03.10.2014 18:00

Արամ Մանուկյան. Հոկտեմբերի 10-ին սրանց կասենք՝ դավայ, դասվիդանիա (վիդեո)

Արարատում ընթացող երեք ընդդիմադիր ուժերի համատեղ հանրահավաքի ժամանակ քիչ առաջ ելույթ ունեցավ Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը:

Նա նշեց, որ երկու օր է՝ ինքը ԲՀԿ խմբակցության պատգամավորների հետ բանակցություններ է վարում «Շրջանառության հարկի մասին» օրենքի հարցով կոմպրոմիսների գնալու համար: Նա նշեց, որ կառավարությունը երկու օր ժամանակ է խնդրել՝ այդ կոմպրոմիսային տարբերակը ներկայացնելու համար, եւ բերել են մի փաստաթուղթ՝ ստորագրված հետին թվով:

«Բանից պարզվում է, որ այդ կոմպրոմիսային տարբերակը գրվել է ամսի 22-ին, այն դեպքում, երբ այդ խորհրդակցությունը եղել է 30-ին: Մեզ հոկտեմբերի 1-ին բերել են փաստաթուղթ, որը ստորագրվել է սեպտեմբերի 22-ով: Այստեղ երկու կարեւոր բան կա: Ըստ այդմ, իրենք խնդիր են դրել խոշոր տնտեսավարող  սուբյեկտներին բերել հարկային դաշտ: Գագիկ Խաչատրյանը ասում է, որ որպես կոմպրոմիսային տարբերակ՝ ինքը հրաման է ստորագրել՝ հորդորելով իր ենթականերին ձեռնպահ մնալ որեւէ անհարկի հսկողական գործողություններ իրականացնել փոքր ձեռնարկությունների տերերի նկատմամբ: Սա օրենքի խախտում է, ի՞նչ է նշանակում անհարկի ստուգումներ: Այսինքն, մինչ այդ ինքը հարկի-անհարկի ստուգումներ է արել:

Եւ որպեսզի դիտարկվի, որ Հովիկ Աբրահամյանն էլ է զիջողների մեջ, ինքը ամսի 25-ին հրաման է տվել, որտեղ հրամայել է Գագիկ Խաչատրյանին խուսափել անհարկի ստուգումներ իրականացնելուց, եւ ահա, սա բերել են  մեզ որպես կոմպրոմիս: Իսկ իրականում, նրանք մեծ ու փոքր բիզնեսին իրար դեմ են կանգնեցնում:  

Մենք հարցրել ենք՝ չե՞ք կարող մեծ բիզնեսի հաշվարկն անել եւ թղթերն իրենցից ուզել, ինչի՞ ես գնում-կպնում էն խեղճ աշխատողի ջանին, որ ինքը քեզ կլյաուզնիկի նման թուղթ տա, որ ինքը իր տիրոջից, ասենք, հինգ գրամ ոսկի է վերցրել: Խնդիրը պարզ է՝ մեծի քեֆին չի կարող կպնի, գալիս փոքրին է կպնում, ասում է՝ ցուցմունք տուր մեծի դեմ:

Միքայել Մելքումյանն այդ հանդիպման ժամանակ ասում է՝ բայց մարդիկ կփակվեն, կառավարությունն ասում է՝ ավելի լավ է այսպես մնա, ու փակվեն: Գագիկ Խաչատրյանին ասեցի՝ 500 ձեռնարկություն եթե այս ամենի արդյունքում փակվի, հրաժարական կտա՞ս:  Ասեց՝ չէ, ինչի՞ պիտի հրաժարական տամ: Գալուստ Սահակյանին ասեցի՝ եթե 500 ձեռնարկություն փակվի, կպահանջե՞ս կառավարության հրաժարականը: Ասեց՝ ինչի՞ համար պահանջեմ: Այդ մարդիկ հստակ խոստովանում են, որ այս օրենքով փակվելու են փոքր ձեռնարկություններ:

Հաջորդ հարցը՝ այս մարդիկ ի վերջո եթե չկարողանան աշխատել՝ արտագաղթելու են, չէ՞: Չէ՛,  իրենց դա չի հետաքրքրում, իրենց հետաքրքրում է միայն բյուջեի կատարողականը, իսկ թե ինչ կլինի ժողովրդի հետ, ուր կգնան, թքած ունեն: Չեն ուզում հեղափոխություն, չեն ուզում դուք Հայաստանում ապրեք, իրենք ունեն մեկ խնդիր՝ փող աշխատեն, ուտեն մինչեւ վերջ ու չկշտանան: Աստված մի դաժան պատժի ձեւ ունի՝ չկշտանալը: Բոմժի քաղցը եթե իմանաք ինչ է, կամ ուղտի ծարավը, երբ մարդն այնքան սոված է, որ գիտի, որ վաղն էլ է սոված լինելու, ուտում է այնքան, որ պայթի: Այս մարդիկ տակ չունեն, սահման չունեն, կլպելու են մինչեւ վերջ: Այս իշխանությունների ժամանակ թանկացան գազը, հոսանքը, ջուրը, ԱՊՊԱ, կարմիր գծեր, ուսման վարձ, արագաչափեր, կուտակային կենսաթոշակներ, հիմա էլ այս վերջին հարկը: Մատներդ չի հերիքի թվարկել, թե որքան բեռ են դրել ժողովրդի վրա: Եւ այդ բեռը ավելանալու է այնքան, ինչքան ձայն չհանեք, եւ դեմը չառնենք:

Սա մարտահրավեր է ժողովրդին: Կամ մենք դիմանում ենք սրան, կամ ինքը հաղթում է եւ բոլորին քշում է Հայաստանից, եւ որպեսզի այդպես չլինի, հարկավոր է այս մարդկանց ասել՝ թողեք այս երկրից գնացեք, էս երկրի տերերն այս քաղաքացիներն են: 

Եւ դուք, մենք հոկտեմբերի տասին գնալու ենք Ազատության հրապարակ եւ նրանց ասենք՝ դավայ, դասվիդանիա: 

Կարդացե՞լ եք Հրանտ Մաթեւոսյանի «Աշնան արեւը»: Աշնան արեւը քիչ է տաքացնում, բայց մարդու, կենդանու մեջ հավաքվում է, շատացնում է, եւ այդ էներգիան հավաքած եկեք հոկտեմբերի տասին եւ իմացեք, որ Հայաստանի բոլոր շրջանները որպես փոքր առվակներ գումարվելու են գան Ազատության հրապարակ: Եկեք համարձակությամբ, աշնան արեւը մեջներս կուտակված՝ վերավաստակենք մեր ազատությունը եւ արժանապատվությունը»,- իր ելույթում ասաց Արամ Մանուկյանը: