210 միլիոն դրամը:

Բնականաբար՝ ինչպես դատարանները, այնպես էլ բանկը «մոռացել են» օրենքի այս պահանջի մասին, իսկ հետագայում բանկը Ա. Ղարիբյանի միջոցով շուրջ 400,000 ԱՄՆ դոլարով է վաճառել անշարժ գույքը:

Իսկ ովքե՞ր են հանդիսանում Ձեր նշած հանցավոր սխեմայի օղակները:

Դրա օղակներն են բանկը (նրա որոշ աշխատակիցները), նրա դրածո Արթուր Ղարիբյանը և դատավոր Կարինե Պետրոսյանը: Ի՞նչ պայմաններ են նպաստել, որպեսզի հանցավոր սխեման գործարկվի և հանցագործությունը հաջողությամբ հասցվի ավարտին: Բարեղամ Պետրոսյանը մեկուսացված է եղել և քրեակատարողական հիմնարկից իր գույքը պաշտպանելու հնարավորությունից զրկված՝ դատարանի կամոք, որը նրան մասնակից չի դարձրել իր գույքի հետ կապված գործի քննությանը, դատավոր Կարինե Պետրոսյանը արդարադատություն իրականացնելու, տվյալ դեպքում՝ բանկի և նրա դրածո Ա. Ղարիբյանի հանցավոր ոտնձգություններից քաղաքացիների իրավունքները պաշտպանելու փոխարեն՝ սպասարկում է բանկի և Ա. Ղարիբյանի շահերը և  վերածվում է հանցակցի.  բանկի և բանկի դրածո Ա. Ղարիբյանի հայցերը քննում է աննախադեպ «օպերատիվ», «ռեակտիվ» ռեժիմով՝ պաշտպանելով Արթուր Ղարիբյանին՝ փաստաբանով ներկայացված լինելու Անահիտ Ստեփանյանի լկտի ցանկությունից, վճիռներին անմիջապես հաղորդվում է օրինական ուժ: Այսինքն՝ չկար ոչ մի խանգարող գործոն, որևէ պատճառ, որ բանկի մի քանի ճարպիկ աշխատակիցների հնարամիտ հանցավոր «բիզնես»-սխեման դատավոր Կ. Պետրոսյանի հանցավոր օժանդակությամբ հաջողությամբ ավարտին չհասցվեր:

Միանգամայն օրինաչափ պատկեր է. ամենուր,  որտեղ դատարանները չեն իրականացնում իրենց սահմանադրական առաքելությունը, իսկ առանձին դատավորներ ծառայում են կազմակերպված հանցավոր խմբերի շահերին, նման դեպքերը անխուսափելի են:

Իմ կողմից ներկայացվածը «Առէքսիմբանկի» աշխատակիցների, Արթուր Ղարիբյանի, ինչպես նաև դատավոր Կարինե Պետրոսյանի կողմից հանցագործություն կատարելու փաստեր է պարունակում, և իրավասու մարմինները սա պետք է ընդունեն որպես հաղորդում հանցագործության մասին: 

Մարիամ Մուրադյան