02.10.2014 16:45

Տ.Ուրիխանյան. Բարիկադների մի կողմում կհայտնվի ժողովրդի շահը, մյուս կողմում՝ իշխանությունը

Տ.Ուրիխանյան. Բարիկադների մի կողմում կհայտնվի ժողովրդի շահը, մյուս կողմում՝   իշխանությունը

iLur.am-ի զրուցակիցն է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը

- Պարոն Ուրիխանյան, հոկտեմբերի 10-ի միասնական հանրահավաքին ընդառաջ՝ եռյակն արդեն չորս հանրահավաք անցկացրել է ՀՀ մարզերում: Ինքներդ ի՞նչ տպավորություններ ունեք Եռյակի հանրահավաքներից:

- Փորձեցին հոսանքազրկել հնչյունային տեխնիկան, որ պետք է արտահայտեր ժողովրդի ձայնը, փորձեցին վախեցնել, արգելել, խոչընդոտներ ստեղծել, որպեսզի ժողովրդի ձայնը հնչեցնողները չմեկտեղվեն հանրահավաքների վայրում, բայց չհաջողվեց այդ ամենը: Սկիզբ առած ժողովրդական ալիքի ձայնը շատ ավելի լսելի է, քան կարող էր լինել: Սա է իմ տպավորությունը:

- Հանրահավաքներով դեպի ո՞ւր ենք գնում:

- Դեպի ՀՀ քաղաքացուն հուզող խնդիրների՝ արդեն ոչ թե ուղղակի բարձրացում, այլ՝ դրա հետ հաշվի նստելու պարտադրանք: Հանրահավաքային ալիքը տանում է 12+1+1 պահանջների առաջ իշխանություններին կանգնեցնելու եւ լուծումներ պարտադրելու հրամայականի առաջ: Իշխանություններն այլ ճանապարհ չունեն՝ բարձրացված պահանջների բավարարումից բացի: Եթե չեղավ պահանջների բավարարում, հարցականի տակ են կանգնում բոլոր նրանք, ում առկայությունը պետական համակարգում աննպատակահարմար է, խոչընդոտում է խնդիրների լուծմանը: Ուրիշ ճանապարհ ես չեմ տեսնում: Եթե մինչեւ հիմա ասում էինք՝ հարցերը պիտի բարձրացնենք, պետք է առաջարկենք լուծումներ, աշխատենք դրանց իրագործման համար, հիմա դա վերջացավ: Հիմա շատ հստակ ասում ենք՝ իջեցրեք տուգանքների չափը՝ մինչեւ մարդու եկամուտների հետ համադրելու ողջամիտ շեմ, կրկնապատկեք գյուղատնտեսության սուբսիդավորումը, վերացրեք կարմիրգծային ռեկետը, վերանայեք արագաչափերով ու տեսախցիկներով մարդկանց ահաբեկելու եւ քամելու գործընթացը, եւ վերջապես՝ դադարեցրեք մարդկանց խաբելը, թե սահմանադրական փոփոխությունները որեւէ դրական տեղաշարժ կբերեն իրենց իսկ կյանքում: Սահմանադրական այդ փոփոխությունն ընդամենը մեկ խնդիր է լուծում՝ Մելիք-Ադամյան փողոցով անցուդարձը եւս 10-12 տարի ապահովելու համար:

- Բայց ԲՀԿ-ն խոստացել էր, որ անցուդարձը կշրջանցի Մելիք-Ադամյան փողոցը:

- Ճիշտ այդպես: Հենց դրա համար էլ սահմանադրական փոփոխությունների հետ կապված՝ հստակ դիրքորոշում ենք հայտնում եւ գործողություններ ենք անում:

- Իսկ հոկտեմբերի 10-ի հանրահավաքին ի՞նչ է սպասվում:

- Մի կողմից՝ վերջնակետ, որտեղ բարիկադների մի կողմում կհայտնվի ժողովրդի շահը, մյուս կողմում՝  պետական ապարատը, իշխանությունը, որն այլեւս իր համար պետք է որոշում կայացնի: Երկրորդ՝ ամսի 10-ին գալու ենք ոչ թե վերջնակետի, այլ՝ ելակետի, որտեղից Հայաստանում պետք է սկիզբ առնեն փոփոխությունները:

Արման Գալոյան