03.10.2014 18:07

Միքայել Մելքումյան. Մենք վճռական ենք տրամադրված

Միքայել Մելքումյան. Մենք վճռական ենք տրամադրված

Մենք ընդունում ենք, որ ժողովրդի սպասումները պետք է իրականություն դարձնենք: Այս մասին Արարատում մեկնարկած ոչ իշխանական եռյակի հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: «Ինչու՞ պետք է Վրաստանում աղքատության ցուցանիշը լինի 14%, Ադրբեջանում՝ 6%, իսկ Հայաստանում՝ 32.5%, ինչու՞ պետք է մարդիկ վախենան Հայաստանում ներդրումներ կատարելուց, այն պատճառով, որ իշխանությունները չեն ապահովում այդ ներդրումների անվտանգությունը»,- նշեց ԲՀԿ պատագամավորը՝ հավելելով, որ բոլորովին վերջերս բողոքի ցույցի էին դուրս եկել ձեռներեցները, որոնց խնդիրները պետությունը հերիք չի կարողանում լուծել, մի հատ էլ ավելացնում է փաստաթղթավորումը:

«Ասեմ, որ երեկ կառավարությունը հրապարակեց քառյակի կողմից ներկայացված պահանջների պատասխանները: Օրինակ՝ երբ խոսքը Նաիրիտի եւ Որոտանի մասին է, որը պահանջում է ընդամենը հանձնաժողով ստեղծել, կառավարությունը ասում է, որ զբաղվում են դրանով: Երբ խոսքը կուտակային կենսաթոշակային համակարգի մասին է, ասում է, որ արդեն լուծում են տվել, իսկ երբ խոսվում է հարկերի մասին՝ ասում է՝ փաթեթ ենք բերել, իսկ մնացած կետերը իրենց ծրագրերում են: Մենք չենք հարցնում, թե այդ կետերը ձեր ծրագերում են, թե՞ ոչ. մենք հարցնում ենք՝ հարցը լուծո՞ւմ ես, թե՞ ոչ, բայց պատասխանը չենք ստանում»,- հայտարարեց Միքայել Մելքումյանը՝ դիմելով կառավարության ներկայացուցիչներին:

Պատգամավորի խոսքով՝ այս ստեղծված իրավիճակի համար մեղավոր կառավարությունը ընդհանրապես չի զղջում: «Երբ Տիգրան Սարգսյանը հրաժարական տվեց, բարձր մակարդակով խոսվեց, որ պետք է ապահովել տնտեսական աճ եւ բարձրացնել վստահության մակարդակը կառավարության նկատմամբ: Իրենք էլ են ընդունում, որ վստահություն գույություն չունի, քանի որ դրա առկայության դեպքում մարդը դիմանում է եւ հույս է ունենում»,- հավելեց Միքայել Մելքումյանը: Նրա խոսքով՝ 2012 թվականին «Բարգավաճ Հայաստանը» դուրս եկավ կոալիցիայից, քանի որ նախարարներ եւ մարզպետներ ունենալով՝ չէր կարողանում ազդել քաղաքական որոշումների վրա:

«Եթե մենք միասին լինենք, մենք կշրջենք այս իրավիճակը եւ կհասնենք փոփոխությունների»,- հավելեց ԲՀԿ պատգամավորը: