03.10.2014 18:24

Ռուբիկ Հակոբյան. Իշխանությունը միշտ մերժված է մնում

Ռուբիկ Հակոբյան. Իշխանությունը միշտ մերժված է մնում

«Ես չգիտեի, որ այսքան բազմահազարանոց կլինի հանրահավաքը, քանի որ քաղաքապետը փորձել էր թաքնվեր երեխաների հետեւում: Եթե ուզում եք, որ այդ երեխաների ապագան լավը լինի, ուրեմն ատկատներ մի՛ արեք, մի՛ թալանեք, ընտրությունները մի՛ կեղծեք, թողե՛ք, որ մարդիկ ազատ քվեով իշխանություն ընտրեն»,- այս մասին այսօր Արարատում մեկնարկած եռյակի հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը: Նրա խոսքով՝ իշխանությունները ամեն օր մտածում են, թե ինչ անեն, որպեսզի եռյակի հանրահավաքը չկայանա: «Նրանք դիմում են ամենապարզ քայլերին: Ասեմ, որ իշխանությունները կարող են դա անել միայն այն ժամանակ, երբ հասկանան, թե ինչ է կատարվում պետության մեջ եւ ակնաջալուր լինեն հասարակությանը: Նրանք, սակայն, չունեցան այդ իմաստությունը, որը եւս մեկ անգամ ապացուցեցին իրենց վերջին քայլերով»,- նշեց Ռուբիկ Հակոբյանը:

Պատգամավորի խոսքով՝ իշխանությունը տապալվել է թե՛ ներքին քաղաքականությամբ, թե՛ արտաքին: «Միջազգային հանրության առջեւ մենք կորցրել ենք մեր վստահությունը՝ օրվա մի կեսը մեկին ենք սեր խոստովանում, մյուս կեսը՝ մյուսին: Սակայն, արդյունքում բոլոր կողմերից մերժվում ենք: Ամեն օր իշխանությունները մեզ զրկում են մեր արժանապատվությունից՝ օրեցօր ավելացնելով արտագաղթը»,- հայտարարեց Ռուբիկ Հակոբյանը:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավարը իր խոսքում նշեց նաեւ, որ քաղաքական ուժերը վերջապես իմաստուն գտնվեցին, եւ ունենալով տարբեր գաղափարախոսություններ՝ հասկացան, որ այս իշխանության դեմ միայնակ պայքարելը անիմաստ է: «Մեր քաղաքական օրակարգի նշաձողը պայմանավորված կլինի նրանով, թե որքան մարդ կլինի Ազատության հրապարակում, սակայն ես համոզված եմ, որ իմ պատկերացրածից քառակի շատ է լինելու»,- հավելեց Ռուբիկ Հակոբյանը: