25.09.2014 13:37

Սեդա Մեսրոպյան. Իսկ կարո՞ղ եմ ասել «ահագնացող անկեղծացում»

Սեդա Մեսրոպյան. Իսկ կարո՞ղ եմ ասել «ահագնացող անկեղծացում»

Սերժ Սարգսյանի «չեխական ասույթներն» արդեն բավական հանգամանալից քննարկվել են, ամեն ինչ մանրակրկիտ վերլուծվել է, ու գնահատականներ տրվել են:

Բայց մի բան ինձ համար անհասկանալի է մնացել:

Պատասխանելով Լարիսա Գրիգորյանի հարցին՝ «ինչպե՞ս կարելի է կանխել օրեցօր ահագնացող արտագաղթը և սաստկացող աղքատությունը», Սերժ Սարգսյանն ասում է. «…Ինչ վերաբերում է ահագնացող արտագաղթին, դուք հայոց լեզվի ուսուցիչ եք, բայց լավ չեք հասկացել ահագնացող բառի իմաստը»…

Էստեղ, խոստովանեմ, իմ հետաքրքրությունը բազմապատկվեց, քանի որ Սերժն ինքը, ինձ նման, ավարտել է պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետը (թեկուզև՝ երեկոյան բաժինը), իսկ բանասիրականի դիպլոմի մեջ, որքան հիշում եմ, գրվում էր. «Տրվում է բանասերի, հայոց լեզվի ու գրականության ուսուցչի որակավորում»:

Ուստի ես, որպես այդ որակավորումն ստացած մարդ, մի քիչ լարվեցի ու ակնկալում էի նույն որակավորումն ստացած (թեկուզ երեկոյան բանասիրականում) մարդու կողմից առնվազն լեզվաբանական մի գյուտի վկան դառնալ ( էս ակնկալել-ն էստեղ չի սազում, որովհետև այն ինչ-որ դրական երանգ է պարունակում, այսինքն՝ ակնկալում ես  լա՛վ բան: Մինչդեռ խոստովանեմ, որ իմ սպասումը մի քիչ նենգ-նախանձոտ-մասնագիտական էր. էդ ի՞նչ իմաստ ունի «ահագնացող» բառը, որ հայոց լեզվի ուսուցիչ Լարիսա Գրիգորյանն ու ես լավ չենք հասկացել, իսկ բանասեր Սերժը հասկացել է: Որովհետև, խոստովանեմ, ինձ համար «ահագնացող»-ը նշանակում էր ու հիմա էլ նշանակում է ահագին դարձող, մեծացող, ծավալվող, ու անհասկանալի էր, թե ուրիշ ինչպես կարելի է հասկանալ այդ բառը):

Բայց՝ ավաղ: Սերժ Սարգսյանը թվեր է շարում՝ այսքան ու այսքան տնտեսական աճ (ենթադրում եմ՝ ահագնացող), համախառն արտադրանքի ավելացում (ենթադրում եմ՝ ահագնացող ավելացում), ինչն էլ հանգեցրել է 2012 թ. արտագաղթի տեմպերի նվազմանը (ենթադրում եմ՝ ահագնացման հականիշն է):

Եւ ուրեմն՝ արդ, կարելի է ենթադրել, որ ճիշտ չէ ասել՝ «ահագնացող արտագաղթ»: Կարելի է ասել՝ ահագնացող տնտեսական աճ, կամ՝ համախառն արտադրանքն աճել  է ահագնացող տեմպերով, հետևաբար՝ արտագաղթն էլ «ահագնացող տեմպերով» նվազել է: Այսինքն՝ «ահագնացողը» միայն դրական, լավ բանը կարող է բնութագրել, ոչ թե վատը: Իսկ արտագաղթը, ուրեմն, ըստ Ս.Սարգսյանի՝ էդքան էլ լավ բան չէ: Գոնե մխիթարվեն՛ք, որ Սերժն էլ է արտագաղթը վատ բան համարում ու չի՛ հանդուրժում, որ էդ վատ բանը բնութագրվի «ահագնացող» «բարի» բառով ( թեպետ՝ դրա արմատը ահ-ն է, այսինքն՝ վախ, սարսափ, որ էդքան էլ բարի իմաստ չունի): Հասկացա՞ք: Չէ՞: Ի՞նչը չհասկացաք:

Դե լավ, ձևեր եմ թափում: Որ ճիշտն ասեմ՝ ես էլ չհասկացա: Ուղղակի մեջս մի փոոոո՜քր հույս էր առկայծել, թե Սերժ Սարգսյանի «դարակազմիկ» «չեխական  անկեղծացումների» մեջ, կարող է՝ բանականության մի հյուլե եմ գտել…