03.10.2014 12:09

Հերթական ղումարբազ իշխանականը (լուսանկար)

Հերթական ղումարբազ իշխանականը (լուսանկար)

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Սերժ Սարգսյանի նախկին մամուլի խոսնակ Սամվել Ֆարմանյանը բուքմեյքերական ընկերություններից մեկի իր հաշվեկշռում ունի 6335 ԱՄՆ դոլար: Սա պարզ է դառնում օրերս Irakan.info կայքում տարածված լուսանկարից, որում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի քննարկման ժամանակ իր բջջային հեռախոսով ֆուտբոլային խաղադրույք էր կատարում:

Նշենք, որ ավելի ուշ, մեկնաբանելով լուսանկարը, Ֆարմանյանը նշել է, որ հրապարակումը բացարձակ անգրագիտության դրսեւորում է, ու ինքը ոչ մի խաղադրույք էլ չի կատարել, այլ ընդամենը խաղ է խաղացել հեռախոսով:

Փորձելով պարզել իրականությունը՝ iLur.am-ը գրել էր, որ Ֆարմանյանը խաղ չի խաղում, այլ կա՛մ հետևում է Հնդկաստանի Գոա նահանգի ֆուտբոլային խաղերից մեկին, կա՛մ էլ այդ խաղի վրա խաղադրույք է կատարում:

Իրականությունը պարզելու ընթացքում մեր աչքից վրիպել էր հրապարակված նկարի ամենաուշագրավ մասը, որտեղ երևում է, որ Ֆարմանյանը աշխարհում ամենահայտնի բուքմեյքերական ընկերություններից մեկի՝ bet365.com-ի կայք մուտք է գործել  իր անվամբ (sfarmanyan), և որ նա իր հաշվին ունի 6335 դոլար:

Նշենք միայն, որ համաձայն Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած փաստաթղթի՝ Ֆարմանյանը հայտարարագրել է 450,000 դրամ և 3000 դոլար՝ ավելի քիչ, քան կա իր բուքմեյքերական հաշվին: 2013 թ. նա աշխատավարձի տեսքով ստացել է  3,362,610 դրամ և այլ եկամուտ չի ունեցել: Իր կինը ընդհանրապես ոչ մի դրամ չի հայտարարագրել և եկամուտ չի ստացել:

Լուսանկարները՝ irakan.info կայքի