28.09.2014 13:48

Կոնգրեսի ներկայացուցիչ. Այս փուլի վերջը պետք է լինի այս իշխանության իշխանավարման վերջը (տեսանյութ)

Սիսիանում մեկնարկած ընդդիմության համատեղ հանրահավաքում քիչ առաջ ելույթ ունեցավ Հայ ազգային կոնգրեսի Սիսիանի տարածքային կառույցի ներկայացուցիչ Կամո Սաֆրազյանը: «Յուրաքանչյուր սերունդ ունի իր առաքելությունը: Մեր սերնդին բախտ է վիճակվել կերտել Հայաստանի անկախությունը եւ հաղթել ղարաբաղյան պատերազմում,  սակայն այսօր ստեղծվել է մի վիճակ, որ Հայաստանի անկախությունը հայտնվել է վտանգավոր հանգրվանում, եւ մենք մեր պարտքն ենք համարում պայքարել եւ վերականգնել Հայաստանի անկախությունը»,- ասաց նա:

Նրա խոսքով, մինչեւ հանրահավաքը իրենք շատ են շրջել Սիսիանի բոլոր գյուղական համայնքներում եւ արձանագրել են, որ բնակչությունն այնտեղ շատ խղճուկ վիճակում է հայտնվել: Նա նշեց, որ այցելել էին մի համայնք, որտեղ միայն երկու երիտասարդ կար: Նրանցից մեկն իրենց ասել էր. «Ինչո՞ւ եք եկել, առավոտից այստեղ ենք, եւ ոչ մի մարդ չենք  տեսել»: «Իշխանությունները խոսում են տնտեսական բարեփոխումներից, տնտեսական աճի մասին, գյուղատնտեսական զարգացման մասին: Ըստ երեւույթին, այդ տնտեսական աճի մասին խոսելիս՝ իշխանությունները նկատի ունեն սեփական տնտեսության աճը, որովհետեւ Հայաստանի ժողովուրդն այդ աճի մասին միայն լսում է իշխանական ԶԼՄ-ներից»,- նշեց նա:

Նա հավելեց նաեւ, որ վերջերս շատ զուգահեռներ են տանում 1988-ի եւ այս շարժման միջեւ:  Սաֆրազյանի խոսքով, սակայն, 88-ին իրավիճակը մի փոքր այլ էր, որովհետեւ «այն ժամանակ մենք ազգովի կանգնեցինք եւ հաղթեցինք, քանի որ ունեինք արտաքին թշնամի»: Իսկ այս պայքարը շատ ավելի դժվար է, որովհետեւ մեր հակառակորդը երկրի ներսում է, իսկ պետական ապարատում աշխատող մեր հարազատները, ծանոթները, բարեկամները, վախենալով կորցնել իրենց աշխատանքը, ծառայում են այս ռեժիմին, եւ բնական է, որ նրանց վիճակն ավելի ծանր է, քան մերը: «Մենք շատ ենք զրուցել նրանց հետ եւ տեսնում ենք նրանց հուսահատությունը եւ համոզված ենք, որ նրանք շատ ավելի են ուզում իշխանափոխություն:  Այսօր Հայաստանի համար վճռորոշ, ճակատագրական պահ է: Այսօր բոլորս պետք է կատարենք կարեւոր քայլը, ժողովուրդը պետք է կանգնի ընդդիմության կողքին եւ ասի իր խոսքը, եթե ուզում է Հայաստանում ինչ-որ բան փոխի: Եթե ոչ՝ Հայաստանը կվերածվի մի անապատի, որտեղ որեւէ հայ չի կարողանալու ապրել: Մեր քաղաքական կարգախոսը նույնն է՝ պայքար, պայքար մինչեւ վերջ: Այս փուլի վերջը պետք է լինի այս իշխանության իշխանավարման վերջը»,- նշեց նա: