28.09.2014 13:55

Վարդան Օսկանյան. Երկրին անհրաժեշտ են արմատական փոփոխություններ

Վարդան Օսկանյան. Երկրին անհրաժեշտ են արմատական փոփոխություններ

Այսօր մենք գտնվում ենք մի այնպիսի ճակատագրական փուլում, որը վճռում է մեր երեխաների ու թոռների ապագան` Սիսիանում մեկնարկած ոչ իշխանական ուժերի հանրահավաքի ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը:

Նրա խոսքով՝ այժմ երկրի առջեւ դրված է երկու մարտահրավեր: «Առաջինն այն է, որ մենք գործ ունենք մի կառավարության հետ, որը ցանկություն չունի հետապնդելու ժողովրդի շահերը. նրանք զբաղված են միայն իրանց շահերը հետապնդելով: Մեր միասնականությամբ մենք ամիսներ առաջ հասանք հաջողության, իսկ իշխանությունը հասկացավ, որ եթե չգնա կառավարության փոփոխության քայլին, ապա կքանդվի իշխանական բուրգը: Նրանք կարծում էին, որ դրանով ժամանակ կշահեն, սակայն մենք քննության դրեցինք նոր կառավարությանը՝ նրա առջեւ դնելով տասներկու պահանջները: Այս պահի դրությամբ կառավարությունը ոչինչ չի արել, ինչ էլ արել է՝ հակառակ էֆեկտն է տվել: Այդ կետերը պատահական չեն ընտրվել, դրանք կարելի էր իրականացնել կարճ ժամկետում, որը ամբողջությամբ բխում էր ժողովրդի շահերից՝ տնտեսությունը շատ լուրջ խթան կստանար, գյուղացու վիճակը էապես կլավանար»,- նշեց Վարդան Օսկանյանը՝ հավելելով, որ կառավարությունն այժմ ցանկություն չունի դրանք իրականացնելու:

«Մենք հիմա համոզվում ենք, որ այդ պահանջների իրականացումը կառավարությունից կախված չէ, կան ուժեր, որ նրանց թելադրում են, եւ մենք միասնական կամքով պետք է ավելի մեծ խնդիր դնենք, քան կառավարության հրաժարականն է: Այդ խնդիրը պետք է լինի երկրում արմատական փոփոխությունների իրականացումը: Մենք ձեզ հետ միասին կկարողանանք այդ ամենը իրականացնել, քանի որ այլեւս չենք կարող սպասել»,- իր ելույթում նշեց ԲՀԿ պատգամավորը:

Անդրադառնալով երկրորդ մարտահրավերին՝ Վարդան Օսկանյանը նշեց, որ դա իշխանության վերարտադրության հարցն է, որ փորձ է արվում իրականացնել սահմանադրական փոփոխությունների միջոցով: «Իշխանությանը հուզում է միայն իր վերարտադրվելու խնդիրը, չհավատաք սահմանադրական փոփոխություններին»,- ասաց Վարդան Օսկանյանը: